Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում մեկնարկել է հանրաքվեն
Նարինե Վարդանյան
Ուղիղ ժամը 08: 00-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն սկսվեց նաև 40/ 50 ընտրատեղամասում՝ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Այստեղ հաշվառված է ընտրական իրավունք ունեցող 850 ՀՀ քաղաքացի:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Ադամյանն ասում է, որ քվեարկության մասնակցության շատ մեծ ցուցանիշ չեն ակնկալում: Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ մասնակցում է 500-ից մի փոքր ավելի մարդ: Այս հանրաքվեին, հավանաբար, ավելի քիչ մասնակցություն կլինի:
«Սովորաբար, նախագահական ու խորհրդարանական ընտրություններին բնակչությունն ավելի շահագրգռված է լինում, իսկ հանրաքվեն շատերին չէ, որ հետաքրքրում է»,- նշում է նա:
Ընտրատեղամասում առավոտից միայն հանձնաժողովի անդամներն են՝ թվով 8-ը, դիտորդ չկա, վստահված անձ ներկայացված է միայն ՀՀԿ-ի կողմից: Ընդդիմադիր ուժերը ընտրատեղամասում վստահված անձ չունեն:
Գյուղում հանրաքվեի առաջին մասնակիցները պայմանագրային զինծառայողներն ու ոստիկանության աշխատակիցներն են. շտապում են՝ պայմանագրային զինծառայողները՝ մարտական հերթափոխի, ոստիկանության աշխատակիցները՝ աշխատանքի:
Պայմանագրային զինծառայող Արամ Կամենդատյանն առաջին քվեարկողներից է: Ասում է՝ քվեարկել է ավելի լավ երկիր ունենալու համար:

«Դե էդ ա մեզ ի՞նչ ա պետք՝ խաղաղություն, քվեարկել ենք մի բան դեպի դրականը փոխելու համար, լավ աշխատանքի, ապրուստի համար: Այ, կտենաք, լավ ա լինելու»,- նրան լրացնում է Արթուր Փարսյանը, ձգում զինվորական գոտին ու շտապում հասնել մարտական դիրքեր գնացող մեքենային:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել