HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ասել են պետք ա «Այո» ասեք»,- Հաղթանակ թաղամասի բնակիչ

Անժելա Պողոսյան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հաղթանակ թաղամասի 7/14 ընտրատեղամասում առավոտյան ընտրողների պասիվություն էր նկատվում: Ժամը 11- ի դրությամբ ցուցակում գրանցված 1992 ընտրողից 85-ն էր մասնակցել քվեարկությանը, իսկ ժամը 12-ից ընտրողների հոսքը մեծացավ՝ հասնելով 230-ի:

Ընտրատեղամասի առաջ առավոտից մարդկանց կուտակումներ են: Այստեղ կանգնած տղամարդկանցից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համագյուղացիներին է բարևում. «Իմ գյուղն ա, էկել եմ բարևեմ ժողովրդին, համ ընտրելու եմ եկել»: Մեր հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է մինչև երեկո այդտեղ մնալ ու մարդկանց բարևել, վերջինս պատասխանեց. «Անպայման, բա իմ ժողովուրդն է, ո՞նց չբարևեմ, պետք է հարգենք մեկս մյուսին»:

Քվեարկողների մեծ մասը քվեարկելուց առաջ կամ հետո միջանցքում՝ քվեարկության անցկացման վայրից քիչ հեռու մոտենում ու խոսում են Հանրապետական կուսակցության վստահված անձի` Պապոյան Սևիլի հետ:

«Դուք գիտե՞ք՝ ես ով եմ: Մեր համագյուղացիներն են, էստեղ բոլորը ինձ ճանաչում են, դրա համար էլ մոտենում են»,- մեզ հետ զրույցում ասաց Սևիլ Պապոյանը:

Ծերանոցների բնակչուհիներից մեկը, ով շփոթելով իր գրանցման վայրը եկել էր այս տեղամասում քվեարկելու, մեզ հետ զրույցում ասաց, որ որոշել է «այո» քվեարկել. «Բա պետությունն ա մեզ պահում, օրենք ա փոխում, պետք ա ասենք ո՞չ, պետք ա այո ասենք: Դե ի՞նչ անենք, էդ ա, որ ասել են այո… »: Մեր հարցին, թե ո՞վ է ասել «այո» քվեարկել, քաղաքացին դժվարացավ պատասխանել. «Ես ի՞նչ իմանամ, մեկը ասեց, էլի, ես ասեցի պետությունն ա մեզ պահում, կասենք՝ այո»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter