
«ՀԱՀ-ում հակահայկական ռասիստական վարքագիծը չի պատժվում». քաղաքացի
Աշխատանքի ընդունվելու համար Հայաստանի Ամերիկյան Համալսարանին դիմած քաղաքագիտության մագիստրոս Արտաշես Բոյաջյանից Հետք-ը նամակ է ստացել, որը ներկայացնում ենք ստորև: Ակնկալում ենք, որ համալսարանը կարձագանքի նամակին:
«2015 թ. նոյեմբերի 17-ին ես հրավիրվել էի Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Շարունակական ՈՒսուցման (AUA Extension) բաժին` աշխատանքի ընդունվելու հետ կապված պաշտոնական հարցազրույցի: Հարցազրույցը վարում էր բաժնի պետ տիկին Արփի Բալյանը, որն դրսևորեց բացահայտ հակա-հայկական և ռասիստական պահվածք: Հաջորդ օրը նամակով ահազանգեցի Համալսարանի ռեկտոր պարոն Արմեն Տեր-Կյուրեղյանին: Վերջինս ինձ գրավոր պատասխանեց, բայց իր նամակում նույնիսկ մեկ բառ չկար` տիկին Բալյանին որևէ կերպ պատասխանատվության ենթարկելու մասին:
Ահա թե ինչ պահվածքի մասին է խոսքը (չակերտներում զետեղված ուղիղ խոսքը գրեթե բառացիորեն եմ վերարտադրում և պատասխան եմ տալիս ամեն բառի համար): Զրույցին ներկա էր նաև Բալյանի օգնական Աննա Գրադլյանը և պետք է որ ի վիճակի լինի հաստատել ստորև բերվածը.
Բալյան. «Այստեղ, Հայաստանում, բոլորը խաբեբա են, ազնիվ մարդ չկա»:
Ես. «Ինչպես կարելի է այդպես ընդհանրացնել: Ես, օրինակ, շատ ազնիվ եմ»:
Բալյան. «Միթե: Եթե նույնիսկ այդպես է, դա ուղղակի այն պատճառով է, որ դուք երկար տարիներ ապրել եք ԱՄՆ-ում և պարկեշտություն եք սովորել ամերիկացիներից»:
Ես. «Ոչ, իմ պարկեշտությունը ձևավորվել է Հայաստանում, իմ Ամերիկա մեկնելուց շատ ավելի վաղ»:
Քիչ անց՝ Բալյան. «Եվ նայեք Լոս Անջելեսի հայերի վրա: Իրենք բոլորը բանտերում են: Ես ամաչում եմ հայկական համայնքի անդամ լինելուց»:
Այսինքն, անկախ հայերի բնակավայրից և քաղաքացիությունից, հայ ընդհանրական ազգը ուղղակի ամոթալի ցածր որակի է, և վերջ: Սա ռասիզմ է` ուզած սահմանմամբ:
Եվ սա բարձրաձայնում է ՀԱՀ-ի երևելի պաշտոնյաներից մեկը` օֆիցիալ հարցազրույց վարելու ժամանակ: Իսկ ՀԱՀ-ի ռեկտորը ոչ մի պատասխանատվության չի կանչում իրեն (նույնիսկ բանավոր նկատողության տեսքով), այլ փաստորեն արդարացնում է` «խոսքի ազատության» սկզբունքին հղում կատարելով:
Խնդրում եմ լայն հասարակությանը տեղյակ պահել այս անթույլատրելի հակա-հայկական պահվացքի մասին ՀԱՀ-ի ներսում: Պատրաստ եմ բոլոր գրածներիս համար պատասխան տալ, ինչպես նաև ներկայացնել ռեկտորի հետ իմ նամակագրությունը:
Հարգանքներով`
Արտաշես Բոյաջյան,
Քաղաքագիտության մագիստրոս (Վաշինգտոնի Համալսարան, Սիեթլ)»:
լուսանկարը՝ cometoarmenia.am
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել