HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ի՞նչ է թաքնված նախագահի հակասությունների ստվերում

Նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, իր իմիջի հարցերով՝ հատկապես բանավոր խոսքի կառուցման, զբաղվող մասնագետ չունի: Հակառակ դեպքում նրան, թերևս,զգուշացրած կլինեին, որ ճիշտ չէ բազմաթիվ անհայտներով հավասարում հիշեցնող զիգզագ քաքականություն վարելու պարագայում հրապարակայնորեն երկար խոսել: Փորձը ցույց է տալիս, որ որքան Սերժ Սարգսյանը երկար է խոսում հարցերին պատասխանելիս, այնքան շատ է տրամաբանական սխալներ, սայթաքումներ թույլ տալիս: Հետևանքը հակադրումն է նախկիում արտահայտած սեփական դիրքորոշումներին, որոշումներին ու գործողություններին, «սեփական ձեռքերով» սեփական խոսքը, փաստարկներն ու հիմնավորումներն անհամոզիչ դարձնելը: Բայց երկար խոսելը չէ հիմնական խնդիրը: Այլ այն, որ քայլերի ու որոշումների հիմքում ընկած են ոչ թե կայուն սկզբունքները, այլ հանուն կարճաժամկետ նպարակների՝ հընթացս մանևրումներն ու փոփոխականությունը: Ահա թե ինչու չստացվեց Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը: Որպեսզի հասկանալի դառնա ինչի մասին է խոսքը, բերենք 4 օրինակ:

Հակասություն 1

Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկելու իր նախաձեռնությունը Սերժ Սարգսյանը պատճառաբանեց նրանով, որ գործող Սահմանադրությունը և Հայաստանում գործող կիսանախագահական կառավարման համակարգը ներպետական անվտանգության սպառնալիք են ստեղծում այն դեպքում, եթե առաջնային մանդատ ունեցող իշխանության երկու կողմերը՝ նախագահը և, հանձինս քաղաքական մեծամասնության՝ խորհրդարանը, ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր և գտնվում են հակադիր դաշտերում: Նման պայմաններում, ըստ նրա, նախագահը որևէ լծակ չունի իրականացնելու անվտանգության ապահովման սահմանադրական իր պարտականությունը: Եվ ահա, ինչպես ինքն է փորձում համոզել, որոշել է Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկել այդ վտանգները չեզոքացնելու համար՝ ընտրելով կիսանախագահական կառավարման համակարգը խորհրդարանականով փոխարինելու ճանապարհը:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ սպառնալիքները նա «հայտնաբերեց» իր պաշտոնավարման երկրորդ շրջանի վերջում, այն էլ՝ հանրաքվեի նախօրյակին:

Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2005թ.՝ այն նույն տեքստով, ինչ 2003թ.  առաջին անգամ դրվեց հանրաքվեի՝ նախագահական ընտրություններին զուգահեռ: Այն ժամանակ Սերժ Սարգսյանն իշխանության թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարն էր, ամենամեծ ազդեցությունն ունեցող երկրորդ մարդը իշխանությունում: Ինչո՞ւ այդ ռիսկերի մասին նա չէր խոսում այն ժամանակ, առավելևս, երբ իրականում նախագահի և խորհրդարանի միջև հակասությունների և դրանով պայմանավորված՝ ներիշխանական ճգնաժամի հնարավորությունններն ավելի մեծ էին, քան այսօր: Ի վերջո, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ կոնկրետ քաղաքական հենարան չուներ, իսկ հուշերը 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ, որը, ի դեպ, առաջացավ հենց ԱԺ այն ժամանակվա քաղաքական մեծամասնության՝ «Միասնություն» դաշինքի և նախագահ Ռոբերտ Քոչարյանի առճակատման պատճառով, դեռ բավականաչափ թարմ էին:

Թե ինչո՞ւ է այդ ռիսկերին հիմա անդրադարձ կատարվում, Սերժ Սարգսյանը պարզաբանում է. «Մենք արդեն բավականաչափ հասուն հասարակություն ենք. 10 կամ 20 տարի առաջ անհնար էր, որ 2 առաջնային մանդատները, այսինքն` նախագահ և խորհրդարան, բաժանվեին տարբեր քաղաքական ուժերի միջև: Իսկ հիմա շատ իրական է դա, և տեսնելով ճգնաժամի հնարավորությունը՝ այդ մասին չխոսել ես չեմ կարող»:

Եթե Սերժ Սարգսյանը բավականաչափ անկեղծ է այս մտահոգության մեջ, ապա սա այլ բան չէ, քան ինքնախոստովանություն նրանում, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն այլևս վստահ չէ գործող կառավարման համակարգի միջոցով իր թիմի հաջորդ հաղթանակներում, այլև դրանում տեսնում է իշխանությունը կորցնելու իրական վտանգ, ինչի չեզոքացման միակ տարբերակը, փասատորեն, համարում է  կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը, այսինքն՝ նախագահի ուղղակի ընտրության ինստիտուտը վերացնելը: Հետևաբար, նա հիմքեր է տալիս մտածելու, որ այս նախաձեռնության նպատակը ոչ թե երկիրը, այլ իշխանական համակարգը ճգնաժամերից փրկելն է: Հակառակ դեպքում ոչինչ չէր խանգարում նրան նկատած ռիսկերը վերացնել ընդամենը այդ մասով գործող Սահմանադրությունը կոսմետիկ փոփոխությունների ենթարկելու միջոցով:

Հակասություն 2

Սերժ Սարգսյանն օրինակ է բերում, թե ինչպես կարող է նախագահն ապահովել երկրի անվտանգությունը, եթե խորհրդարանական ընտրություններում հաղթում է մի քաղաքական ուժ, որի ծրագրային դրույթները իր՝ նախագահի «խորին համոզմամբ, հակասում է երկրի պետական շահերին»: Առաջին հայացքից թվում է, թե նախագահի մտահոգությունը չափազանց տեղին է: Բայց եթե խնդիրն, իր կարծիքով, երկրի պետական շահերին հակասող ծրագրերով ընտրություններում հաղթած և խորհրդարանում մեծամասնություն ձևավորած ուժին «բլոկադայի» ենթարկելն է, որպեսզի վերջինս այդ ծրագրերը չիրագործի, ապա դրա լավագույն հնարավորությունը տալիս է ոչ թե խորհրդարանական, այլ՝ նախագահական կառավարման համակարգը: Որովհետև հենց նախագահական համակարգն է նախագահին թույլ տալիս կամ ցրել նման մեծամանսություն ունեցող խորհրդարանը, կամ առնվազն չնշանակել «վտանգավոր ծրագրերով առաջնորդվող» ուժի ներկայացրած վարչապետին: Մինչդեռ խորհրդարանական համակարգը լիարժեք հնարավորություն է տալիս նման ուժին իր ծրագրերի իրականացմանը ձեռնամուխ լինել միայն խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու միջոցով: Իսկ ո՞վ է որոշելու՝ ո՞ր քաղաքական ուժի ծրագրերն են վտանգավոր, դրանցից որո՞նք իրավունք ունեն խորհրդարան անցնել, որո՞նք՝ ոչ. գործող իշխանական կոնյուկտուրա՞ն, հանրապետության նախագա՞հը... Իսկ գուցե հասարակությունը հենց գործո՞ղ իշխանության կողմից վարվող քաղաքականությունն է ավելի վտանգավոր ու պետության շահերին հակասող համարում...

Հակասություն 3

2014թ. ապրիլին սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շատ հստակ հայտարարել էր, որ իր համար գործող կիսանախագահական համակարգն ավելի նախընտրելի է, քան խորհրդարանականը: «Մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելի է: Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում»,- ասել էր նա: 2015թ. մարտին նույն հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ նա ասում է. «Ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում»։

Նախ՝ ինքնին արդեն հակասական է, թե ինչպես կարող է մինչև տարվա կեսը ինչ-որ մոտեցում, տվյալ դեպքում՝ կիսանախագահական համակարգի նախընտրելիությունը, լինել առավել ընդունելի, իսկ տարվա վերջում դառնալ անընդունելի: Էականը, սակայն, այն է, որ, փաստորեն, կիսանախագահական համակարգը մինչ այս հարցազրույցը ընդունելի էր համարվում հենց երկրի ներքին անվտանգության առավել ապահովվածության տեսանկյունից: Այսինքն՝ հենց այն մասով, որով հիմա է հարցականի տակ դրվում կիսանախագահական կառավարման մոդելի արդյունավետությունը: Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, փորձենք վերոնշյալ հայտարարությունները համադրել ասուլիսի ընթացքում նրա տված այս պարզաբանման հետ. «Եթե ես 100 տոկոսով վստահ չլինեի առաջարկվող համակարգի ֆունկցիոնալության վրա, չէի գնա այսպիսի փոփոխությունների, որովհետև, ի վերջո, պատասխանատվությունը շատ մեծ է, չէ՞: Ինչո՞ւ պիտի, չունենալով լրջագույն պատճառներ, ես գնայի այսպիսի փոփոխությունների: Կառավարման համակարգերի միջև ընտրությունը, փաստորեն, պայմանավորվում է ոչ թե երկրի զարգացման տեսլականով, մենթալային և մշակութային առանձնահատկություններով, այլ կոնյունկտուրային շահերով ու նախապատվություններով:       

Հակասություն 4

«Այո»-ի քարոզչության ողջ ընթացքում ՀՀԿ-ականները փորձում էին ապացուցել, որ փաստացի նոր Սահմանադրոււթյան նախագծում խորհրդարանական ընտրությունների արդյունքով պարտադիր քաղաքական «կայուն» մեծամասնություն ձևավորելու պահանջը դրվել է խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ ամենամեծ ռիսկից՝ քաղաքական պերմանենտ ճգնաժամերից խուսափելու նպատակով: Իր հարցազրույցով Սերժ Սարգսյանն ուղղակի ջարդուփշուր արեց այս «թեզը»՝ անկեղծորեն հայտարարելով. «Ի վերջո, որ այդքան շատ ասում եք՝ կայուն մեծամասնություն, դա կարծրացած չի, չէ՞: Այդ կայուն մեծամասնությունն էլ է շարժվում: Վաղը, մյուս օրը հնարավոր է այդ կայուն մեծամասնությունից երեք, չորս հոգի անցնեն մեկ այլ տեղ, և չկա այլևս այդ կայուն մեծամասնությունը, չկա: Մեկ ուրիշն է դառնում կայուն մեծամասնություն...»: Հետևաբար, հարց է առաջանում. եթե նախագծում դրված այդ «կայուն մեծամասնության» գաղափարն, այնուամենայնիվ, կայունություն չի ապահովելու խորհրդարանում, ապա ո՞րն է ընտրական համակարգում նման արհեստական մեխանիզմ ներդնելու և առավելևս այդ հարցում հասարակությանը մոլորության մեջ գցելու իմաստը: Ի սկզբանե էր, ի վերջո, ակնհայտ, որ եթե իշխանությունը բավականաչափ մոնոլիտ չեղավ, փլուզվելու է՝ անկախ այն հանգամանքից՝ քաղաքական մեծամասնությունը ձևավորվել է ընտրության առաջի՞ն  փուլով, միակուսակցական կամ կոալիցիո՞ն եղանալով, թե՞ երկրորդ փուլով:

Հ.Գ. «Եզակի թեկնածուներ են, ովքեր թշնամի չեն դարձել գործող իշխանություններին, հետևապես նաև՝ երկրին, որովհետև սուտ է, եթե դու իշխանություններին թշնամություն ես անում, ուզած, չուզած՝ քո երկրին ես վնասում»,-ասել է Սերժ Սարգսյանը ասուլիսի ընթացքում: Երկրի ներսում թշնամի փնտրելն ու առավելևս գտնելն, իհարկե, արդարացում չունի: Ամբողջ հարցն այն է՝ ի՞նչ է գործող նախագահը հասկանում «թշնամի» եզրույթի ներքո, ու ո՞րն է այն սահմանը, որնը իշխանությանը և նրա վարած քաղաքական կուրսին դեմ լինելը բաժանում է թշնամությունից՝ բառի բուն իմաստով: Եթե այդ եզրույթը մեկնաբանվելու է կամայականորեն, ապա ոչ մի երաշխիք չկա, որ իշխանությունն ինքն է սկսելու իր ընդդիմախոսներին վերաբերվել իբրև թշնամիների՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Բայց նախագահի խոսքում վտանգավորը նույնիսկ սա չէ. փաստորեն, իշխանությունը նույնացվում է պետության հետ, իսկ իշխանության դեմ լինելը, բնականաբար, ընկալվում է իբրև դեմ լինել պետությանը: Այսպիսի ընկալումը և դա իբրև աքսիոմատիկ ճշմարտություն ներկայացնելը թույլ է տալիս կատարել երկու եզրահանգում: Առաջին՝ եթե պետությունն ու իշխանությունը նույն բաներն են, ապա կարելի՞ է եզրակացնել, որ որքան պետության շարունակականությունն ու անփոփոխելիությունն է համարվում բացարձակ արժեք, նույնքան, ուրեմն, իշխանության անփոփոխելիությունը: Սրանո՞վ է առաջնորդվում իշխանությունը: Երկրորդ՝ սեփական պետությանը դեմ լինելն ունի շատ ուղիղ բնորոշում. պետական դավաճանություն: Հիմա ինչպե՞ս հասկանալ. հասարակության այն ստվար հատվածը, որը դեմ է իշխանություններին, պետական դավաճաննե՞ր են...

 

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Հարգարժան Արմեն Ձեր վերլուծությունները միանգամայն ճիշտ են մշտապես կատարվում են բարձր մակարդակով և խորությամբ; Սակայն այսօր օրակարգում մեկ հարց կա, մինչև երբ է շարունակվելու ներկա, օտարածին հակահայկական բռնապետության գոյությունը։ միթե հայ ազգը սպառել է իր բոլոր միջոցներն ու հնարավորությունները ազատվելու այս խայտառակ ստորացումից։ Այսօրվա պայմաններում նույնիսկ ծիծաղելի է խոսել որևէ սահմանադրության անհրաժեշտության, առավել ևս նրա փոփոխության մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter