HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական խոցված ինքնաթիռն էլ նոյյան տապանի պես Արարատի գագաթին կփնտրեն, կամ ձրի սուրճ փնտրողն անսուրճ է մնում

Պատմությունն իսկապես կրկնվում է. բայց, տեր աստված, մի՞թե այսքան ճշգրիտ: Եթե մի ազգ ճակատագիր ունի, ինչպե՞ս կարող է պատմությունն այդ ազգի  այդչափ կրկնվել:

Մի՞թե հայի ճակատագիրն ու պատմությունը նույնն է արդեն:

Փոքր ազգի ճակատագիրը...սուրճի բաժակ նայել է. բայց մշտական հաճախորդին ո՞ր մի բաժակ նայողն է վատ բան (նախապես) ասում:

Իմ այս հոդվածում սուրճի բաժակ նայող եմ ցանկանում ներկայանալ ու …«իմ հաճախորդ» Հայաստանին ճշմարտությունն ասել:

Եվ այսպես՝

Հարգելի հայ, նախ՝ բաժակդ չի չորացել. շտապելը լավ բան չէ:

Հետո՝ սիրտդ շատ է փակ. լաց ու տառապանք եմ տեսնում: Դա նրանից չէ՞, որ այն, ամենքի առաջ, շատ ու շուտ ես բացում:

Տեսնում եմ նաև լեռներ. բայց հեռավոր ու մշուշոտ: Դա չափից շատ ապագայու՛մ ապրելու նշան է: ՆԵՐԿԱՅՈՒՄ պիտի ապրես, որ ապագա ունենաս: Իսկ «փրկությունդ» ժողովրդից ա՛զգ դառնալու մեջ է: Ճանապարհը մեկն է. պետությու՛ն: Այն կառուցում են ազատները. հայրենասիրությունը բավարար չէ: Նոր սահմանադրությունը, ցավոք, ազատների թիվը չի ավելացնելու:

Չափից շատ խաչ եմ տեսնում. դա արդեն հավատ չէ, այլ կրոնապաշտություն: Հավատը ներս է ուղղված, իսկ կրոնապաշտությունը՝ դուրս: Եկեղեցի՞ ես ցանկանում գնալ. գնա: Բայց հիշիր,որ հարևաններդ «խաչի բարեկամներ» չեն: Գուցե խաչդ այդքան ի ցույց չդնես. ու դրա փոխարեն (գոնե մասնակի)  հայ  աստվածների պատգամին վերադառնաս:

Երբ ազգությամբ պարթև (պարսիկ) Գրիգոր Լուսավորիչը «խաչի լույս» բերեց քեզ, այն ժամանակ իսլամ չկար: Այն ժամանակ խաչը քեզ գուցե և լուսավորեց: Բայց հետո հայտնվեց իսլամը, արագորեն տարածվեց. ու սկսվեց «քաղաքակրթությունների պատերազմը», որը դեռ շարունակվում է: Իսկ դու, սիրելի հայ, դու դեռ շարունակում ես նույն ձևով խաչ ու եկեղեցի կառուցել (անգամ 1915-ից հետո):

Արդյո՞ք գիտակցում ես դու, հարգելի հայ, որ հայտնվել ես «քաղաքակրթությունների պատերազմ» կոչվածի ուղիղ կենտրոնում... բայց ձեռքիդ ԴԵՌ նու՛յն հին խաչն է: Ախր հանուն ինչի՞:

Քաղաքակրթությունների (ու հումքի արտահանման) խաչմերուկ Սիրիայում խոցված ռուսական ինքնաթիռն էլ նույն այդ պատերազմից մի դրվագ է: Մերծավոր արևելքը կրկին վերաձևվում է. ու Սիրիայում Ռուսաստանի չափից շատ ուժեղացումը պլաններ է խառնում: Ուստի Ռուսաստանին նորից «սանձել» են փորձում. ու դա, ինչպես միշտ, անում են թուրքի ձեռքով. այլ թեկնածու չկա:

Ռուս-թուրքական բոլոր վեճերը Մասիսի ստորոտով են անցել. ու անցնում: Ուստի, հայ իմ, չզարմանաս, որ ռուսական այս խոցված ինքնաթիռն էլ, նոյյան տապանի պես, Արարատի գագաթին փնտրեն:

Հայը...պարզապես պիտի փոխի իր խաղը. նա այսուհետ բարեկամ պիտի ձևանա և՛ ռուսին, և՛ թուրքին: Այո, նաև թուրքին. դա անցյալն ուրանալ-մոռանալ չի նշանակում:

Հայաստանը, որպես պետությու՛ն, այսուհետ սկզբից (նախա)հաշիվ պիտի ներկայացնի ու վճարվի՝ սրա կամ նրա գործին լծվելուց առաջ: Սա կոչվում է դիվանագիտություն. և լրիվ նորմալ երևույթ է: Խրիմյան հայրիկներին լուրջ ընդունող չկա:

Հայը պիտի հասկանա, որ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո հայի հանդեպ (ռուսի) վերաբերմունքը նույնը չի կարող լինել:

Երբ տանդ հրդեհ է բռնկվում ու հարևանդ օգնում է քեզ, դու նրան գովում ու շնորհակալ ես լինում, բայց հրդեհը մարելուց հետո տունդ կամ տանդ մի մասը նրան չես նվիրում:

Նույն կերպ՝ ոչ մի ազգ ուրիշի համար հող չի ազատագրում, ինչքան էլ որ «պատմական արդարությունը» վերջինիս կողմը լինի կամ վերջինս «հին ու քրիստոնյա» ազգ լինի:

Ճշմարտությունը տանջում է, այո. բայց նաև ազատագրում է:

Իսկ ձրի սուրճ փնտրողն իրականում անսուրճ է մնում:

Անսուրճ գավաթին ի՞նչ բաժակ նայող:

Վարազ Սյունի

Ամստերդամ

02.12.2015

Մեկնաբանություններ (13)

Аrmen Sarenc
Հարգելի Վարազ Սյունի,եթե հայ ազգը միաբան լիներ ,այսօր մեր 4 ծովերը մերը կլինեին,սակայն մենք եթե 5 հոգի ենք,ուրեմն 5 զորավար ենք,5 պատմագետ ենք և այսպես շարունակ:Սրան պետք է վերջ տալ ու վերադառնալ մեր արմատներին,վերացնելով մեր ազգի միջից ջհուդականությունը......
Վարազ Սյունի ( Ամստերդամ)
Հարգելի Karen(2) - Իմ հոդվածում ես գրել եմ՝ «Գուցե խաչդ այդքան ի ցույց չդնես. ու դրա փոխարեն (գոնե մասնակի) հայ աստվածների ՊԱՏԳԱՄԻՆ վերադառնաս»: Նախ՝ ես չեմ առաջարկում «խաչիցդ հրաժարվել» կամ «իսլամ ընդունել»: Ոչ էլ առաջարկում եմ (1-ին դարի պես) եզը մորթել ու քրմերի ներկայությամբ արյան մեջ լողանալ:«Պատգամ» բառն այստեղ առանցքային է: Այսինքն՝ որպես ԱԶԳԱՅԻՆ կրոն-գաղափարախոսություն՝ լինել ՎԱՀԱԳՆ/ ԱՆԱՀԻՏ աստվածների պես քաջ/գթառատ ու հայակենտրո՛ն: Ու ներկայու՛մ, քո հայրենիքու՛մ ու քո՛ միջոցով ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ հասնել՝ «երկնային -հետմահու արդարության» փոխարեն: Իսկ ԱՆՀԱՏԱԿԱՆ մակարդակով թող յուրաքանչյուր հայ խաչից (կամ այլ կրոնական հավատք-առարկայից) էլ ներքնապես խաղաղ ու հուսառատ դառնա, եթե ցանկանում է ու դա իրե՛ն օգնում է: Ինչու ոչ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ վերաբերում է Վասակ Սյունուն. նա հայ ժողովրդի ամենախորաթափանց պետական գործիչն էր (համենայն դեպս ինձ համար). ու ամենաչհասկացվածը/ սևացվածը: Նա ուժեղ պետությա՛ն կողմնակից էր՝ ի տարբերություն օտարազգի Վարդան Մամիկոնյանի, որը հայ առաքելական եկեղեցու (այսինքն՝ կրո՛նի) անունից/համար էր կռվում: Վարդան Մամիկոնյանը սարսափելի պարտություն կրեց ռազմադաշտում՝ կորցնելով բոլոր գեներալներին. սա զուտ ռազմակա՛ն տեսանկյունից: 5-րդ դարում ուժեղ պայքար էր գնում հայ եկեղեցու ու հայոց պետականության ղեկավարի միջև, որը, ցավոք, ավարտվեց եկեղեցու՛ դիրքերի ուժեղացմամբ, որն էլ հետագայում պատճառ դարձավ, որ հայը կորցնի իր պետականությունը: Այսինքն՝ ժողովրդի լեզվով ասած՝ եկեղեցին «քցեց» Վասակ Սյունուն, ինչպես պետականակենտրո՛ն Պապ թագավորի գլուխը կերան: Պիտի չմոռանալ,որ նաև այդ ժամանակ համարյա բոլոր հայ պատմիչները եկեղեցուց էին կախված (ապրելու տեղ,սնունդ, աշխատավարձ) և առանց եկեղեցու համաձայնության ոչինչ չէին կարող գրել/հասարակությանը ներկայացնել:
Ժորա Հովսեփյան
Գուցե բոլոր պարագաներում ոչ, բայց Վասակի հետ կապված` միանշանակ համամիտ եմ հարգելի Վարազ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վասակ Սյունու մասին. իսկ մնացած հայ ղեկավարներն ու գործիչները չե՞ն կանգնել օտար բանակների կողքին (նաև ընդդեմ հայերի): Կրոնամոլեռանդները փորձում էին գրավել իշխանությունը և Վասակ Սյունին փորձում էր պաշտպանել այն: Դա նույնը կլիներ, որ այսօր Էջմիածնի կաթողիկոսարանը զորք հաներ ու փորձեր գրավել Բաղրամյան 26-ը: Ռուսներին չէի՞ն կանչի այս դեպքում: Կամ մոռացա՞ք,որ դաշնակցականները ֆինանսավորել են Երիտթուրքերին՝ իշխանության գալու համար: Իսկ այսօր «այո» են քարոզում՝ իբր պետությունն ուժեղացնելու համար: Կամ իբր «չգիտեք»,որ Պոլսո պատրիարքարանը ամեն տարի զգալի գումարներ էր տալիս՝ Աթաթուրքին նվիրված միջոցառումների համար:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մեղքը նրանք էին,որ այդպիսի՛ մահով (ու խաբված) մահացան Դեր-Զորում: Ես այդպիսի «աստծուց» կամ «աստծո որդուց» ոչի՛նչ չեմ ցանկանում: Սրան ու նրան «խելք» (կամ այլ բան) տալու փոխարեն թող այդ «աստծո որդին» 1915-ին գնար ու փրկեր ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ազգին: Ով խաչի փոխարեն Վահագնի ՍՈՒՐԸ վերցրեց, նա փրկվեց. կամ գոնե այդպե՛ս չմահացավ:
karen
Բալիկ ջան, իմ օրերը դու չես որոշում: Մեղք ես, շատ մեղք: Աստված խելք տա:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե աստված,որպես այդպիսին, լիներ, 1915 չէր լինի: Եվ՝ ընդհանրապես՝ աստծո «որդի» չի կարող լինել: Քեզ մի քիչ համեստ պահիր, 2 օրվա կյանք ունեցող մարդ արարած: ՀԳ. «Պատմական աղբյուրը» հա՛յն ու հայի ոգի՛ն է, որը, տեսնում եմ, չես հասկանում կամ չես ուզում հասկանալ:
Karen
Հարգելի Վարազ, որեւէ լուրջ բան չեք գրում: Այ, ՛՛ՎԱՀԱԳՆ աստվածն ասում է՝ ապավինիր ձեռքիդ սուրին, իսկ ԱՆԱՀԻՏ աստվածուհին ասում է՝ եղիր հանդուրժող ազգակցիդ նկատմամբ (անգամ քեզնից տարբեր)՛՛... Միայն խնդրեմ նշեք, ո՞ր պատմական աղբյուրից իմացաք Վահագնի ու Անահիտի խոսքերի մասին: Եթե մեր պատմագիրներից բացի ինչ-որ նորելուկ ու տնաբույս անձանց եք նշելու, ուրեմն չարաչար խաբված եք ու արժանի այն իրականությանն ու պատրանքներին, որ ինքներդ ստեղծում եք շուրջներդ: Իսկ Աստուծո Որդին հայ ու հրեա չի լինում, Աստված մի է, խելքի եկեք:
Վարազ Սյունի ( Ամստերդամ)
Որոշ մարդիկ ցանկանում են հայ աստվածներին ներկայացնել որպես «հնդիրանական». ու հաճախ խոսում են (անունների) ծագումնաբանության մասին: Կարծես Քրիստոսը հա՞յ էր: Կամ՝ «Վաչե» անունով հայը «հայ չէ՞». որովհետև «Վաչե» անունը պարսկական ծագումնաբանություն ունի (կոչվում է «ձագ»): Հայկական անունների կեսից ավելին հայկական ծագումնաբանություն չունի: Հայ աստվածները բացառապես հայկակա՛ն են, որովհետև ԱՐՏԱՑՈԼՈՒՄ են ՀԱՅԻ ՈԳԻՆ՝ ի տարբերություն քրիստոնեության (կամ այլ կրոնի): ՎԱՀԱԳՆ աստվածն ասում է՝ ապավինիր ձեռքիդ սուրին, իսկ ԱՆԱՀԻՏ աստվածուհին ասում է՝ եղիր հանդուրժող ազգակցիդ նկատմամբ (անգամ քեզնից տարբեր):
Karen
Այ, հիմա արդեն ամեն ինչ պարզ է, հարգելի Վարազ Սյունի: Պատմությունը դիլետանտների համար ՛՛պարապ վախտի խաղալիք՛՛ չէ: Ձեզ պահեք Ձեր սեփական մտավարժանքներն ու լրիվ անհիմն եզրակացությունները: Ախր, էս ինչ ծագումնաբական դեգերումների մեջ եք՝ ՛՛օտարազգի Վարդան Մամիկոնյան՛՛: Հրեաներին անպայման հիշեցրեք Բագրատունիների ծագման մասին, չմոռանաք Արշակունիներին, Արծրունիներին, Գնունիներին, Դեմետրին ու Գիսանեին, ուտիներին՝ Կուկունյանին ու Սիլիկյանին, զոկերին... Ձեր աստվածներն էլ մեծամասամբ հնդիրանական են: Միայն թե զգույշ եղեք, որ Ավարայրի դաշտում Ձեր պաշտած քաղաքական գործչի հետ նոր պարսիկների կողքին չլինեք ու դուրս չգաք Հայկական բանակի դեմ: Էս անգամ հայոց հաղթանակը միայն բարոյական չի լինելու!!! Հայ եկեղեցին՝ իր տեղում, իր սխալների հետ: Կանգ առեք, հանիրավի մի ընդհանրացրեք Ձեր ներհայեցողական եզրակացությունները ու գերի մի դարձեք շինծու իրականության:
Karen
Հարգելի Վարազ Սյունի, գյուտեր չեք արել, միայն թե ՛՛հայ աստվածներդ՛՛ անհասկանալի են, Սբ. Գրիգոր Լուսավորչին քարկոծելն՝ անտեղի: Երեւի, Ավարայրում Ձեր բարեկամ Վասակ Սյունիի հե՞տ էիք... Դիմեք պարսիկներին, միգուցե օգնեն վերականգնել Ահուրամազդայի և Անահիտայի պաշտամունքը, և ապագա ազատագրված Աշտիշատում քրմուհիների հետ հայտնի արարողություններին մասնակցելու հույս կունենաք:
Մար.կ.
Շատ ճիշտ. «Հայաստանը, որպես պետությու՛ն, այսուհետ սկզբից (նախա)հաշիվ պիտի ներկայացնի ու վճարվի՝ սրա կամ նրա գործին լծվելուց առաջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter