
«Ինքդ քեզ հակասում ես, դատավոր»
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, մերժեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի հայցն ընդդեմ ՎՊՄԻ-ի` աշխատանքից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդ վճարելու պահանջների մասին:
Լ. Աշուղյանի եւ ՎՊՄԻ-ի միջեւ 2004 թ. կնքվել է աշխատանքային պայմանագիր 1 տարի ժամկետով: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2005-ին կնքվել է նոր պայմանագիր, այս անգամ՝ 4 տարի ժամկետով, որն այնուհետեւ երկու անգամ համաձայնագրերով երկարաձգվել է մինչեւ 2010 թվականը:
Լ. Աշուղյանը ծանուցում է ստացել, որ բուհն իր հետ լուծելու է աշխատանքային պայմանագիրը: Սակայն նրա հետ երրորդ համաձայնագիրն է կնքվել, որով 2005-ի պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2011 թվականը: Այնուհետեւ Լ. Աշուղյանը նորից է ծանուցվել աշխատանքից ազատվելու մասին: Նրան ազատման հրաման է տրվել, եւ լուծվել է նրա հետ 2005-ին կնքված պայմանագիրը` ժամկետը լրանալու պատճառով:
Նախկին դասախոսն այդ ազատման հրամանն է վիճարկում դատական կարգով: Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիպոսյանը, ով անձամբ էր Լ.Աշուղյանին խորհուրդ տվել աշխատանքային իրավունքը վերականգնելու համար դիմել դատարան, զարմացած է վճռից: «Ես հույս ունեի, որ դատարանը մանրազնին կերպով կուսումնասիրի եւ օբյեկտիվ վճիռ կկայացնի»,- «Հետքի» հետ զրույցի ընթացքում ասաց Մ. Փիլիպոսյանը:
Վերջինիս խոսքով` Լ. Աշուղյանի նկատմամբ թույլ են տրվել օրենսդրական եւ կանոնադրական մի շարք խախտումներ: Նախ՝ խախտվել է աշխատանքային պայմանագրով աշխատանքի ընդունման կարգը. մրցույթով ընտրված դասախոսի հետ պայմանագիր է կնքվել 1 տարով, որից հետո նոր պայմանագիր է կնքվել 4 տարով: Այնինչ, ըստ Մ. Փիլիպոսյանի, նրա հետ պետք է պայմանագիր կնքվեր 5 տարի ժամկետով:
Ըստ Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի` ընտրությամբ աշխատանքի անցած աշխատողների հետ կնքվում են ընտրված ժամանակահատվածով պայմանագրեր, իսկ ընտրովի պաշտոնները, ինչպես Մ. Փիլիպոսյանն է նկատում, հիմնականում 5 տարի ժամկետով են: Այս դեպքում վկայակոչում է նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը, ըստ որի` բարձրագույն ուսումնական հաստատությունում եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է 5 տարի ժամկետով:
Մատնանշելով հաջորդ խախտումը` Մ. Փիլիպոսյանը նկատում է, որ մինչեւ 2011 թվականը Լ. Աշուղյանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին համաձայնագրեր են կնքվել, վերջին համաձայնագիրն էլ կնքվել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ին այն դեպքում, երբ օգոստոսի 7-ից Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները գործողության մեջ էին դրվել, իսկ փոփոխված օրենսգրքով 111-րդ հոդվածից հանված էր աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին դրույթը:
Պայմանագրի երկարաձգումները նույնպես խախտումով են արվել. Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածով` պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն 10 օր առաջ կողմերի միջեւ պետք է համաձայնություն ձեռք բերվեր այն երկարաձգելու մասին: Լ. Աշուղյանի դեպքում 10-օրյա ժամկետը չի պահպանվել, պարզապես պայմանագիրը երկարաձգվել է:
Պատասխանող կողմը, ի դեմս ՎՊՄԻ-ի, Լ. Աշուղյանի հետ 2005-ին կնքված պայմանագիրը համաձայնագրերով մինչեւ 2011 թվականը երկարաձգելու փաստը հիմնավորում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով, ըստ որի` «Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել նոր աշխատանքային պայմանագիր մինչեւ 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության, պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա»:
Ի պատասխան` Մ. Փիլիպոսյանը նշում է, որ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Լ. Աշուղյանի հետ նոր պայմանագիր չի կնքվել, այլ շարունակվել է նույն պայմանագիրը: Ըստ նրա` 4 տարով պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Լ. Աշուղյանի հետ պայմանագիրը պետք է լուծվեր, նրա զբաղեցրած պաշտոնը հայտարարվեր թափուր, իսկ մինչ այդ անցկացվեր նոր մրցույթ: «Մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը պետք է մրցույթ հայտարարվեր: Կանոնադրությամբ այդ ժամանակն էլ է նախատեսված: Այդ ժամկետներն են խախտվել»,- ասում է Մ. Փիլիպոսյանը: (Հայոց լեզվի ամբիոնի դասախոսի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվել 2011 թ. մայիսի 25-ին, Լ. Աշուղյանը ազատման մասին ծանուցում ստացել է հունիսի 21-ին: Իսկ ըստ ՎՊՄԻ-ի ներբուհական կանոնակարգի` թափուր տեղերի վերաբերյալ հայտարարությունը ինստիտուտի ռեկտորատի կողմից տրվում է պաշտոնավարման ավարտից առնվազն 4 ամիս առաջ):
Մ. Փիլիպոսյանը նկատում է, որ քանի որ Լ. Աշուղյանի պայմանագիրը 5 տարուց պակաս ժամկետով է եղել, ուստի այն չի կարող դիտվել որպես ընտրովի պաշտոնում ընտրված ժամանակահատվածով պայմանագիր: Կարող է ներկայացվել որպես որոշակի ժամկետով կնքված պայմանագիր, որի վերաբերյալ Աշխատանքային օրենսգրքով սահմանված է, որ գործողության ժամկետը լրանալուց հետո կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել: Սակայն, ըստ նույն` 95-րդ հոդվածի` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի գործողության ընդհանուր գումարային ժամկետը չի կարող գերազանցել 5 տարին, եթե որոշակի ժամկետով կնքված պայմանագրերի ընդհատումը չի գերազանցում 1 ամիսը:
«Պիտի ազատում լիներ, մեկ ամիս էլ ընդհատում, հետո նորից պայմանագիր կնքվեր: Օրենքը դա ընդունում է, որ պայմանագիրը շարունակական չհամարվի: Իսկ Լ. Աշուղյանի դեպքում ընդհատում տեղի չի ունեցել, իրար հետեւից կնքվել են պայմանագրերը»,- ասում է Մ. Փիլիպոսյանը եւ ավելացնում, որ այդ դեպքում արդեն աշխատողի աշխատանքը համարվում է չընդհատվող:
Միաժամանակ վկայակոչում է 111-րդ հոդվածը, ըստ որի` եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում, եւ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, պայմանագիրը համարվում է անորոշ ժամկետով կնքված: Ապա Մ. Փիլիպոսյանը ձեւակերպում է նախկին դասախոսի բողոքը, որ աշխատանքից ազատվել է պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ այն դեպքում, երբ իր պայմանագիրը առաջին իսկ կնքված համաձայնագրով դարձել է անորոշ ժամկետով կնքված, ինքն էլ` հիմնական աշխատող:
«Խախտում է, որ Լ. Աշուղյանի հետ կնքվել են ժամկետային համաձայնագրեր այն դեպքում, երբ նա անորոշ ժամկետով հիմնական աշխատող էր դարձել: Հետեւաբար նրա հետ պայմանագիրը կարող է լուծվել ընդհանուր հիմունքներով` օրենքով նախատեսված այլ դեպքերում, ոչ թե պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակացությամբ: Չեմ հասկանում` ո՞նց է, որ դատարանը այս բոլոր հարցերի վրա ուշադրություն չի դարձրել, բոլորն անտեսել է»,- զարմանում է Մ. Փիլիպոսյանը:
Ապա անդրադառնում է վճռին. «Դատավորն ինքն էլ է վկայակոչել, որ Լ. Աշուղյանի հետ նոր պայմանագիր չեն կնքել, համաձայնագրերը կազմել են պայմանագրի անբաժանելի մասը: Մի տեղ գրած է` անբաժանելի մասն են, մի տեղ` նոր պայմանագիր: Մեկը մյուսին հակասում է իր ասածը: Դատավորն է գրում` դարձել է անորոշ, ապա` ազատել են ժամկետը լրանալու հիմքով: Ինչպե՞ս հասկանանք: Սա հայերեն չեղավ արդեն: Ես հիմնական աշխատող եմ դարձել, դու գրել ես, դատավոր, բայց ինձ ազատել են ժամկետը լրանալու կապակցությամբ: Ժամկետ չկա հիմնական աշխատողին, անորոշ ժամկետի դեպքում ժամկետ չկա: Ինքդ քեզ հակասում ես, դատավոր»:
Մեկնաբանել