
«Լադա», «Ակվա», «Անի պլյուս» տաքսիները հրաժարվել են դիտորդներին ընտրատեղամաս տեղափոխելուց
Մոտ երկու շաբաթ առաջ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը պայմանավորվածություն է ձեռք բերել 4 տաքսի ծառայությունների հետ՝ դիտորդներին այսօր ընտրատեղամասեր հասցնելու համար: Երեկ և առաջին օրը տաքսի ծառայությունները հերթով տեղեկացրել են, որ չեն կարող դիտորդներին հասցնել տեղամասեր՝ պատճառաբանելով, որ այլ պատվերներ ունեն: Վերոնշյալ 4 տաքսի ծառայություններն են՝ «Լադա», «Ակվա», «Անի պլյուս» և «Տաքսի օնլայն», որոնցից երեքը հրաժարվել են, միայն «Տաքսի օնլայնն» է ծառայություն մատուցել:
«Թրանսփարենսի ինթերնեշնլը» ենթադրում է, որ տաքսի ծառայությունները նախնական պայմանավորվածությունը խախտել են՝ կատարելով քաղաքական պատվեր:
«Լադա» տաքսի ծառայության աշխատակիցը «Հետքին» հայտնեց, թե իրենք քաղաքականության հետ կապ չունեն, չսպասարկելու պատճառը միայն մեքենաների քչությունն է եղել. «Մենք իրենց նախապես զգուշացրել ու ներողություն ենք խնդրել: Պայմանավորվածության պահին մենք մտածեցինք կարող ենք սպասարկել, բայց հետո մեքենաների մի մասը խափանվեց, հիմա ես մեր ներքին խոհանոցը չեմ կարող բացել»,- ասաց աշխատակիցը, ով ներկայացավ Նաիրա:
«Ակվա» տաքսի ծառայության աշխատակիցը՝ Աստղիկը, պատճառաբանեց, թե իրենք հիմնականում քաղաքից դուրս են մեքենաներ ուղարկում, իսկ այսօր մեքենաների մեծ մասը քաղաքում չեն եղել:
«Անի պլյուս» տաքսի ծառայության մենեջեր Արթուր Սարգսյանը «Հետքին» ասաց, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլը» իրենց հետ հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերել. «Իրենք պայմաններ են մեզնից հարցրել, առաջարկել ենք՝ 3 օր առաջ: Դրա մյուս օրն ասել ենք, որ այդքան մեքենա, էդ ժամին չեն կարող սպասարկել: Կիրակի օր ա, վարորդների կեսը չեն աշխատում: Հետո զանգել ենք, ասել ինչքան… գոնե քիչը կարողանանք ուղարկենք, ասեցին էլ պետք չի: Այնպես չէ, որ հրաժարվել ենք: Ընդամենը քննարկման փուլ ա եղել, երբ որ պայմանագիրը կազմվել ա, մյուս օրը ես զանգել, ասել եմ, որ էդ քանակության չեն կարող ապահովել»,- ասում է Արթուր Սարգսյանը:
Ըստ նրա՝ դիտորդներին տեղամասեր հասցնելու համար «Թրանսփարենսի ինթերնեշնլը» մոտ 70 մեքենա է պատվիրել:
Մեկնաբանել