Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ 19-ամյա աղջկան առևանգելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ 19-ամյա աղջկան առևանգելու համար։
Նոյեմբերի 14-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզում առևանգել են երիտասարդ աղջկա։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ, որի ընթացքում 19-ամյա աղջիկը գրավոր հաղորդում է ներկայացրել, որ իրեն առևանգելուց հետո իր նկատմամբ կիրառվել է նաև սեռական բնույթի բռնի գործողություն։
Նոյեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Պարզվել է, որ երիտասարդ աղջիկն առևանգվել է 2015 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում։
Նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի մի քանի բնակիչ Նորատուս-Գավառ ճանապարհին` կամրջի վրա, փակել են «ՎԱԶ 2106» մակնիշի տաքսի ավտոմեքենայի ճանապարհը, որի մեջ գտնվել է երիտասարդ աղջիկը, վարորդին իջեցրել են ավտոմեքենայից, ապա բռնության գործադրմամբ իջեցրել են նաև 19-ամյա աղջկան և նրան նստեցրել այլ ավտոմեքենա։ Բռնության գործադրմամբ աղջկան տեղափոխել են նշված մարզի համայնքներից մեկում գտնվող բնակարան։ Նույն օրը աղջկա նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ, կատարվել է սեռական բնույթի գործողություն՝ նրա առևանգումը մտահղացած անձի կողմից։
Քննությամբ պարզվել է աղջկա առևանգմանը մասնակցած անձանցից մի քանիսի ինքնությունը, թե ում բնակարանում է նա պահվել, որտեղ է տեղի ունեցել ենթադրյալ սեռական բնույթի բռնի գործողությունը և ում կողմից։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առևանգելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Նախաքննությունը շարունակվում է։
Քրեական գործի շահերից ելնելով՝ մանրամասն այլ տեղեկություններ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։
Մեկնաբանել