HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրը երեխային ստիպում է զբաղվել մուրացկանությամբ ու խլում հավաքած գումարը

Գայանե Սարգսյան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյմբերի 5-ին 1 տարի պայմանական ազատազրկման դատապարտեց վանաձորցի Տատյանա Պիսարևային՝ անչափահաս որդուն մուրացկանությամբ զբաղվելուն դրդելու մեղադրանքով: Ազատազրկումը թեև պայմանական է, սակայն Լոռու մարզի կտրվածքով հանդիսանում է առաջին նախադեպը: Մինչ այժմ թեև մարզում էլի են հայտնաբերվել մուրացկանությամբ զբաղվող երեխաներ, սակայն մուրացկանությամբ զբաղվելուն դրդելու ու հավաքած գումարը բռնի ուժով խլելու մասով սա առաջին դեպքն է, որ հայտնվելէ  իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

Պիսարևների ընտանիքի մասին Վանաձորի խնամակալության հանձնաժողովի աշխատակիցները վաղուց գիտեն: 1994թ.-ին քաղաքապետարանում որպես անչափահասների գործերով մասնագետ աշխատանքի անցած Լեռնուհի Գևորգյանն այսօր էլ հիշում է. աշխատանքային առաջին իսկ օրերին ծանոթացել է երեխաների համար անբարենպաստ համարվող ընտանիքների գործերին, որոնցից մեկն էլ Պիսարևների ընտանիքն էր:

«Այն ժամանկ Տատյանան սովորում էր 4-րդ դասարանում, եղբայրն ավելի մեծ էր: Հայրը լքել էր ընտանիքը, մեկնել Ռուսաստանի Դաշնություն, երեխաների մայրն զբաղվում էր հարբեցողությամբ, իսկ երեխաները մուրացկանությամբ: Տատյանան արդ ժամանակ արդեն մոր ու փողոցի մեծահասակների ազդեցության տակ էր և շատ անկառավարելի վարքագիծ ուներ: Երբ նոր էինք ծանոթացել, նա խմում ու ծխում էր: Երեխաներին տեղավորեցինք քաղաքի խնամակալական հաստատություններում, քանի խնամակալական հաստատությունում տեղավորել ենք, բայց ոչ մեկին չէր ենթարկվում, ամեն տեղից փախչում էր ու մայրն էլի երեխային ուղարկում էր  մուրացկանության, հիմա Տատյանան լրիվ իր մորն է նմանվել»,- ասում է Լ. Գևորգյանը:

Վերջինիս խոսքով չնայած վերը նշվածին, Տատյանան ամուսնանում է մի երիտասարդի հետ, ում ընտանիքը սիրով է ընդունում աղջկան:

«Շատ օրինավոր մի ընտանիքի տղայի հետ էր ամուսնացել, մտածում էինք, որ կվերականգնվի, որովհետև այդ ընտանիքում իրեն լավ էին վերաբերվում, ինքն էլ որոշ ժամանակ նորմալ վարքագիծ ուներ»,- հիշում է մասնագետը:

Ամուսնությունից մի քանի տարի անց սակայն, Տատյանան կրկին սկսում է  զբաղվել հարբեցողությամբ, ինչի հետ կապված ստիպված է լինում նաև բուժման կուրս անցնել Լոռու մարզի հոգենյարդաբանական դիասպանսերում: Ընտանիքի համար այս բարդ շրջանում հանկարածամահ է լինում ամուսինն ու երեք մանկահասակ երեխաները մնում են Տատյանայի հույսին:

Քաղաքապետարանը դրսում հայտնված ընտանիքին հանրակացարանում սենյակ է հատկացնում, Տատյանան, սակայն, ոչ միայն չի շարունակում զբաղվել երեխաներով, այլև սկսում է իր վարքագծով բացասաբար ազդել:

«Արդեն երկու տարի է, հակասոցիական վարք է դրսևորում: Մենք տարբեր հասատություններից, տարբեր պետական կառույցներից ու նաև հարևաններից ահազանգեր ենք ստացել, որ նա երեխաների խնամքով ու դաստիարակությամբ չի զբաղվում, երեխաներին դրդում է մուրացկանության և երեխաներին կյանքին ու առողջությանը վտանգ է  սպառնում: Տարբեր տղամարդկանց հետ է շփվում և երբեմն նույնիսկ տանն էլ չի գիշերել»,- ասում է Լ. Գևորգյանն ու հավելում, որ խնամակալության գործերով հանձնաժողովը  ուսումնասիրություն է կատարել ու ելնելով երեխաների շահերից, նախնական եզրակացություն տվել Պիսարևային ծնողական իրավունքներց զրկելու հայցով դատարան դիմելու մասին:

Շաբաթը, սակայն, ինչպես ասում են ուրբաթից շուտ է եկել:Մինչ խնամակալական հանձնաժողովը կդիմեր դատարան, Տատյանայի նկատմամբ հարուցվում է քրեական գործ՝ երեխային մուրացկանության դրդելու փաստով: Խնամալակության հանձնաժողովը հաշվի առնելով այս հանգամանքը, որոշում է սպասել մինչ վճռի հրապարակումը:

Նախաքննության ընթացքում որդին որոշ ժամանակ ժխտել է մոր կողմից ստիպողաբար մուրացկանության ուղարկելու փաստը, ապա անկեղծացել.

«Եղավ պահ, որ նա ասեց, որ երբ մայրն իրեն ուղարկում էր մուրացկանության, իսկ ինքը չէր գնում,  մայրը իրեն տնից վռնդել էր ու ինքն ստիպված է եղել քնել պատահական, տարբեր տեղերում,- ասում է Լ. Գևորգյանը, ով քննչական մարմնի միջնորդությամբ է հանդես է եկել որպես երեխայի շահերի օրինական ներկայացուցիչ,- երեխաների ճակատագիրը, առողջությունը, դաստիարակությունը մոր տեսադաշտից դուրս է, միայն թե երեխաները որոշակի գումար հայթայթեն, որ ինքը կարողանա իր հաբեցողության հարցերը լուծի»:

 Տատյանայի 10-ամյա որդուն՝ Մհերին, քաղաքի տարբեր հատվածներում մուրականությամբ զբաղվելիս նկատել են ոչ միայն իրավապահ մարմինները, այլև Լոռու մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:

«Մհերին ես անձամբ եմ սրճարաններից մեկում տեսել, խոսել հետը:Հարցրի՝ Մհեր, եթե ես քեզ 1000 դրամ տամ, ի՞նչ ես անելու: Եվ երեխան չթաքցրեց,  ասաց՝ 500 դրամը մաման ա վերցնելու, որ գարեջուր առնի, 500-ն էլ իմն ա: Ռեկետ ա էլի, մաման,   ամեն կերպ շահագործելով երեխաներին փորձում է իր խնդիրները լուծել»:

Սա աշխատանքային թրաֆիքինգ է, թե՝ ոչ: Այս հարցին մասնագետները միանշանակ պատասխան չունեն

«Մուրացկանությունը աշխատանք չի, դա երեխայի նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության տեսակ է: Թրաֆիքինգն ավելի շատ դիտարկվում է աշխատանքային, եթե մուրացկանությունը դիտարկենք աշխատանքային…»,- ասում է Ն. Սարգսյանը, չբացառելով սակայն, որ եթե մուրացկանության միջոցով վաստակածը խլելու հանգամանքը դիտարկենք որպես աշխատածը խլելու տարբերակ, ապա այն կարող է նաև տեղավորվել աշխատանքային թրաֆիքինգի տակ:

Խնամակալության հանձնաժողովի կողմից դատարան դիմելուց հետո ի՞նչ որոշում կկայացվի, կզրկեն Տատյանային ծնողական իրավունքներից, թե կսահմանափակեն իրավունքները, պարզ չէ: Մի բան սակայն ակնհայտ է. ոլորտի պատասխանատուները միակարծիք են մի հարցում. նմանատիպ ընտանիքներով զբաղվելու համար այսօր օրախնդիր է համայնքներում վերականգնողական կենտրոնների ստեղծումը:

«Ես պատահական չասացի, որ Պիսարևների ընտանքիը 94 թ-ից հաշվառված է եղել: Նման ընտանիքների նկատմամբ համալիր մոտեցում է պետք, լուրջ քաղաքականություն մշակել է  պետք, այն առոմով, որ այստեղ միայն սոցիալական խնդիրը չէ: Ծնողներին պետք է ծնողավարություն, կենցաղավարություն, խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի մեթոդներ պետք է սովորեցվի: Վերականգնողական կենտրոնում նմանատիպ ընատնքիներին տարաբնույթ սոցիալական ծառայություններ կմատուցվեն և ընտանիքները ժամանակի ընթացքում կվերակագնվեն:

Այն, ինչ մենք անում ենք. երեխաներին տեղավորելը կամ ծնողների հետ որոշակի աշխատելը, դրանք ընդամենը կոսմետիկ միջոցներ են: Մի հանձնաժողովի ջանքերով բոլոր խնդիրները լուծում չեն ստանա: Ճիշտ է,  հկ-ներ ունենք, որ դժվարին իրադրության մեջ գտնվող երեխաների հարցերով են զբաղվում, բայց նրանք աշխատում են իերնց ծրագրերի շրջանակակներում: Կա երեխաների ու ընտանքիների շատ մեծ թիվ, որ դուրս է մնում»,- ասում է  Լ. Գևորգյանը:

Լոռու մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն էլ  վստահ է. «Եթե մարզում ունենայինք համայնքային ծառայություններ, որոնք ավելի խորը կկարողանային զբաղվել երեխաների դաստիարակությամբ, ամեն ինչ այլ կլիներ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter