
Քասախ գյուղում մեկ պայմանական հասցեում 178 քաղաքացի է գրանցված
Մարինե Մարտիրոսյան
Հրանտ Գալստյան
Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակարաններից մեկում գրանցված է 178 բնակիչ: Նրանց անուններն առկա են գյուղի մշակույթի տան շենքում տեղակայված թիվ 26/27 ընտրական տեղամասի ցուցակներում:
Հանձնաժողովի նախագահ Աշխեն Հովհաննիսյանը «Հետքին» ասաց, որ տեղյակ չէ, թե ինչու են մեկ բնակարանի հասցեում 178 քաղաքացիներ գրանցված: «Ես հանձնաժողովի նախագահ եմ, ինչ իմանամ»,- մեր հարցին պատասխանեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանը: Հանձնաժողովի անդամներից ՀԱԿ ներկայացուցիչը նույնպես որևէ բացատրություն չուներ. նա ասաց, որ գյուղում չի բնակվում:
Այցելեցինք Վ. Սարգսյան փողոցի 7-րդ շենք, որի 11-րդ բնակարանում գրանցված են այս ընտրողները: Շենքի բնակիչները պատմեցին, որ շենքի հասցեները ժամանակին փոխվել են, և այժմ 11 համարի բնակարան չկա: Բնակիչներն ասացին նաև, որ նման դեպք եղել է նաև նախագահական ընտրության ժամանակ, երբ իրենց շենքում բնակվողներից բացի, իրենց խոսքով, գրանցված են եղել 500 այլ ընտրողներ:
Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը «Հետքին» հայտնեց, որ մեկ պայմանական հասցեում իրենք գրանցել են այն բոլոր քաղաքացիներին, ովքեր տարբեր տարիների վաճառել են իրենց սեփականությունը, սակայն դեռ հանդիսանում են համայնքի բնակիչներ: «Մենք հասցե ենք սարքել, բայց դա ոչ մի սեփականատեր չունի»,- ասում է Արա Մկրտչյանը: Նրա խոսքով՝ այդ մարդիկ հին քասախցիներ են: «Մեր գյուղում էդքան մարդ ունենք, ովքեր անձնական, սեփական հասցե չունեն, այսինքն՝ նրանք մեր բնակիչներն են, ովքեր 1965 թ. եկել են գյուղ»,- նշեց համայնքապետը: Իսկ թե նախորդ ընտրություններին այդ նույն հասցեում քանի հոգի էր գրանցվել, նա դժվարացավ պատասխանել: Ասաց, որ գյուղապետարանն, իհարկե, տվյալներ ունի, բայց կիրակի աշխատանքային օր չէ: Իսկ իր աշխատանքի վայրում լինելու մասին, ասաց. «Համապետական միջոցառման օր է, բա ես որտե՞ղ պետք է լինեմ»:
26/29 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Նարեկ Մկրտչյանն էլ Վազգեն Սարգսյան 7-ի բն. 11 հասցեում գրանցված 178 անձնանց մասին նշեց, որ դա իրենց խնդիրն է 2005-06 թթ. սկսած: Նա նշեց, որ նույնիսկ մի քանի տարի առաջ այդ հասցեում մոտ 300 հոգի էր գրանցվել, սկսեցին մաքրել ցուցակը: «Մշտական բացակայողներ կան այդ մարդկանց մեջ: Մաքսիմում մաքրում ենք, որտեղ բնակվում է, այնտեղ գրանցվի, և այդ հասցեի գրանցումից դուրս գա»,- ասաց Ն. Մկրտչյանը, ով գյուղապետի եղբոր որդին է, նույնպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ: Ընդ որում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ այս հասցեում գրանցված է 99 հոգի:
Վերջինս նաև նշեց, որ իրենք իրավունք չունեն այդ մարդկանց հանել գրանցումից, նրանք պարտադիր պետք է ունենան հասցե: Իսկ տվյալ հասցեն ֆիկտիվ է, դա արվեց բնակիչների վերահասցեավորման ժամանակ՝ բոլոր բնակիչներին հասցեներ տալու նպատակով:
Մեկնաբանել