
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը` Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ.
«Այս տարի Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը նշում ենք կայուն զարգացման՝ մինչև 2030 թ. իրականացվելիք հավակնոտ օրակարգի ընդունումից անմիջապես հետո: Գործողությունների այս համաշխարհային ծրագիրը մեզ կոչ է անում «ոչ ոքի հետ չթողնել»:
Բոլորի համար կայուն, ներառական աշխարհի կառուցումը պահանջում է ցանկացած կարողության տեր անձանց լիարժեք ներգրավվածություն: «Կայուն զարգացման օրակարգ - 2030» փաստաթուղթը հաշմանդամություն ունեցող անձանց հուզող բազմաթիվ հարցեր է ընդգրկում, և մենք պետք է միասին ջանանք այս հանձնառությունները վերածել գործողությունների:
Այս տարի ավելի վաղ Աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ ՄԱԿ-ի համաշխարհային խորհրդաժողովը ճանաչեց այն առանցքային դերը, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են խաղալ աղետներին պատրաստվածության ու արձագանքման առավել համընդհանուր մոտեցման խթանման հարցում: Հաջորդ տարի ՄԱԿ-ի բնակարանային ապահովության և քաղաքային կայուն զարգացման երրորդ խորհրդաժողովը (HABITAT III) կքննարկի քաղաքային զարգացման նոր օրակարգը՝ մեր քաղաքները դարձնելու ավելի ներառական, հասանելի ու կայուն: Այս գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց տեսակետները վճռորոշ նշանակություն կունենան:
Առաջ նայելով՝ մենք պետք է ամրապնդենք զարգացման քաղաքականություններն ու գործելակարգերը՝ ապահովելու, որ հասանելիությունը ներառական և կայուն զարգացման մասը լինի: Այս նպատակով անհրաժեշտ է ավելի լավ իմանալ այն մարտահրավերները, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք (ներառյալ առավել հստակ և ապախոշորացված տվյալների միջոցով), ու ապահովել, որ նրանք կարողանան ստեղծել հնարավորություններ և օգտվել հնարավորություններից:
Հաշմանդամություն ունեցող անձանց հետ միասին մենք կարող ենք առաջ մղել աշխարհը՝ հետ չթողնելով ոչ ոքի»:
Մեկնաբանել