Մեղադրող դատախազը տապալում է Արմավիրի սոցապի պետի և մի խումբ այլ անձանց գործով դատավարությունը
Արմավիրի սոցապի պետի և մի խումբ այլ անձանց գործով դատավարությունը տևական ժամանակ է չի կայանում՝ մեղադրող դատախազ Դավիթ Վեքիլյանի չներկայանալու պատճառով: Երեկ հերթական դատավարությունը հետաձգվեց, մեղադրողը «սովորության» համաձայն չէր ներկայացել: Նիստը նախագահող Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչիկ Սարգսյանը հայտարարեց, որ դատախազի չներկայանալու պատճառների մասին դատարանը տեղեկություններ չունի, իսկ մեղադրողը պատշաճ ծանուցված է եղել:
Առանց մեղադրողի ներկայության անհնար է դատավարության հետագա ընթացքը, քանի որ վերջինս պետք է հանդես գա մեղադրական ճառով: Իսկ Դ. Վեքիլյան չի ներկայանում՝ իրար հետևից տապալելով նիստերը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ Սեյրան Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2002թ. նոյեմբերի 1-ից աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի տարածքային բաժնի պետի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ, այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական բյուջեից խարդախությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի` 450.016.000 ՀՀ դրամի դրամական միջոցներ:
Ս. Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում), նրա տեղակալ Հերիքնազ Ասատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով): Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի տարածքային բաժնի օպերատոր Ալվարդ Պողոսյանին, «Հայփոստ» ՓԲԸ–ի Արմավիրի մարզային մասնաճյուղի տնօրեն Սամվել Պողոսյանին և նույն ընկերության Արմավիրի փոստային բաժնի 01 փոստային բաժանմունքի պետ Գոհարիկ Դավթյանին:
Նշենք, որ նախաքննության գրեթե ողջ ընթացքում վերը նշված հինգ անձինք մեղադրվում էին 308 հոդվածի 2-րդ մասով: Սակայն, վերջին պահին չորսի մեղադրանքը փոխվել է, ավելի խստացվել, իսկ պետ Սեյրան Կարապետյանինը մնացել է անփոփոխ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել