HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մտածելով, որ գյուղի բնակիչներն իրենց ընտրողներն են, համայնքապետերը վարչական տույժեր չեն կիրառում»

Գայանե Սարգսյան

Լոռիում ստուգված բոլոր 37 համայնքներում  խախտումներ են հայտնաբերվել

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Լոռու մարզպետարանի հողաշինության ու հողօգտագործման բաժնի կողմից ստուգումներ են անցկացվել Լոռու մարզի թվով 37 համայնքներում: Բաժնի պետ Արտակ Օհանյանի տեղեկացմամբ՝ ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ստուգված բոլոր համայնքներում:

«Բոլոր համայնքներում թերություններ, բացթողումներ և խախտումներ կան: Ցավոք, այսօր մենք դեռ չենք հասել այն աստիճանի, որ համայնքներում վերացնենք բոլոր տիպի խախտումները»,- ասում է բաժնի պետը:

Վերջինս, այդուհանդերձ, հավաստիացնում է, որ տարեցտարի խախտումների նվազման միտում է նկատվում, որը սակայն, բավարար չէ:

«Օրենսգրքի համաձայն, յուրաքանչյուր համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների մեջ է մտնում ընթացիկ ստուգումների իրականացումն՝  ըստ անհրաժեշտության: Օրինակ, եթե կա ապօրինի կամ ոչ նպատակային հողօգտագործման դեպք, համայնքի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը կասեցնելու ու մեղավորներին վարչական պատասախանատվության ենթարկելու համար, որը մեր համայնքների ղեկավարները հասկանալի պատճառներով չեն կատարում: Այսինքն, մտածելով որ գյուղի բնակիչներն իրենց ընտրողներն են, չեն կիրառում վարչական տույժեր, հաղորդումներ չեն ներկայացնում դատախազություն կամ այլ իրավասու մարմիններ,- ասում է Ա. Օհանյանը,-  և մեր ստուգումների ժամանակ նման դեպքեր հայտնաբերելու դեպքում մենք համայնքի ղեկավարին վարչական պատասախանատվության ենք ենթարկում իր լիազորությունները չկատարելու, այն է՝ հողերի ոչ նպատակային օգտագործումը չկանխելու, ապօրինի հողօգտագործումը չվերացնելու, հողերի օգտագործման տրամադրման, օտարման կարգը խախտելու համար»:

Զարմանալիորեն, սակայն, բաժնի աշխատակիցներն այս տարի ոչ մի համայնքի ղեկավարի վարչական պատասխանատվության չեն ենթարկել: Ստուգող մարմինը բավարարվել է պարտադիր կատարման ցուցումներ տալով: Հարցին՝ ինչո՞ւ, Ա. Օհանյանը պատասխանում է.

«Մեր հիմնական նպատակը ոչ թե այն է, որ վարչական պատասխանատվության ենթարկենք համայնքների ղեկավարներին, այլ կանխարգելենք նմանատիպ խախտումների գրանցումը: Այսինքն՝ ցանկանում ենք, որ համայնքներւմ հողային օրենսդրության պահանջների խախտումները բացառվեն»:

Համայնքներում ամենից հաճախ հանդիպել են համայնքների ղեկավարների կողմից հողերի օգտագործման տրամադրման կարգի խախտումները. արոտավայրերն  ու խոտհարքները տրամադրվել են օգտագործման առանց պայմանագրեր կնքելու:

Դիտարկմանը, որ առանց պայմանագրերի հողերի օգտագործումը հղի է կոռուպցիոն ռիսկերով, բաժնի պետն արձագանքում է.

«Մեր առաքելությունն էլ հենց այդ կոռուպցիոն ռիսկերի ու չարաշահումների բացառումն է»:

Բաժնի ստուգումներից հետո ստուգայցով Լոռի են այցելել գեոդեզայի ու հողային պետական տեսչության աշխատակիցները, որոնք ստուգել են Լոռու մարզպետարանի հողաշինության ու հողօգտագործման բաժնի կատարած աշխատանքը:

«Բաժնում հայտնաբերված հիմնական թերությունն այն է, որ համայնքների ղեկավարների լիազորությունների կատարման վերաբերյալ բոլոր գործառույթները չէ, որ իրականացվում են ժամանակին և որակով: Հիմնական թերությունը համայնքների ղեկավարների վերահսկողության բացթողումներն են, այսիքն՝ եթե  նրանց նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնենք, բնական է, կբացառվեն նաև խախատումները հողօգտագործման բնագավառում»,-  ստուգումների արդյունքների մասին ասում է բաժնի պետը:

Գեոդեզայի ու հողային պետական տեսչության աշխատակիցները պատահականության սկզբունքով ընտրել ու ստուգումներ են անցակացրել նաև բաժնի կողմից արդեն իսկ ստուգված թվով 6 համայնքներում: Ստուգված բոլոր 6 համայնքներում կրկին խախտումներ են հայտնաբերվել:

Գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը Լոռու մարզպետին միջնորդություն է  ներկայացրել դրանցից 5-ի ղեկավարներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Հոփարձիում պարզվել է, որ  հողամասերը  տրվել են վարձակալության, կնքվել են պայմանագրեր, սակայն պայմանագրերից ծագող իրավունքները չեն գրանցվել պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումում: Համայնքի ղեկավարին տրվել է ցուցում՝ կնքել պայմանագրերն ու ներկայացնել պետական գրանցման: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարի կողմից արդեն իսկ սկսվել է խախտումների վերացման գործընթացը, որոշում է կայացվել նրան վարչական պատասխանատվության չենթարկել:

Արջուտում արձանագրվել են հողի օտարման ու արոտավայրերի վարձակալության պայմանագրերի  կնքման խախտումներ: Ստուգումներից հետո պայմանագրերն արդեն իսկ համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով կնքվել և ներկայացվել են մարզպետարան, իսկ օտարման կարգի խախտումների վերաբերյալ վարչական պատասխանատվության կիրառումը հետաձգվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լոռու մարզպետարանի հողօգտագործման ու հողաշինության բաժինը նույն հարցով արդեն իսկ 150.000 դրամի չափով վարչական պատասխանատության էր ենթարկել համայնքի ղեկավարին, որը չհամաձայնվելով որոշման հետ` այժմ այն բողոքարկել է դատական կարգով:

Դսեղում կնքված չեն եղել արոտավայրերի օգտագործման պայմանագրերը, ինչի արդյունքում համայնքի ղեկավարը վարչական պատասխանատվության կենթարկվի  100.000 դրամի չափով:

Փամբակում  ևս արոտավայրերի օգտագործման հետ կապված պայմանագրերը կնքված չեն եղել, համայնքի ղեկավարը, սակայն, ստուգումներից անմիջապես հետո փորձել է ուղղել խախտումներն ու ըստ ամենայնի չի տուգանվի:

Մեդովկայում խախտումներ են եղել արոտավայրերի պայմանագրերի մասով, եղել են նաև պետական գրանցում չստացած հողամասերի պայմանագրեր: Համայնքի ղեկավարը տուգանվել է 100.000 դրամի չափով:

Սարատովկայում հայտնաբերվել է հողամասի ոչ նպատակային օգտագործման դեպք. տնամերձ հողամասն օգտագործվել է արտադրական նպատակներով և համայնքի ղեկավարը տուգանվել է 150.000 դրամի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter