HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Սահմանադրությամբ անարդար դատապարտվածին պետությունը կարող է զրկել փոխհատուցումից

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սկիզբը

Մի քանի օր է` սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները թևիս տակ եմ դնում ու բարձրանում զբոսախուց: Պիտի հասցնեմ ավարտել սահմանադրական իրավունքի դասախոսի հանձնարարած ռեֆերատը սահմանադրական փոփոխությունների մասին: Մեկժամյա զբոսանքից հետո հսկիչներն ինձ իջեցնում են պարապմունքի սենյակ, որտեղ նշումներս թղթին կամ համակարգչին եմ տալիս:

Անցած շաբաթ գրել էի մարդու իրավունքների էական սահմանափակումների մասին, բայց դրանց թվարկումով այդ սահմանափակումները չէին ավարտվել: Ձեռքիս տակ է նաև սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակը, որտեղ մարդու իրավունքների էլ ավելի աղաղակող սահմանափակումներ կան: Սակայն Վենետիկի հանձնաժողովի առաջին եզրակացությունից ու արված դիտարկումներից հետո որոշ դրույթներ շտկվել են վերջնական տարբերակում: Օրինակ` մարդու վիճակը վատթարացնող օրենքն, ըստ սահմանադրության նախնական տարբերակի, կարող էր որոշ դեպքերում ունենալ հետադարձ ուժ: Այսինքն` եթե չլիներ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովը, Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը, որտեղ անզեն աչքով էլ տեսանելի են մարդու իրավունքների կոպիտ սահմանափակումները, կարող էր դրվել քվեարկության:

16 տարի իմ անունը եղել է ընտրացուցակներում

Գործող Սահմանադրությամբ դատապատյալներն ընտրելու իրավունք չունեն: Սակայն, օրենքը մի բան է, իրականությունը` այլ: Նոր Նորքում գտնվող թիվ 2 ընտրատարածքում 2012-ի դրությամբ իմ անունը եղել է ցուցակներում: Խորհրդարանական վերջին ընտրություններին ընդառաջ` 2012-ի ապրիլին հոդված գրեցի` նշելով, որ ցմահ բանտարկյալի անունը 1996թ.-ից սկսած՝ բոլոր ընտրություններում միգուցե օգտագործվել է, քանի որ եղել է ցուցակներում: Հոդվածի հրապարակումից չանցավ երկու օր, անունս դուրս բերվեց:    

Նոր Սահմանադրության նախագծով ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների մեջ մեղադրված անձինք կարող են մասնակցել ընտրություններին, ծանր հանցագործություն կատարածները չեն կարող մասնակցել, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվածների մասին նախագծում որևէ հիշատակում չկա: Սակայն ՄԻ եվրոպական դատարանը, եթե չեմ սխալվում, 2012-ին Մեծ Բրիտանիայի օրինակով մարդու` ընտրելու իրավունքի խախտում համարեց դատապարտյալների ընտրական իրավունքի սահմանափակումը: Ըստ այդմ, անգամ ծանր հանցանքի մեջ մեղադրվածը կարող է ընտրելու իրավունք ունենալ`հաշվի առնել անհատական մի շարք պարամետրեր:

Ռեֆերատի պահանջը կառավարման համակարգի փոփոխություններն են

Ինչ վերաբերում է կառավարման համակարգի փոփոխությանը, ապա ռեֆերատիս մեջ նշել եմ, որ իրականում ոչ թե խորհրդարանական կառավարման ձև է ընտրվելու, այլ «միապետական-նախագահական» հայկական տարբերակը փոխվելու է «միապետական-կուսակցական-վարչապետական» ոչ այդքան հասկանալի համակարգով:

Անցնելով խորհրդարանական կառավարման մոդելի և վարչապետին տալով մի շարք լայն լիազորություններ, որոնք գործող Սահմանադրությամբ տրված են նախագահին, ԱԺ-ից խլելով ռացիոնալ պառլամենտարիզմի ամենաուժեղ սյունը` անվստահության քվեն իրականացնելու իրատեսական մեխանիզմը` փաստացի վարչապետը դառնալու է անխոցելի: Բացի այդ, նախագծով վարչապետի դիրքն էականորեն ուժեղացվել է` հատկապես զինված ուժերում: Ստեղծվելու է վարչապետական կառավարման համակարգ, ինչն, ըստէության, չի տարբերվելու նախագահականից: Ի տարբերություն նախագահի, վարչապետը ներկայացնելու է  ոչ թե ժողովրդին, այլ քաղաքական ուժ:

Նորից մարդու իրավունքների սահմանափակումների մասին

Ինչ էլ գրեմ, նորից կենտրոնանում եմ մարդու իրավունքների վրա, քանի որ իրավական պետության հիմնասյունն է: Բայց անգամ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից հետո չի փոխվել մարդու իրավունքների սահմանափակման իրավաչափության դրույթը: Վենետիկի հանձնաժողովի անդամներն իրենց եզրակացության մեջ նշել են. «Նախագիծը մի քանի հղումներ է կատարում իրավունքների սահմանափակումներն օրենքով նախատեսելու և համաչափության սկզբունքի անհրաժեշտության վերաբերյալ: Կարևոր է նաև շեշտել, որ իրավունքի սահմանափակման նպատակը պետք է լինի իրավաչափ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի առումով»:     

Գործող սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը` 43-րդը, սահմանում է.  «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարքերի, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար» (ընդգծումն իմն է):

Սակայն դեկտեմբերի 6-ին քվեարկության դրվելիք նախագծում մարդու իրավունքները սահմանափակող մասերից հանված է «եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» ձևակերպումը: Սահմանադրության նոր նախագծով բազմաթիվ իրավունքներ սահմանափակվում են հետևյալ ձևակերպմամբ` «պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Խոսքի ազատության իրավունք չկա նախագծում

Եթե վերևում գրել եմ մարդու իրավունքների սահմանափակումների մասին, ապա խոսքի ազատության իրավունք արտահայտությունն առհասարակ չեք գտնի նախագծում:

Եթե գործող Սահմանադրության հոդված 27-ում գրված է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից, ապա նախագծում խոսքի ազատության իրավունքի մասին խոսք չկա:

Անարդար բանտվածին փոխհատուցում չտալու մասին

Շատ հետաքրքիր մի դրույթ եմ գտել նախագծում, որը քրեական դատավարության տիրույթի կարգավորման խնդիր է, բայց, կարծես հետագա հնարավոր «անախորժություններից» խուսափելու համար նոր Սահմանադրության հեղինակները այն որոշել են ամրագրել հենց սահմանադրորեն: Խոսքը վերաբերում է անարդար դատապարտվածներին փոխհատուցում տալուն: Նոր նախագծով տեղ են թողել անարդար բանտվածին փոխհատուցում չտալու համար` ընդունելով, որ, օրինակ, տասնյակ տարիներ առաջ քննված գործերի վերաբացմամբ հնարավոր է ճանաչվի ներկայիս դատապարտյալներից ոմանց անմեղությունը:

Այսպես` հոդված 62.2-ում նշված է. «Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից»:

Այսինքն, ի՟նչ ասել է` «այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից»: Սա հայեցողության լայն շրջանակ է ենթադրում, որպեսզի պետությունը խուսափի անարդար դատապարտման համար փոխհատուցումից: Իսկ միգուցե մարդուն սպառնացել են տարիներ շարունակ, կամ անարդար դատապարտվածը վախեցել է իր ընտանիքի անդամների հետ հաշվեհարդար տեսնելուց ու չի բարձրաձայնել ինչ-ինչ հանգամանքների մասին: Չէ± որ անձի մեղքի ապացուցումը պետության պարտականությունն է, որևէ մեկը չպիտի ապացուցի, որ անմեղ է, այլ պետությունը պիտի ապացուցի, որ մեղավոր է: Ահա և անմեղության կանխավարկածի կոպիտ ոտնահարման դրսևորում հենց Սահմանադրության նախագծում: Այսինքն` անմեղ մարդը դատապարտվի, հետո էլ նրան մեղավոր համարեն, թե իրենից էր կախված այս կամ այն հանգամանքի բացահայտումը: Ուրեմն` քաղաքացին պետք է շատ հիմնավոր պատճառ ունենա իր անմեղության հանգամանքի մասին տարիներ շարունակ լռելու համար: Իսկ դա, փաստորեն, հետագայում կարող է օգտագործվել իր դեմ: Ահա այսպիսի «մարդու իրավունքներ»:     

Մարդ-քաղաքացի-պետություն

Ի՟նչ տարբերություն, երբ նախագահը և վարչապետը, այսպես ասենք` տեղերով փոխվում են, կամ էլ ԱԺ-ին ավելի շատ լիազորություններ ու իրավասություններ են տրվում, սակայն ԱԺ մեծամասնությունը նույն իշխող կուսակցությունն է լինելու և ընդունվելու են իրենց, այլ ոչ թե ժողովրդի շահերից բխող օրենքներ:

Ի՞նչ տարբերություն այս կամ այն կառավարման ձևի միջև: Ի՞նչ տարբերություն, թե ինչ օրենքներ են գրվում, եթե դրանք կամ իրականում չեն գործում, կամ օրենքի առջև բոլորը հավասար չեն: 

Մեկնաբանություններ (1)

Գագիկ
Օրհնվե՛ս Դու, Մհեր ջան: Կլոր գերեզմանից առավել Գործ ես անում իրավական ազգային Հայրենիք ստեղծելու համար, քան քան Դրսում՝ բայց իրենց վայել «ազատության» մեջ, շատ ու շատ իրավաբաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter