Գարիկ Քեռյան. «Ռուսաստան-Թուրքիա լարվածության համատեքստում Հայաստանը պետք է պահպանի առավելագույն չեզոքություն ու զսպվածություն»
Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը, տարածաշրջանային զարգացումներն ու դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա: Թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
-Ռուս-թուրքական հարաբերությունների սրացման համատեքստում խոսվում է այն մասին, որ Հայաստանը հնարավոր է ներքաշվի այս գործընթացում: Հաշվի առնելով վերջին զարգացումները, և երկկողմ հնչած հայտարարությունները, դուք նման միտում տեսնո՞ւմ եք:
-Դեռևս նման միտում չի երևում, որովհետև Ռուսաստան-Թուրքիա հակամարտության գլխավոր առարկան սիրիական ճգնաժամն է, ռուսական ինքնաթիռի խոցման հետ կապված գործընթացնները, ինչպես նաև Ռուսաստանի գործողությունները Իսլամական պետության դեմ: Այս համատեսքստում առաջնային է նաև քրդական խնդիրը: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ Թուրքիա- Ռուսաստան-Արևմուտք եռանկյունու միջև քննարկվող հիմնական թեմաները սրանք են:
Այն, որ Ռուսաստանը խստացրել է իր դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, և տեղեկատվություն եղավ, թե Ռուսաստանը կարող է չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանգիրը, որն անմիջականորեն առնչվում է սահմանային խնդիրների հետ, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի հարցը կարող է քննարկվել: Եթե Հայաստանի հարցը շոշափվի, ապա դա կարող է լինել այն համատեքստում, թե որքանով Ադրբեջանն իր արտաքին քաղաքական կողմնորոշման վերկտորը կփոխի դեպի Ռուսաստան կամ Թուրքիա: Հետևաբար պարզ կլինի, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Հայաստանը կարող է դառնալ գործոն, քննարկման առարկա միայն ղարաբաղյան հարցի հետ կապված գործընթացներում:
-Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս անակնկալ այցելեց Ադրբեջան: Եղան տեսակետներ այն մասին, որ Չավուշօղլուի այցով, Թուրքիան Ռուսաստանի դեմ «ղարաբաղյան ճակատ» է բացում: Այս փուլում Ադրբեջանը կգնա՞ նման քայլի:
-Պաշտոնական հայտարարություն ադրբեջանական և թուրքական կողմից, ինչպես նաև բանակցությունների բուն նյութի հրապարակում չի եղել: Այն, որ Ղարաբաղում Թուրքիան ուզում է նոր ճակատ բացել Ռուսաստանի համար, սա վերլուծական, լրագրողական շրջանակից եկող կարծիք է: Բայց դժվար չէ ենթադրել, որ Ռուսաստանին թուլացնելու մարտավարական գործիքներից մեկը կարող է լինել նրա շուրջ եղած, սառեցված, դեռևս չհանգած հակամարտության բորբոքումը: Դրա նպատակը կարող է լինել Ռուսաստանի ուշադրությունը շեղելը: Հետևաբար բացառված չէ, որ Ռուսաստանի ուշադրությունը շեղելու համար նոր հակամարտություններ բորբոքելու փորձ արվի:
-Բայց մյուս կողմից էլ այսօր Ադրբեջանը, մեղմ ասած, նախանձելի վիճակում չէ գտնվում:
-Այո, Ադրբեջանը հայտնվել է շատ ծանր վիճակում ադրբեջանական դիվանագիտության համար, կարծես, ելքեր չկան: Ինչու, որովհետև վերջին մեկ տարվա ընթացքում Արևմուտքը շատ հաստատակամ վանեց Ադրբեջանին: Ադրբեջանը հեռացվեց, մեկուսացվեց եվրոպական կառույցների կողմից: Ադրբեջանն իր տարածքում արգելեց եվրոպական կառույցի գործունեությունը, ի վերջո չստորագրեց Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիրը և հիմա սուր քննադատության է արժանացել Արևմուտքի կողմից որպես հակաժողովրդավար երկիր:
Սա մեկ, երկրորդը՝ այս ընդհանուր գործընթացում Ադրբեջանն իր արտաքին քաղաքական վեկտորը փոխեց դեպի հյուսիս և սկսեց համագործակցել Ռուսաստանի հետ: Հիմա էլ ռուս-թուրքական հարաբերությունների սրացման համատեքստում Ադրբեջանը հայտնվել է երկու քարի արանքում: Եթե ընտրի Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու տարբերակը, ապա դա կնշանակի խորացնել թշնամությունը Թուրքիայի հետ և ղարաբաղյան կարագավորման գործընթացում զրկվել Թուրքիայի հետ ընդհանուր դիվանագիտական ճակատ ունենալու հնարավորությունից:
Եթե այսօր փորձի ընդհատել Ռուսաստանի հետ մերձեցման գործընթացը և թեքվի դեպի Թուրքիա, ապա այս պարագայում բացառված չէ, որ Ռուսաստանը շրջադարձ կատարի Ադրբեջանի հետ համագործակցության հարթությունից դեպի Ադրբեջանին պատժելու հարթություն: Մանավանդ, որ այդ գործում կարող է լինել ըմբռնում Իրանի կողմից և ղարաբաղյան խաղաքարտը օգտագործվի Ադրբեջանին պատժելու համար: Այս իրավիճակում ադրբեջանական դիվանագիտությունը կանգնած է երկընտրանքի առաջ:
-Այսինքն՝ այս ոչ նախանձելի իրավիճակում կարող ենք ասել, որ Ադրբեջանը դժվար թե լուրջ գործողությունների դիմի: Եվ Արցախի ՊԲ-ի կողմից վերջին օրերին տարածված հաղորդագրությունը ցույց է տալիս, որ հրաադարի ռեժիմի խախտման դեպքերը, կարծես, նվազել են:
-Սահմանային լարվածությունը պահպանելու գործը, կարծում եմ, կշարունակվի, որովհետև եթե Ադրբեջանը դադարեցնի սահմանային լարվածությունը, ապա դա կարող է հակամարտության կարծրացման, լեգիտիմացման գործընթաց նշանակել: Դրա համար Ադրբեջանի կողմից սահմանային միջադեպերը կշարունակվեն՝ ցույց տալու համար, որ չի ճանաչում ստատուս քվոն: Մանավանդ որ զենքը կա, ֆինանսական միոցները կան, հետևաբար կրակը թեժ կպահեն անկախ ամեն ինչից:
-Պարոն Քեռյան, այս գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ինչպիսին պետք լինի, հնարավորինս չեզոքություն պահե՞լը, թե այլ քայլերի դիմելը:
-Հայաստանի դիվանագիտույան վիճակն էլ բավական բարդ է: Ես նույնիսկ զարմանում եմ, որ լրատվական միջոցներում առկա է հրճվանք ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետ կապված: Փոխարենը պետք է մտածել, որ սա շատ վտանգավոր ու բախտորոշ իրավիճակ է: Հայաստանի իրավիճակի բարդությունն է այն, որ նախ այս զարգացումների ժամանակ պետք է անել ամեն ինչ ռուսական ռազմավարական գործընկերության վրա ստվեր չգցելու համար: Հուսալի դաշնակցի իմիջը չդնել կասկածի տակ: Հաջորդը՝ պահպանելով հուսալի դաշնակցի իմիջը, չխզել կապերը Արմուտքի հետ, որը բավական բարդ է, քանի որ մեր ռազմակավարական դաշնակցի հարաբերությունները Արևուտքի հետ քանի գնում սրվում են: Մեզ համար մի բան պետք է պարզ լինի, որ ԱՄՆ-ը գերտերություն է և իր շահերն ունի ու մենք դեռ չգիտենք, թե այդ սրացումից Ռուսաստանն ինչպես դուրս կգա:
-Բացի այդ էլ անել ամեն ինչ, որ Հայաստանը գործիք չդառնա Ռուսաստանի ձեռքին:
-Այո, իհարկե, գործիք չդառնա: Եվ երրորդը, եթե խնդիրը գալիս է ռուս-թուրքական ընդհարումից, ապա պահպանել առավելագույն չեզոքություն ու զսպվածություն: Այստեղ կուրորեն նետվել այդ ընդհարման մեջ, ճիշտ չէ: Պատմությունը ցույց է տվել, որ դա մեզ համար ավարտվել է կոտորածով և տարածքների կորստով: Այնպես որ, ամենաճիշտը առավելագույն զսպվածություն ցուցաբերելն է, ինչպես նաև ատիվ աշխատելը և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ: Դա նշանակում է մի ձեռքով մի քանի ձմերուկ բռնել, բայց մենք այլընտրանք չունենք:
Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել