
Քարոզչության համար ամենաշատ միջոցները ծախսել է ՀՀԿ-ն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության հիմնադրամներ կատարած մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը:
Համաձայն հրապարակած տեղեկատվության` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության հիմնադրամներ կատարել է մոտ 95 միլիոն դրամ մուտք, որից փաստացի ծախսը կազմել է մոտ 54 միլիոն դրամ, իսկ չօգտագործված կամ չծախսված միջոցները` մոտ 41 միլիոն դրամ:
Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությանը մասնակցել է 7 կուսակցություն և 5 հասարակական կազմակերպություն:
Քարոզչության վրա ամենաշատ ծախսերը կատարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` մոտ 47 միլիոն դրամ, որը կազմում է բոլոր հիմնադրամների ընդհանուր փաստացի ծախսի 80 տոկոսից ավելին:
Հայ ազգային կոնգրեսը քարոզչության համար կատարված մոտ 2 միլիոն դրամ մուտքից ծախսել է ընդամենը 235 հազար դրամը:
Հասարակական կազմակերպություններից ամենից շատ միջոցներ ծախսել է «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը:
Մեկնաբանել