HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Դեկտեմբերի 11-ին պիտի տուն ստանայինք, բայց դեկտեմբերի 7-ն ավելի շուտ եկավ»

Շատ դժվար է ամեն անգամ ինչ-որ նոր բան գրել անօթեւանների թեմայով, երբ տարիներ շարունակ ապրում ես նրանց կողքին: Աչքդ մի տեսակ սովորում է անճոռնի, տձեւ, տարիների ընթացքում բազմաթիվ կարկատանների ենթարկված «դոմիկ» կոչվող կացարանների անշուք տեսքին: Արդեն հոգնում ես մտածելուց՝ երբ են սրանք մի օր վերջնական վերանալու Գյումրիից:

Հասարակական տրանսպորտ բարձրացող մարդկանց հագուստներից եկող խոնավ ճենճահոտից կռահում ես՝ «դոմիկ» ապրող է, ու էլի գլխումդ նույն միտքն է՝ լավ, երբ է գալու այն լուսավոր օրը, որ, արդեն որերրորդ տարին է, խոստանում են իշխանությունները՝ «Գյումրին առանց տնակների»:

27 տարի է անցել երկրաշարժից: Երբ գրում ես թիվը, քեզ ոչինչ չի ասում, իսկ երբ բանավոր մի անգամ էլ ես կրկնում 27, հետո հետհաշվարկ ես անում, նորից վերլուծում եղածն ու ձեռք բերածը, հասկանում ես՝ Գյումրին տնակներից վերջնական ձերբազատվելու շանսեր առայժ չունի:

Կառավարության աջակցությունը՝ «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրի տեսքով, որ մեկնարկել է 2015թ-ին եւ շարունակելու է նաեւ հաջորդ տարի, բնակարանով ապահովելու խնդիր է դրել 445 անօթեւան ընտանիքի: Այնինչ, ոչ պաշտոնական տվյալներով, Գյումրիում դեռեւս 3500-ից 4000 անօթեւան է ապրում ժամանակավոր կացարաններում:

Հարցը, թե ինչու այդքան տարատեսակ ծրագրերի արդյունքում անօթեւանության թեման շարունակում է մնալ արդիական Գյումրիում, ունի մի քանի պատասխան եւ դրանցից մեկը կառավարության 1999-ին ընդունած 432 որոշման կիրառումն է, որը բնակարանով ապահովելու հնարավորություն ընձեռում է միայն երկրաշարժի ժամանակ բնակարան կորցրած ընտանիքներին, հաջորդը բնակարանաշինության ծավալներն են եւ, ի վերջո, ժամկետները, երբ խոստացված 2 տարին անսահմանորեն ձգվում է՝ դառնալով 10, 15, 20 ու հիմա էլ թեւակոխում ենք 27-րդ տարին:

Այս տարիների ընթացքում ընտանիքները մեծացել են, կիսվել եւ անգամ բնակարան ստանալու պայմաններում էլ ոչ բոլորն են տեղափոխվում. մի մասը կրկին մնում է գոյատեւելու տնակային պայմաններում: Առավել բարդ է այն ընտանիքների վիճակը, որոնք ի սկզբանե ապրել են տնակում, սակայն մշտապես տեղեկացված են եղել, որ չեն կարող օգտվել կառավարության կողմից իրականացվող որեւէ ծրագրից:

Գյումրու Կոշտոյան 232/066 հասցեում ապրող Շահնազարյանների ընտանիքում առավել բարեկեցիկ տուն ունենալու հարցն երբեք չի քննարկվել: Ավելի ճիշտ, երկրաշարժից հետո, երբ տեղափոխվում էին ժամանակավոր կացարան, որոշակի հույս ունեին, թե Գյումրին երկու տարում վերականգնելու դեպքում իրենց էլ կապահովեն բնակարանով: Երբ աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունեց բնակարանների հատկացման կարգը, քարաշեն շենքում բնակարան ունենալու հույսը Շահնազարյանների ընտանիքում վերջնականապես մարեց:

«Մենք սկեսրանցս ու տեգրոջս ընտանիքի հետ նախքան երկրաշարժը կապրեինք «Տեքստիլ» թաղամասի շենքերը: Դեկտեմբերի 11-ին պիտի տուն ստանայինք, բայց դեկտեմբերի 7-ն ավելի շուտ եկավ: Մեր շենքը չէր բլել, բայց ես, ամուսինս, մեր երկու երեխեքն ու մեկ էլ սկեսուր, սկեսրայրով դուրս եկանք շենքի երկու սենյականոց տնից, դոմիկ վերցրինք՝ մտանք մեջը: Կմտածեինք, օր քաղաքը սարքեն, մեզի էլ չեն թողնի անտուն, մանավանդ օր, եթե ժաժքը չէլներ, բդի տուն ստանայինք, որովհետեւ անհնար էր 8 հոգով երկու սենյականոցում ապրելը»,- պատմում է 53-ամյա Լիզա Շահնազարյանը:

9 մետրանոց երկաթյա «դոմիկ» կոչվածը ժամանակի ընթացքում քարապատեցին, հետո կից կառույցով փորձեցին բարելավել պայմանները. արդեն հստակ գիտեին, որ իրենք անօթեւանների համար իրականացվող որեւէ ծրագրից չեն կարողանալու օգտվել: Տիկին Լիզայի երկու երեխան մեծացան տնակային պայմաններում, հետո ամուսնացան, հիմա այդ պայմաններում հասակ են առնում տղայի երեք անչափահաս երեխաները:

Տիկին Լիզայի տղան` Ալբերտը, չի աշխատում: Մանկուց հաշմանդամ է, ունի 6-րդ դասարանի կրթություն: 28-ամյա Անահիտ Ճավռուշյանը, որ Շահնազարյանների ընտանիք հարս է եկել Փանիկ գյուղից, նույնպես չի աշխատում: Վեց անձից բաղկացած ընտանիքը գոյատեւում է երեխաների համար տրվող 35 հազար նպաստով եւ տիկին Լիզայի ամռան-աշնան ամիսներին դաշտերում կատարած սեզոնային աշխատանքից ստացվող չնչին եկամուտով: 9 տարի առաջ Շահնազարյաններին անհայտ պատճառաբանությամբ դադարեցրել են վճարել Ալբերտի հաշմանդամության թոշակը: Տիկին Լիզան այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու:

«Ես ինչ իմանամ` ինչի կտրեցին: Նախ 2-րդ կարգ էր, իջեցրեցին 3-րդ կարգ, հետո էլ կտրեցին,-ասում է Լիզա Շահնազարյանը,- տղայիս կոնքի խնձորակն է խախտված, մի ոտը մյուսից երկար ու կարճ է: Դե մենք էլ հետո չհետաքրքրվանք, օր վերականգնեինք, փող չկար, փող գուզեին, օր թոշակը վերականգնեին»:

Այս ամառ Շահնազարյաններին վառելափայտով աջակցել է «Շիրակ կենտրոն»  հասարակական կազմակերպությունը: Ամռանը 20 հազար դրամով կարողացել են 2 խորանարդ փայտ գնել: Տիկին Լիզան ասում է, որ ամեն տարի գյուղերից նաեւ աթար են գնել, սակայն այս տարի դրա հնարավորությունն էլ չունեն:

Տարեցտարի դժվարանում է ընտանիքի գոյատեւման նույնիսկ մինիմալ պայմաններն ապահովել, իսկ նոր տուն կառուցելու մտքից վաղուց են հրաժարվել: Տիկին Լիզան ասում է, որ անգամ բարերարների կողմից բնակարան նվեր ստանալու հույս չունեն, Գյումրիում տնակային շատ ավելի վատթար պայմաններում ապրողներ կան:

Երեխաներից 6-ամյա Քրիստինեն եւ 10-ամյա Աշոտը հաճախում են «Դեպի առաջ»  բարեգործական կրթական կենտրոն, երկամյա Սամվելն էլ՝ մանկապարտեզ: Երեխաները տան պայմաններից չդժգոհեցին: Քրիստինեն ասաց, որ ցանկանում է բժիշկ դառնալ, իսկ Աշոտը՝ օդաչու, հետո արդեն աչուկները շողշողացնելով հայտնեցին որ դեկտեմբերի 4-ին «Դեպի առաջ» կենտրոնն իրենց տանելու է Գյումրիում գտնվող շրջիկ կրկեսի ելույթները դիտելու: Քրիստինեն ցույց է տալիս նաեւ կենտրոնից ստացած նվեր ճտքակոշիկներն ու ավելացնում. «Իմս մեծ է հագիս, բայց ոչինչ, նասկիներով կհագնիմ»:

Առաջին լուսանկարը` Հայկ Ադամյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter