
Հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը 2.550.323 է
Հայաստանի ոստիկանությունը հայտնում է, որ հանրաքվեից մեկ օր առաջ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.550.323:
Համաձայն ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը:
Լրացուցիր ցուցակում ընդգրկվածներն են՝
- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեի մասնակիցների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 16856,
- Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 270,
- քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 140,
- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1542:
Ոստիկանությունը միաժամանակ հայտնում է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ին և 6-ին ՀՀ ոստիկանությունում կգործի բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով:
Մեկնաբանել