Կան իրատեսական այլընտրանքներ
Ջին Շարփ
Խելացի ռազմավարությունների ձևակերպումը
Խելացի ռազմավարություն ընտրելու կամ ձևակերպելու գործընթացը պահանջում է հետևյալը.
• այն համատեքստի ճշգրիտ և ամբողջական ընկալում, որտեղ մղվում է պայքարը,
• ներկայիս և ապագայում հաստատվելիք իրավիճակների բնույթների միջև տարբերության պարզում,
• նպատակներին հասնելուն խոչընդոտող և օգնող գործոնների գնահատում,
• հակառակորդի, ինչպես նաև սեփական խմբի և խոչընդոտ կամ աջակից համարվող երրորդ կողմերի ուժեղ և թույլ կողմերի գնահատում,
• պայքարի մի քանի պոտենցիալ ուղիների արժանիքների և սահմանափակումների գնահատում,
• առկա տարբերակներից կենսունակի ընտրություն կամ բոլորովին նոր ռազմավարության մշակում,
• գործողությունների պլանի մշակում, որը կսահմանի, թե հիմնական նպատակին հասնելու համար ինչ փոքր (մարտավարական) պլաններ և գործողություններ պետք է ձեռնարկվեն (այսինքն՝ ինչ կոնկրետ, տեղայնացված կամ կարճաժամկետ քայլեր պետք է ձեռնարկվեն մեծ ռազմավարական պլանն իրագործելու համար)։
Պլանավորման և գործողության մակարդակները
Ռազմավարական պլան մշակելիս պետք է հասկանալ, որ կան պլանավորման և գործողության տարբեր մակարդակներ։ Ամենաբարձր մակարդակում հիմնական ռազմավարությունն է, այնուհետև հենց ինքը՝ ռազմավարությունը, որից հետո մարտավարությունն է և մեթոդները։
Հիմնական ռազմավարությունը (grand strategy) այն ընդհանուր գաղափարն է, որը ծառայում է ազգին կամ այլ խմբին հասանելի և նպատակահարմար բոլոր ռեսուրսները (տնտեսական, մարդկային, բարոյական, քաղաքական, կազմակերպչական և այլն) համակարգելուն և ուղղորդելուն, որպեսզի իրագործվեն նրանց նպատակները։
Հիմնական ռազմավարության մեջ պետք է հաշվի առնվի պայքարի ճշմարտացիությունը, իրավիճակի վրա ազդող այլ գործոնների գնահատումը, և պայքարի ձևի ընտրությունը (ասենք՝ ոչ-բռնի պայքար, ավանդական քաղաքականու-թյուն, պարտիզանական պատերազմ կամ սովորական պատերազմ), թե ինչպես պետք է հասնել նպատակներին և ինչ երկարատև հետևանքներ կունենա պայքարը։
Հիմնական ռազմավարությունը սահմանում է պայքարը մղելու ավելի նեղ ռազմավարությունների ընտրության շրջանակը։ Պլանավորման այս մակարդակը նույնպես ենթադրում է ընդհանուր առաջադրանքների հանձնարարում որոշակի խմբերի և նրանց անհրաժեշտ ռեսուրսների բաշխում պայքարում։ Ավելին, այն ենթադրում է հաշվի առնել, թե ինչպես պայքարն ինքը կառնչվի նպատակներին հասնելուն։
Ռազմավարությունը սահմանում է, թե (բռնի կամ ոչ-բռնի) հակամարտության նպատակներին հասնելու լավագույն եղանակը որն է։ Ռազմավարության խնդիրն է սահմանել՝ երբ կամ ինչպես կռվել, կամ կռվե՞լ արդյոք, թե՞ ոչ, ինչպես գրանցել առավելագույն արդյունավետություն որոշակի նպատակների հասնելու համար։ Ռազմավարությունը նպատակին հասնելու առկա միջոցների պրակտիկ բաշխման, հարմարեցման և կիրառման պլանն է։
Ռազմավարության մեջ կարող են նաև ներառվել այնպիսի գործողություններ, որոնք ստեղծում են առավելություն արձանագրող ռազմավարական իրավիճակներ և որոնք ինքնին կարող են հաջողության բերել՝ առանց բաց պայքարի։ Պայքարի նկատմամբ կիրառվելու դեպքում ռազմավարությունն այն տարրական գաղափարն է, թե ինչպես պետք է զարգանա պայքարը, ինչպես դրա առանձին բաղադրիչները պետք է առավելագույն կերպով հանգեցնեն համընդհանուր նպատակներին։
Ռազմավարությունը ենթադրում է որոշակի գործողությունների հավանական արդյունքների քննում, գործողությունների լայն պլանի մշակում, հակամարտության խմբերին փոքր գործողություններ հանձնարարելու պլանի մշակում, ընտրված մեթոդի հաջողության համար պահանջվող գործոնների ուսումնասիրում և հաջողությունից առավելագույն օգուտ քաղելու պլանի մշակում։
Ռազմավարությունը գործում է մեծ ռազմավարության շրջանակներում։ Ռազմավարությունն իրագործելու համար կիրառվում են մարտավարություններ և գործողության մեթոդներ։ Առավելագույն արդյունավետության նպատակով մարտավարությունը և մեթոդները պետք է ընտրվեն և կիրառվեն այնպես, որ իրապես նպաստեն ռազմավարության իրագործմանը և հաջողության հասնելուն։
Ոչ-բռնի պայքարի ռազմավարությունը ձևակերպելիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները. սեփական նպատակները, ռեսուրսները և ուժը, հակառակորդի նպատակները, ռեսուրսները և ներուժը, երրորդ կողմերի առկա և հավանական դերակատարումը, հակառակորդի գործողությունների տարբեր հավանական ուղիներն ու միջոցները, սեփական գործողությունների տարբեր հավանական ուղիներն ու միջոցները (ինչպես պրոակտիվ, այնպես էլ՝ ռեակտիվ), պայքարի այս եղանակի հաջողության պահանջները, պայքարի դինամիկան ու փոփոխության մեխանիզմները։
Մարտավարությունը (տակտիկա) գործողության նեղ պլան է՝ հիմնված այն գաղափարի վրա, թե ինչպես լավագույնս օգտագործել պայքարելու համար հասանելի միջոցները՝ լայն ռազմավարության մեջ սահմանված որոշակի նպատակի հասնելու համար։ Մարտավարությունը ենթադրում է գործողության սահմանափակ ընթացք, որը տեղավորվում է ընդհանուր ռազմավարության մեջ, իսկ ռազմավարությունն էլ տեղավորվում է մեծ ռազմավարության մեջ։ Որոշակի մարտավարությունը կարելի է ընկալել միայն որպես պայքարի ընդհանուր ռազմավարության մի մաս։
Մարտավարության խնդիրն է սահմանել, թե գործողության կոնկրետ մեթոդներն ինչպես են կիրառվելու, ինչպես են պայքարողների կոնկրետ խմբերը կոնկրետ իրավիճակներում գործելու։ Մարտավարությունները որպես կանոն կիրառվում են ավելի կարճ ժամանակահատվածների կամ ավելի փոքր տարածքների (աշխարհագրական, ինստիտուցիոնալ) նկատմամբ, ավելի սահմանափակ թվով մարդկանց միջոցով, ավելի նեղ նպատակների հասնելու կամ սրանցից մի քանիսի համատեղման դեպքերում, քան ռազմավարությունները։
Մեթոդը վերաբերում է ոչ-բռնի պայքարի եղանակի շրջանակներում գործողության կոնկրետ միջոցին։ Մեթոդները ներառում են գործողության բազմատեսակ ձևեր, ինչպես օրինակ՝ գործադուլների, բոյկոտների, քաղաքական անհամագործակցության բազմատեսակ ձևեր (պատմության ընթացքում կիրառված ոչ-բռնի պայքարի 198 մեթոդների մասին ավելի մանրամասն՝ տես Հավելված II-ը)։
Ոչ-բռնի պայքարի համար հուսալի և արդյունավետ ռազմավարական պլանի մշակումը կախված է մեծ ռազմավարության, ռազմավարությունների, մարտավարությունների և մեթոդների մանրազնին ձևակերպումից և ընտրությունից։
Ոչ-բռնի ռազմավարության մի շարք առանցքային տարրեր
Գոյություն չունի մեկ հստակ ռազմավարություն, որը հարմար կլինի ոչ-բռնի պայքարի բոլոր դեպքերի համար։ Ոչ-բռնի պայքարի եղանակը բազմատեսակ կոնֆլիկտային իրավիճակների դեպքում ընձեռում է բազմազան ռազմավարությունների մշակման հնարավորություն։ Բացի այդ հնարավոր է, որ ոչ-բռնի պայքարը ներառվի մեծ ռազմավարության մեջ որպես գործողության այլ եղանակների հետ համատեղվող պայքարի ձև։
Սա, սակայն, չի նշանակում, որ ոչ-բռնի պայքարը համատեղելի է պայքարի բոլոր այլ ձևերի հետ։ Օրինակ, բռնության կիրառումը ոչ-բռնի պայքարի ընթացքում վերացնում է բազմաթիվ գործընթացներ, որոնց միջոցով գործում է ոչ-բռնի պայքարի մեթոդը և այդպիսով հանգեցնում լավագույն դեպքում պայքարի անարդյունավետության, իսկ վատագույն դեպքում՝ տապալման կամ պարտության։
Սակայն ակնհայտ է, որ գործողության այնպիսի ձևերը, ինչպիսիք են փաստահավաքությունը, հրապարակախոսությունը, հանրային կրթությունը, կոչերը հակառակորդին, բանակցությունները և այլ նմանատիպ գործողությունները, կարող են օգտակար լինել ոչ-բռնի պայքարի կիրառության հարցում։ Այս գործողությունները կարող են, օրինակ, զուգակցվել տնտեսական բոյկոտի կամ գործադուլների հետ։
Ոչ-բռնի պայքարի պլանավորման կարևորագույն սկզբունքներից է հետևյալը. պլանավորել պայքարն այնպես, որ հաջողությունը կախված լինի միմիայն ձեր իսկ ուժերից։ Այսպիսի ուղերձ էր հղել նաև Չարլզ Ստյուարտ Փարնելը իռլանդացի գյուղացիներին 1879-1880թթ. հարկադուլի ժամանակ. «Հույսը դրեք միայն ձեզ վրա և ուրիշ ոչ ոքի»։
Ենթադրենք՝ ոչ-բռնի հզոր պայքարը պլանավորված է և ընթացքի մեջ է, այդ դեպքում ընդունելի կլինի սահմանափակ ոչ-բռնի աջակցություն ստանալ ուրիշներից, բայց պայքարի հաղթանակը պետք է կախված լինի միմիայն պայքարողների խմբից։ Նույնիսկ եթե ոչ ոք օգնություն չառաջարկի, սակայն վստահելի ռազմավարական պլան մշակված լինի, հաղթանակի հասնելու հավանականությունը մեծ է։ Սակայն եթե հաջողության և պարտության պատասխանատվությունը փոխանցվել է ուրիշներին, իսկ վերջիններս հապաղում են առաջ գնալ, պայքարը կտապալվի։ Ամեն դեպքում, պատասխանատու արտաքին աջակցության ի հայտ գալն ավելի հավանական է, երբ պայքարը մղում է շահագրգիռ բնակչությունը, որի գործողությունները ճիշտ են և որի ջանքերը միայն կարող են վճռել պայքարի հաջողությունը կամ ձախողումը։
Ոչ-բռնի պայքարի համար խելացի ռազմավարության և մարտավարության ձևակերպումը պահանջում է ոչ-բռնի պայքարի դինամիկայի և բնույթի լիարժեք պատկերացում։ Այս մասին մանրակրկիտ քննարկում կա «Ոչ-բռնի պայքարի քաղաքականությունը» գրքում (տես՝ Հավելված III, Հավելյալ գրականություն): Կարևոր է ուշադիր լինել այն պլանների և գործողությունների զարգացումների նկատմամբ, որոնք նպաստում են պայքարին և մերժել այնպիսիք, որոնք կխոչընդոտեն պայքարի արդյունավետությանը։
Անհրաժեշտ կլինի նաև ուշադրություն դարձնել ռազմավարական և մարտավարական նպատակներին հասնելուն նպաստող հավելյալ գործոնների նկատմամբ, ինչպիսիք են՝ բարոյահոգեբանական իրավիճակը, աշխարհագրական և ֆիզիկական առանձնահատկությունները, ժամանակը, մասնակիցների քանակն ու ուժը, խնդրի և ուժի կենտրոնացման հարաբերությունը, նախաձեռնության կենսունակությունը և գործողության կոնկրետ մեթոդների ընտրությունը։
Ռազմավարական պլանավորման կարևորությունը ոչ-բռնի պայքարում չի կարելի թերագնահատել։ Այն առանցքային կարևորություն ունի սոցիալական և քաղաքական շարժումներն արդյունավետ դարձնելու հարցում։ Այն չի կարող երաշխավորել, որ պայքարի նպատակները նվաճվեն, բայց միանշանակորեն ավելի հավանական է դարձնում հաջողությունը:[1]
Գլուխ III
Բռնատիրական վարչակարգերի դեմ ոչ-բռնի պայքարի ռազմավարական պլանավորման քայլերը
Ոչ-բռնի պայքարը հակամարտություն վարելու եղանակ է անհամագործակցության և խափանող միջամտության, բողոքի սոցիալական, հոգեբանական, տնտեսական և քաղաքական մեթոդների միջոցով։
Այն տարրական մարդկային համառության կիրառման տեխնիկա է՝ սոցիալական, տնտեսական և քաղաքական հարցերում. վճռականություն ու կարողություն՝ չհամաձայնվելու, մերժելու համագործակցել, չհնազանդվելու և խափանելու։ Այլ կերպ ասած՝ մարդիկ կարող են հրաժարվել անել բաներ, որ նրանց խնդրում են անել, կամ անել այնպիսի բաներ, որոնք արգելված են։
Իրենց գոյության համար բոլոր կառավարություններն էլ հենվում են մարդկանց հնազանդության և համագործակցության վրա։ Երբ մարդիկ որոշում են կասեցնել կամ վերացնել համագործակցությունը, կառավարությունները մնում են առանց հենասյուների։
Ողջ մարդկային պատմության ընթացքում ոչ-բռնի պայքարը կիրառվել է տարատեսակ հակամարտություններում՝ մարդկանց հարստահարմանը դիմադրելու, դիկտատուրաներ տապալելու, օտարերկյա զավթմանը ընդդիմանալու, թիրախավորված փոքրամասնություններին պաշտպանելու և մարդկային ազատություններն ընդլայնելու համար։
Անցյալում նման պայքարները հիմնականում եղել են ինտուիցիայի, պատահականության, իմպրովիզացիայի արդյունք՝ առանց հստակորեն նպատակներ դնելու և ընկալելու, թե ինչ է անհրաժեշտ դրանց հասնելու համար։
Այս պայքարներից որոշներում նկատվել է տակտիկական (կամ կարճաժամկետ) պլանավորում, բայց շատ քչերում է առկա եղել պայքարի զարգացման և մղման մեծ ռազմավարական պլան։
Այժմ ոչ-բռնի պայքարում ներգրավված շատ խմբեր կարիք չունեն հեծանիվ հորինելու։ Ոչ-բռնի պայքարի խորազնին ընկալումը, դրա մասին գիտելիքի տարածումը և ռազմավարական կամ երկարաժամկետ պլանավորումն այն դարձում են ավելի ու ավելի էֆեկտիվ։
Ռազմավարական պլանավորման տարրերը
Ոչ-բռնի պայքարը պլանավորելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալին.
Փուլ I. նախնական գնահատում և վերլուծություն
•Ուսումնասիրել խնդրո առարկան երկու կողմերի տեսանկյունից էլ։
• Պատրաստել վերլուծություն հասարակությունում կամ երկրում առկա մշակութային, քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգերի, ինչպես նաև բնակչության բաշխման մասին։
• Նախապատրաստել ռազմավարական հաշվարկ[2], այսինքն՝ բացահայտել հակամարտող կողմերի ուժեղ և թույլ կողմերը։ Սա ենթադրում է հակամարտող կողմերի ուժի աղբյուրների և աջակցության հենասյուն հանդիսացող ինստիտուտների բացահայտում, ուսումնասիրում՝ թե յուրաքանչյուր կողմը որքանով է մյուսից կախված կոնկրետ կարիքներ լուծելու համար և թե երկու կողմերը պայքարի համար մոտավորապես ինչ ուժ ունեն։
•Բացահայտել, թե հակառակորդի ուժի աղբյուրներից որոնք ամենից հեշտ և արդյունավետ կերպով հնարավոր կլինի թուլացնել կամ դադարեցնել։
• Բացահայտել և ուսումնասիրել հակամարտության երրորդ կողմերի, այդ թվում՝ «ապատիկ» լայն բնակչության հավանական դերակատարումն ու վերաբերմունքը։
• Բացահայտել այլ արտաքին գործոններ, որոնք կարող են ազդել պայքարի ընթացքի վրա՝ աշխարհագրական, եղանակային, կլիմայական, ենթակառուցվածքային և այլն։
• Բացահայտել, թե ճնշման ինչ այլ միջոցներ կարող են հանգեցնել պայքարողների նպատակներին հասնելուն։
• Ուսումնասիրել վերոհիշյալ գործոնները՝ բացահայտելու, թե արդյոք առկա պայմանները նպաստավո՞ր են կոնկրետ ժամկետներում ոչ-բռնի պայքար մղելու համար, այդ պայմաններից որո՞նք են «կայուն», որո՞նք են փոփոխական, որո՞նց վրա պայքարողները կամ նրանց հակառակորդները հնարավորություն կունենան ուղղակիորեն ազդելու։
Փուլ II. Ռազմավարության մշակում
• Մշակել պայքարի հիմնական ռազմավարություն։ Սահմանել պայքարի նպատակը հստակ, կոնկրետ ձևակերպումով։ Ընդհանուր հաշվարկ անել, թե ինչպես պետք է ոչ-բռնի պայքարն ընթանա այդ նպատակին հասնելու համար։ Սա պայքարը մղելու, պայքարողներին հասանելի և նրանց համար նպատակահարմար բոլոր ռեսուրսների համակարգման և ուղղորդման երկարաժամկետ «մաստեր պլանն» է։
• Հնարավո՞ր է հակամարտության հիմնական նպատակին հասնել մեկանգամյա գործողության արդյունքում։ Եթե այո, պլանավորել դա անելու ձևը։ Եթե ոչ, պայքարը պետք է միտումնավոր կերպով փուլերի բաժանվի և ներառի ավելի փոքր գործողություններ՝ ուղղված երկրորդական, բայց կարևոր նպատակներին հասնելուն։
• Պայքարի ընթացքում դրված ավելի նեղ նպատակներին հասնելու գործողությունների ռազմավարություններ մշակել։ Այստեղ է, որ հիմնական ռազմավարությունը դառնում է ավելի մանրամասն ու յուրաքանչյուր գործողության դեպքում պատասխանում հետևյալ հարցերին՝ ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ և ինչպե՞ս։
• Ընտրել ռազմավարությունը գործողության մեջ գցող քայլերի կարճաժամկետ մարտավարություն և առանձին մեթոդներ։ Շատ կարևոր է, որ մարտավարությունն ու մեթոդներն ընտրվեն մանրակրկիտ կերպով և տեղավորվեն մեծ ռազմավարության մեջ, այսինքն՝ դրանք պետք է ընտրվեն միայն այն բանից հետո, երբ պատրաստ է հիմնական ռազմավարությունը։ Ոչ-բռնի պայքարի մեթոդները կարող են ներառել ինչպես բողոքի, այնպես էլ՝ համոզելու, անհամագործակցության և միջամտության եղանակներ։ Դրանցից որոշները տարբեր իրավիճակներում կարող են առավելություններ ունենալ և ավելի արդյունավետ լինել՝ կախված մեծամասամբ հիմնական ռազմավարությունից և հիմնական նպատակից, ռազմավարական հաշվարկից, և կոնկրետ գործողության խնդրից։ Որոշ մեթոդներ ավելի ունակ կարող են լինել վարչակարգի ուժի աղբյուրները սահմանափակելու և դադարեցնելու, քան մյուսները։
• Ապահովել, որ ընդունված ռազմավարական պլանը ներդաշնակ լինի իր նպատակների, կիրառվելիք ճնշման ձևերի և մարտավարության ու մեթոդների հետ։
Փուլ III. Կարողությունների զարգացում
• Ապահովել, որ բնակչությունն ի վիճակի լինի իրագործել պայքարի համար ընտրված ռազմավարություններն։ Եթե նրանք ի վիճակի չեն այդ անել, ապա հատուկ քայլեր պետք է ձեռնարկվեն բնակչության կարողությունը զարգացնելու համար, այլապես ռազմավարությունները պետք է փոփոխվեն։
• Ուժեղացնել այն կազմակերպությունները և հաստատությունները, որոնք հակառակորդի վերահսկողությունից դուրս են, հատկապես՝ եթե հիմնական ռազմավարությունից է բխում, որ անկախ կառույցները պայքարի ընթացքում դրսևորեն անհամագործակցություն և անհնազանդություն։
• Պլանավորել երրորդ կողմերի աջակցությունը, բայց հույսը չդնել նրանց վրա։
Փուլ IV. Բաց պայքար
• Կենտրոնացնել պայքարողների ուժերը հակառակորդի թուլությունների վրա՝ հիմնական ռազմավարությամբ նախանշված նպատակներին հասնելու համար, համաձայն մարտավարությանը և ընտրված մեթոդներին, և հատկապես ուշադրություն դարձնելով հակառակորդի ուժի աղբյուրները սահմանափակելու և դադարեցնելու վրա։
• Ապահովել, որ ռազմավարական պլանը կիրառվի կարգապահորեն, առանց բռնության, հակառակ դեպքում պայքարը կարող է թուլանալ։
• Ապահովել, որ պայքարի գործողություններն օգնեն հզորացնելու պայքարողներին։
• Ապահովել, որ պայքարողներին հասանելի լինեն կրիտիկական ռեսուրսները։
• Հակառակորդներին հավասարակշռությունից հանել։
• Չհնազանդվել հակառակորդի ճնշումներին և հավատարիմ մնալ սեփական պայքարի նախանշած ձևին։
• Գործել, ոչ թե հակազդել։ Դրսևորել նախաձեռնողականություն և որսալ պահը։ Պայքարը պետք է մղվի ոչ թե հակառակորդի, այլ պայքարող խմբի խաղի կանոններով։
• Մշտապես գնահատել և վերարժևորել պայքարի ընթացքը՝ համեմատելով այն ռազմավարական պլանի հետ։
Փուլ V. Հակամարտության ավարտ
• Հաջողությո՞ւն, ձախողո՞ւմ, թե՞ խառն արդյունքներ։
• Հակամարտությունից հետո գնահատում իրականացնել և պլանավորել հետագա քայլերը։
Սրանք ռազմավարական ոչ-բռնի պայքարի կիրառման միայն բազային կետեր են։
Շարունակությունը՝ այստեղ
[1] Ոչ բռնի պայքարների պլանավորման վերաբերյալ ուղեցույցների համար տես՝ Ջին Շարփ, «Ինչպես է մղվում ոչ բռնի պայքարը․ քսաներորդ դարի փորձը և քսանմեկերորդ դարի ներուժը», Բոստոն, Փորթեր Սարջենթ, 2005թ․
[2] Այս եզրույթն ու հասկացությունը ոչ բռնի ռազմավարական պայքարի ոլորտ ներմուծել է Ռոբերտ Հելվին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել