
Արարատի մարզի աղբավայրերը
Սառա Պետրոսյան, Անի Հովհաննիսյան, Նարեկ Ալեքսանյան
Գյուղական համայնքների գերակշիռ մասում աղբահանում չի իրականացվում: Լավագույն դեպքում աղբը պարզապես հեռացնում են փողոցներից ու տների բակերից: Հեռացնելու դեպքում էլ դրանք կենտրոնացվում են ինչ որ տեղ, որոնք ոչ թե աղբավայր են, այլ աղբաթափման վայրեր, որովհետեւ գյուղական համայնքներում առկա աղբավայրերն անգամ չեն համապատասխանում օրինակելի աղբավայրերի նվազագույն պահանջներին: Բացի այդ, գյուղաբնակներն իրենց տներին անհամեմատ մոտ հատվածները, հիմնականում, դաշտերն ու ձորերը, ինքնաբերաբար վերածում են աղբավայրերի:
Արարատի մարզում «Հետքն» ուսումնասիրել է եւս 15 համայնք, որտեղ աղբի կուտակումները կատարվել են նույն սկզբունքով, իսկ համայնքների վարչական ղեկավարումն իրականացնողների՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու համար, այն մտահոգիչ չի եղել եւ շարունակում է մնալ այդպիսին:
Ստորև ծանոթացեք Արարատի մարզում մեր արձանագրած աղբավայրերին
Չնախատեսված վայրերում աղբը կուտակելու պատճառները մի քանիսն են· առաջինը՝ համայնքներում շրջակա միջավայրն աղբից զերծ պահելու բավարար գիտակցական մոտեցում չկա: Տեղական իշխանությունները աղբահանությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը կարեւորում են այնքանով, որքանով այն խորթ չէ իրենց մտածելակերպին ու պատկերացումներին: Չեն կարեւորում դրա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա:
Համայնքների ղեկավարները մշտապես շեշտադրում են ռեսուրսների բացակայությունը՝ բնակչությունը վճարունակ չէ, որպեսզի հավաքված գումարով հնարավոր լինի բավարար չափով աղբահանում իրականացնել եւ համայնքային բյուջեի միջոցներով հնարավոր չէ աղբահավաք տեխնիկա ձեռք բերել: Շրջանցվում է հիմնականը՝ վատ աղբահանումը կազմակերպչական աշխատանքի բացակայության եւ վարչարարություն չկիրառելու արդյունք է:
Աղբահանություն իրականացնելու առաջին հիմնական ռեսուրսը տվյալ համայնքի բնակիչներն են, որոնց ուժերի համախմբումով հնարավոր է կամավորության սկզբունքով գոհացուցիչ արդյունքների հասնել՝ բնակիչներին մասնակից դարձնել աղբահանմանը իրենց իսկ՝ անհատների տեխնիկան օգտագործելով: Աղբահանման համար, թեկուզ խորհրդանշական, վճարներ սահմանել, որպեսզի սեփական ներդրումը զգոնացնի բնակչին եւ ինքը դառնա վերահսկողը: Միաժամանակ, վարչական պատասխանատվության օրենքով սահմանված մեխանիզմները կիրառվեն կարգազանցների համար:
Արարատի մարզի 15 համայնքների բյուջեների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրացից ընդամենը երեքն են բյուջեի եկամտային մասում աղբահանման վճարներ նախատեսել: Մյուսները համայնքային բյուջեի «Շրջական միջավայրի պաշտպանություն» հոդվածով գումար են նախատեսել աղբահանման համար կամ աղբահանմանը հատկացրած գումարը ներկայացրել են սանիտարական մաքրման ծախս: Մինչդեռ, աղբահանումը վճարովի ծառայություն է եւ տեղական բյուջեից գումարներ հատկացնելու իրավունք չունեն: Ամեն տարի համայնքի ավագանին պետք է սահմանի վճարի չափը՝ հիմք ընդունելով «Աղբահանության եւ սանմաքրման» մասին ՀՀ օրենքով սահմանված աղբահանության վճարի դրույքաչափերը: Իսկ համայնքի վարչական ղեկավարությանը մնում է կիրառել օրենքը` ծառայության համար բնակիչներից գումարներ գանձել, նաեւ բացատրել վճարման կարգը, չվճարելու համար նախատեսված պատասխանատվությունը եւ այլն:
Ընդ որում այդ տողով հատկացված գումարներն անգամ գնալով նվազեցվում են անտեսելով, որ աղբի ծավալները գնալով մեծանում են, շրջակա միջավայրի աղտոտվածությունը գնալով ավելանում է հատկապես մեր կենցաղ ներխուժած պլաստիկի եւ պոլիէթիլենային պարկերի հաշվին: Որոշ համայնքներում աղբի տեսակավորում իրականացնելով այն առանձնացնում եւ վերամշակման են հանձնում, մյուսները, օրինակ Ջրահովիտ համայնքում գերդասում են դրանք լցնել ջրանքներն ու առուները:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը մի շարք տուգանքներ է սահմանել չնախատեսված վայրում աղբ թափողների համար: Սակայն թվարկված համայնքներից ոչ մեկը «Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար» եւ «Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառման» տողերով բյուջեներում եկամուտներ՝ տուգանքներ, չի նախատեսել:
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի օրենսգրքի` չսահմանված եւ (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպված եւ (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով (20000-30000 ՀՀ դրամ), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով (40000-100000 ՀՀ դրամ): Նշված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով (30000-50000 ՀՀ դրամ), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով (100000-200 000 ՀՀ դրամ):
Ջրահովիտ համայնքի բյուջեի եկամուտների բաժնում` Համայնքի կողմից աղբահանություն կազմակերպելու համար` աղբահանության վճար 500,000 դրամ: Բյուջեի ծախսային բաժնում՝ նախատեսված է 1560000 դրամ:
Այգավանի աղբահանության համար տեղական վճար սահմանել ամսական 1 շնչի հաշվով` 50 դրամ 2015 թ.-ի համար:
Արարատ քաղաքում եւ ՈԿՖ բանավանում յուրաքանչյուր բնակչի համար կեցաղային աղբահանության վճարի չափը 2015թ. սահմանել 190 դրամ:
Նշվածներից Սուրենավան եւ Տափերական համայնքները «Վեդի միջհամայնքային միավորման» մեջ են ընդգրկված: Այսինքն, այս համայնքներում աղբահանումն իրականացնում են միասնական, Արարատի տարածաշրջանի 15 գյուղական համայնքների հետ միասին:
Արարատի մարզպետարանը 2014 եւ 2015 թթ.-ին հիշյալ համայնքներից մի քանիսում՝ Դաշտաքար, Ուրցաձոր, Սուրենավան, վարչական հսկողություն է իրականացրել եւ արձանագրել է աղբաթափման դեպքեր· «Մի շարք փողոցներում ու միջհամայնքային ճանապարհաեզրերին առկա էր կենցաղային ու շինարարական աղբ»: Համայնքների ղեկավարներին մարզպետարանի վերահսկող հանձնաժողովն առաջարկել նշված հատվածները մաքրել աղբից, սեղմ ժամկետում վերացնել թերությունները եւ ձեռք բերել աղբահավաք կոնտեյներներ:
Սակայն, ինչպես տեսնում եք, նույն համայնքներում, նույն վայրերում այսօր էլ աղբն առկա էր, իսկ կոնտեյներներ տեղադրված չեն: Պատճառն այն է, որ Արարատի մարզպետարանի վարչական հսկողության հանձնաժովը ոչ մի բառով չի անդրադարձել «Աղբահանության եւ սանմաքրման» մասին ՀՀ օրենքի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի պահանջների կիրառմանը: Հետեւողական չի եղել նաեւ իր հանձնարարականի կատարման հարցում:
Հ.Գ. Արարատի քաղաքապետարան այս տարի արժանացել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության եւ «Հայաստանի Համայնքների Միության» «Մաքուր համայնք 2015» մրցանակին:
Մեկնաբանել