
The New York Times-ը դատի է տվել Huffington Post-ին
Ամերիկյան խոշորագույն The New York Times թերթը դատի է տվել Huffington Post-ին, որը ԱՄՆ ամենաազդեցիկ առցանց լրատվամիջոցներից է: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով AdWeek թերթի տվյալները:
Իսկ Reuters-ը հայտնում է, որ The New York Times-ի հայցն ուղղված է AOL ընկերության դեմ, որին էլ 2011թ.-ի սկզբից պատկանում է առցանց լրատվամիջոցը:
Բողոքի պատճառն այն է, որ Huffington Post-ի կայքում հայտնվել է լրագրող Լիսա Բելկինի հեղինակային սյունակը՝ Parentlode բլոգը, որում լրագրողն անդրադառնում է երեխաների դաստիարակության խնդիրներին: Ավելի վաղ Բելկինը The New York Times-ի կայքում էր վարում նման թեմատիկայով բլոգ, որն ուներ նմանատիպ անուն՝ Motherlode:
The New York Times-ի ղեկավարների կարծիքով՝ Huffington Post-ի բլոգի համար նման անուն ընտրելով՝ Լիսա Բելկինն ի սկզբանե նպատակ է ունեցել մոլորեցնել ընթերցողներին: Հոկտեմբերի վերջին, երբ Huffington Post-ում հայտնվեց նոր սյունակը, The New York Times-ի ղեկավարությունը առցանց թերթի խմբագրություն ուղարկեց նամակ, որով խնդրում էր փոխել սյունակի անունը՝ սպառնալով հակառակ դեպքում դատարան դիմել:
Բլոգի անվանումը չփոխվեց, և The New York Times-ը Huffington Post-ի դեմ հայց ներկայացրեց հեղինակային իրավունքները և ազնիվ մրցակցության սկզբունքները ոտնահարելու մեղադրանքով:
Լուսանկարում Լիսա Բելկինն է
Մեկնաբանել