HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերցնելու եմ «Այո»-ի ընտրակաշառքն ու գնամ «Ոչ» քվեարկեմ». սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում պատրաստվում են հանրաքվեի

Նարինե Վարդանյան

Երևանից դուրս շատ քիչ բան է հիշեցնում այն մասին, որ մի քանի օրից ՀՀ-ում հանրաքվե է՝ մայր օրենքի փոփոխություն կամ Ո՛Չ: Թերևս, միայն «Այո»-ի մեծադիր պաստառները՝ մայրաքաղաքից մոտ 200 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր տանող ճանապարհին ընկած համարյա բոլոր բնակավայրերում՝ Սևանում, Դիլիջանում, Հաղարծինում, Իջևանում, Դիտավանում....

«Այո»-ի շտաբը Հաղարծինում

Ներքին Կարմիրաղբյուրում «Այո»-ի շտաբ կա, պաստառ՝ Ո՛Չ:

Գյուղում քչերին է հետաքրքրում քարոզարշավը: Նախնական կարծիք ու վերաբերմունք ունեն, շատերն են նշում՝ կառավարությանը նոր չեն ծանոթ, արածն էլ գիտեն, չարածն էլ:

Սահմանապահ գյուղի նեղլիկ ու երբևէ ասֆալտ չտեսած փողոցներում անցուդարձ անող գյուղացիներին ավելի շատ հուզում են իրենց մեծ ու փոքր խնդիրները՝ կրակոցները, խաղողի կիսատ հավաքած բերքի վնասները, թորած օղու իրացումը, վառելափայտի հայթայթումը, բազմապիսի ու բազմատոկոս վարկերը:

Զարմանում են, երբ կրակոցների, սահմանին դրության փոխարեն սահմանադրական փոփոխությունների, հանրաքվեի մասին եմ հարցնում:

- Գնալու՞ եք քվեարկության:
-«Իհարկե՛, գնալու եմ ու «Ո՛չ» եմ քվեարկելու: Վերցնելու եմ «Այո»-ի ընտրակաշառքը, նոր գնամ, հանգիստ խղճով իմ «ոչ»-ն ասեմ,- պատասխանում է ներքինկարմիրաղբյուրցի 21-ամյա Ռուզաննա:
Հետաքրքրվում եմ՝ գյուղում շա՞տ են իր նման մտածող երիտասարդները:
-Չէ,- ասում է,- եթե պայմանագրային զինծառայող կամ ոստիկան չեն, իսկ գյուղի երիտասարդությունը հիմնականում այս երկու աշխատանքն է անում, ուրեմն շատ թե քիչ ապահովված են, եթե ապահովված են, ուրեմն ինչ-որ կերպ կապված են իշխանությունների հետ: Այսինքն՝ մեծ մասը «Այո» քվեարկողներ են:

«Միանշանա՛կ Ոչ եմ քվեարկելու: Ու հենց նրա համար, որ մենք թուրքի կրակի բերանին կանգնած, ամեն վայրկյան կրակոցի, պատերազմի վախը մեջներս ՝մտածում ենք մեջքներիս պետություն կա, կառավարություն կա, այնինչ շրջվում, տեսնում ենք՝ իրանք Երևանում հանգիստ քեֆ են անում, իրանց դեմ խոսացող անմեղ մարդկանց էլ բանտերում լռեցնում: Էսքան դժվարությամբ սահմանին ապրում ենք, մեր տունը, երկիրը պահում, բայց արի ու տես, որ մեր թիկունքին մարդիկ են, ովքեր միայն իրենց մասին են մտածում: Մեր տունը տան միջից ա քանդվում... Քանդողի՞ն «Այո» ասեմ»,- վրդովվում է Էմմա Առաքելյանը:

«Թեկուզ մենակ նրա համար, որ էս իշխանություններին ցույց տանք, որ ժողովուրդը դեմ ա իրանց, գնալու եմ ու «Ոչ» ասեմ: Խնդիրը էնքան սահմանադրությունը չի, ինչքան իրանց արած անօրինականություններին ընդդիմանալը: Ո՞վ ա իրանց իրավունք տվել,որ ինչ-որ թազա բան մոգոնեն, բերեն, փաթաթեն վզներիս, մեր փոխարեն էլ որոշեն, որ էդ լավնա, բարիա, ԲԱՐԵփոխումա, մենակ էն, որ ժողովրդի կարծիքն առանց հաշվի առնելու որոշում են սահմանադրության փոփոխությունը որպես բարեփոխում՝ հերիքա, որ ասես՝ «ՉԷ՛», «Ո՛չ», թեկուզ մենակ նրա համար, որ հասկանան՝ իրանք չեն որոշում՝մեզ համար ինչն ա լավ, ինչը՝ չէ, թեկուզ մենակ նրա համար, որ իրանց թվում ա՝ դեմները խաղ չկա, որ «ինչքան ուզեն, կխփեն... »»,- ասում է 60-ամյա Հայկազ Վարդանյանը` հարցված գյուղացիներից միակը, ով չի զլացել եւ կարդացել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
«
Նախագծի գրքույկն, ի դեպ, իրենց հետ բերել էին «Այո-ՈՉ»-ի շոու անողները»,- հեգնանքով նշում է նա:

Զրուցակիցներիս մեծամասնությունը դեռ չի կողմնորոշվում՝ ինչ է քվեարկելու: Գյուղացիներից մեկն անկեղծացավ. «Շատերը ավանդական հինգհազարանոցներին են սպասում, չնայած լսել ենք, որ էս անգամ չեն բաժանելու, այ էդքան վստահ են վերևներում: Շատերին էլ ուղղակի չի հետաքրքրում՝ սահմանադրությո՞ւն կփոխեն, թե՞ նախագահ. ընտրությունների արդյունքից էս քսանհինգ տարում դեռ ոչ մեկի էրեխու փորը չի կշտացել»:

«Վայի, քե մատաղ, ամենքը մի բան ա ասում, ի՞նչ կարաս իմանաս՝ ում ասածն ա ճիշտ, վերջում ո՞րը ժողովրդի համար լավ դուրս կգա՝ «այո՞»-ն, թե՞ «ոչ»-ը: Մեզ ոչ դրանց «Այո»-ն ա մի լավ բան տալու, ոչ էլ՝ «Ոչ»-ը: Իրանք իրար թող էդ երևաններումը ուտեն, մենք էլ ստեղ սահման պահենք, - ասում է Սեդա Սիմոնյանը:

«
Էդ հանրաքվե- մանրաքվեն սուտի պյաներ են, կարևորը չկրակեն, մեղկ են էս էրեխեքը»,- մեր զրույցը եզրափակում է յոթանասունամյա Սեդա տատը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter