
Դիտորդի ջանքերով կանխվել է կրկնակի քվեարկությունը Գյումրու թիվ 5 դպրոցում
Գյումրու Արցախ թաղամասում գտնվող թիվ 5 դպրոցում է տեղակայաված թիվ 34/31 ընտրատեղամասը: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակից քվեարկողների թվի աճ այս ընտրատեղամասում գրանցվել է դեռ առավոտից: Այստեղ գրանցված 1728 ընտրողից ժամը 14:15-ի դրությամբ հասցրել է քվեարկել 261 ընտրող: Տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինե Թահմազյանն ասում է, որ թաղամասն ընդհանրապես ակտիվ է եւ տարբեր ընտրությունների բավարար մասնակցություն ապահովում է, առավել ակտիվ են հատկապես ԱԺ-ի ընտրություններին: Նշենք, որ այս տարածքից ընտրված պատգամավորը նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է:
ԹԻՀԿ-ից դիտորդ Լարիսա Ժամակոչյանը խոսեց խախտումներից, որոնք արձանագրվել են դեռ վաղ առավոտից: Նախ՝ բավական առաջ են դրված եղել քվեախցիկները, որոնք դիտողությունից հետո հետ են տարվել: Հետո հարկ է եղել կանխել կրկնակի քվեարկության մի դեպք՝ նույն տղամարդը ցանկացել է քվեարկել երկրորդ անգամ: Ժամը 10-ի հատվածում եկել է մի տղամարդ, ում թույլատրել են մասնակցել քվեարկությանը, թեպետ վերջինս, ըստ դիտորդ Լարիսա Ժամակոչյանի ստորագրել է ոմն Սիրանույշի անվան դիմաց:
«Ցանկացա արձանագրել մատյանում, ասեցին, որ դիտորդի համար էջ չունենք, արձանագրել եմ իմ մոտ, երբ ցանկացա նայել տվյալ անձի անձնագիրը՝ տղամարդը հրաժարվեց այն ցույց տալ: Խնդիր ունենք աշխատելու ընտրատեղամասում, հանձնաժողովականները չեն թույլատրում նայել ցուցակները եւ տեսնել, թե ով ում անվան դիմաց է ստորագրում»,- նշեց Լարիսա Ժամակոչյանը:
Մեկնաբանել