HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատության հրապարակում «Ոչ»-ի հանրահավաքն ավարտվեց, իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նստացույցը շարունակվում է

Լիլիթ Թադևոսյան

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ոչ»-ի ճակատի հրավիրած հանրահավաքը:

Հանրահավաքում ելույթ ունեցան Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը:

Իր ելույթում Արամ Մանուկյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը փորձեց հիմնավորում ներկայացնել, թե ինչու է հանում նախագահական ինստիտուտը, և իրենց ամբողջ աղմուկը նաև նրա համար է, որ Հայաստանն այսօր` պատերազմական վիճակում, ունի ժողովրդի կողմից ընտրված նախագահի անհրաժեշտություն:

«Ասաց` Հայաստանում կան մարդիկ, որոնք խարիզմատիկ են, որոնք կարող են կուսակցություններ չունենալ, բայց ընտրվել նախագահ: Ուրեմն, իր վախը տեսեք որն է` խարիզմատիկը ժողովրդի կողից ընդունված մարդն է, ասում է` կարող են մարդիկ լինել, որոնք դեմ են, որ մեր Սահմանադրությունն անցնի, որ հետո իրենք դառնան նախագահ: Ուժեղ տրամաբանություն է: Ասում է` եթե այս Սահմանադրությունը չանցավ, մնում է հին Սահմանադրությունը, որի դեպքում պետք է առաջադրվի նախագահ, եւ ասում է` մենք արդեն ունենք երեք հոգի, որոնք կարող են լինել նախագահի թեկնածու: Վստահ եմ` ինքը մի քանի հոգու ասել է, որ եթե չանցավ, դու կարող ես լինել նախագահի թեկնածու, ուղիղ հարց եմ տալիս` ձեր կարծիքով, կամ հենց էդ մարդկանց կարծիքով, որոնք իրենց նախագահ են երազում տեսնել, իրենք այս նախագծին ինչպե՞ս են քվեարկելու: Իրենք պոտենցիալ նախագահ են, բայց պիտի պայքարեն, որպեսզի Սարգսյանի նախագիծը անցնի, որ Հայաստանը նախագահ չունենա»,- ասաց Արամ Մանուկյանը:

Իր ելույթում Ժիրայր Սեֆիլյանն էլ ասաց, որ կարծում է, որ այսօր միասին են, ամբողջ ընդդիմությունը միավորված է, և սա իրավիճակի փոփոխություն է: Նրա խոսքով՝ այսօր ՀՀ  քաղաքացիներին կարելի է բաժանել երկու բանակի՝ կապված առաջիկա հանրաքվեի հետ:

 «Մի մասը ունի այն կարծիքը, որ անպայման պետք է գնալ քվեարկության և տեր կանգնել քվեին, և 2-րդ խումբը այն խումբն է, որը չի ուզում մոտենալ արկղերին` մերժելով այս գործընթացը: Ուստի, այս մարտավարության շնորհիվ մեզ հաջողվել է առաջնորդել այս երկու բանակները: Առաջինին առաջնորդում է «Ոչ»-ի ճակատը, երկրորդին առաջնորդելու ենք մենք: Այս երկու թեւերի գործողությունները գնում են դեպի նույն կետը, և այդ կետը սպասվող հեղափոխությունն է: Երկու բանակներն էլ գնում են դեպի հեղափոխություն, այս տարի առանց Սերժի»,- ասաց Սեֆիլյանը:

Այնուհետև վերջինս կոչ արեց «Ոչ-ի ճակատին միանալ իրենց նստացույցին: 

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «Նոր Հայաստանը», որը գալու է շատ շուտով, ողջունում է «Ոչ»-ի շարժումը:

«Ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի հեռանկարում չկա ոչ մի տարբերություն այստեղ կանգնած քաղաքական ուժերի, քաղաքացիական հոսանքների եւ ամենակարեւորը՝ շարքային հայաստանցիների միջեւ: Յուրաքանչյուր հայ մարդու, հայաստանցու պահանջն է, որ բոլոր այս ուժերը ի մի գան եւ այս հարցը լուծեն այս տարի: Եթե անմիջական ապագայում չլուծվեց այս հարցը, եթե մենք մտնենք հերթական ընտրությունների շրջան, եթե թույլ տանք, որ այս կուսակցապետությունն իր ապօրինի իշխող վերնախավով շարունակի իր ապօրինությունները մեր պետության և մեր ժողովրդի դեմ, ապա ոչ մեկս իրավունք չի ունենալու ասել՝ ինչու այսպես ստացվեց: Հիմա կամ երբեք: Եւ հենց դրա համար էլ մենք դուրս ենք եկել ոչ թե կեղծ սահմանադրական հանրաքվեի դեմ, այլ՝ ազգային շահը ձեզ՝ Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այստեղ այլեւս չկան կուսակցական դրոշ և անձնական շահ, և միայն այս դեպքում մենք կունենանք առանց քաղաքական բանտարկյալների Հայաստան:

«Եւ միայն այս դեպքում Շանթը եւ Վարդանը եւ Վոլոդյան եւ մյուսները՝ բոլորը դուրս կգան եւ ազատ կշնչեն սեփական քաղաքում եւ երկրում: Եւ միան այդ դեպքում մենք կհասնենք արդարության բոլոր հալածանքների համար՝ հոկտեմբերի 27, մարտի մեկ, դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյան եւ Լիսկայի բոլոր զոհերի համար»,- հավելեց Հովհաննիսյանը։

Արշակ Մուսախանյանն էլ իր ելույթում ասաց, որ այս հանրահավաքը «Ոչ»-ի քարոզչության վերջին ակորդն է, այս ամբողջ ընթացքում ընդդիմությունը կարողացավ լինել ամենուր և մեր քաղաքացիներին պայքարի նոր լիցք հաղորդել:

«Սա հաղթական արշավ էր, որի հիմքում ընկած էր քաղաքացիների հետ անկեղծ զրույցը, մի բան, որ երբեք չէր կարող անել այս իշխանությունը: «Ոչ»-ը ամբողջ Հայաստանը դարձրեց իր համակիրը, «Ոչ» է ասում ամբողջ հասարակությունը: «Այո»-ի քարոզն այնքան կեղծ էր, որ նույնիսկ վիրավորանք էր առաջացնում մեր քաղաքացիների նկատմամբ, դրա վրա ծախսված միլիոնավոր դրամներն աշխատում էին ոչ թե հօգուտ, այլ ի վնաս «Այո»-ի: Որքան շատ սուտ, այնքան շատ «Ոչ»-ի համակիր»,- ասաց Մուսախանյանը:

Վերջում ելույթ ունեցավ Լևոն Զուրաբյանը, ով ասաց, որ ի սկզբանե նպատակ է եղել վերածել սահմանադրական հանրաքվեն Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու հանրաքվեի, այն ժամանակ թվում էր, թե այդ խնդիրը հեշտ չէ լուծել, կասկածամիտներն ասում էին, թե ժողովուրդը այդ հարցում չի ակտիվանա, բայց իրենք կարողացան այդ խնդիրը լուծել:

«Այսօր ամբողջ ժողովուրդը մերժում է սահմանադրական փոփոխությունները, որովհետեւ մերժում է Սերժ Սարգսյանին: Մենք քարոզարշավն այնքան լավ անցկացրինք, որ արդեն կարող ենք համարել, որ հաղթել ենք քարոզարշավի առումով, ընդ որում, մենք առավելության հասանք իշխանության նկատմամբ բոլոր բնագավառներով` հաղթեցինք և՛ հանրահավաքներով, և՛ բոլոր բանավեճերում, հաղթեցինք նաեւ ժողովրդի հետ անմիջական շփումով: Ընդ որում, այնքան վատ են իրենց վերաբերվում, որ «Այո»-ի շտաբը հրահանգ է տվել դադարեցնել քարոզչական աշխատանքը բնակչության հետ, որովհետև նրանք ուղղակի գնում և գրգռում են բնակչությանն ավելի շատ»,- հայտարարեց Զուրաբյանը: 

Հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ՝ Մաշտոցի պողոտա, Ամիրյան, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Թումանյան փողոց, Ազատության հրապարակ երթուղով: Նշենք նաև, որ ՀՀ ֆինանսների նախարարության շենքի հետնամասում, դեպի Մելիք Ադամյան փողոց տանող հատվածը փակել էին ոստիկանության զորքերը՝ զինված վահաններով և սաղավարտներով: Նշենք, որ Մելիք Ադամյան փողոցում է գտնվում ՀՀԿ-ի շենքը, որտեղ տեղակայված է նաև «Այո»-ի կենտրոնական շտաբը:

Երթն ավարտվեց Ազատության հրապարակում: Իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներն այնտեղ շարունակում են իրենց նստացույցը:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter