Փոխվարչապետն Արմավիրի մարզում է
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ: Փոխվարչապետը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մասնակցել է Մյասնիկյան համայնքի դպրոցի բացման արարողությանը:
Դպրոցը հիմնանորոգվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) «Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների զարգացման ծրագրի» շրջանակում, նախատեսված է 600 աշակերտի համար: Հաստատությունն ունի ժամանակակից պահանջներին համապատասխան գրադարան եւ մեդիա կենտրոն, վերապատրաստման կենտրոն, բացօթյա դասասենյակ։ Դպրոցի վերանորոգման եւ կահավորման համար ծախսվել է 1,5 մլն դոլար: Սա հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում հիմնանորոգվող հինգերորդ դպրոցն է` Քարակերտ, Շենիկ, Դալարիկ եւ Լեռնագոգ գյուղերի դպրոցներից հետո։
Ա. Գեւորգյանը կառավարության անունից շնորհակալության է հայտնել հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենին` հույս հայտնելով, որ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական կլինեն: Նա գնահատելի է համարել այն, որ ուշադրություն է դարձվում ոչ միայն հաստատությունների վերանորոգմանը, այլեւ կադրերի վերապատրաստման հարցերին:
Փոխվարչապետն այցելել է նաեւ Արմավիրի թիվ 10 դպրոց, որն ընդգրկված է մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման երկրորդ ծրագրում, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին: Ծրագրով հատկացվել է 50 միլիոն դրամ: Տեղեկացվել է, որ համապատասխան պայմանագրերի կնքումից հետո կմեկնարկեն վերանորոգման աշխատանքները:
Այնուհետեւ Ա. Գեւորգյանը ծանոթացել է նույն ծրագրում ընդգրկված Արմավիրի թիվ 5 դպրոցում իրականացված աշխատանքներին: Դպրոցին առաջին հրատապ ծրագրով հատկացվել էր 90 մլն դրամ, որով հիմնանորոգվել են երեք մասնաշենքերը: Երկրորդ ծրագրով հատկացվել է 79 մլն 483 հազար դրամ` մյուս երկու մասնաշենքերի նորոգման համար: Դրանով ավարտին կհասցվի 1141 աշակերտի համար նախատեսված հաստատության վերանորոգումը:
Փոխվարչապետը պատասխանատուներին մեկ անգամ եւս հանձնարարել է հետեւել աշխատանքների որակին, ինչպես նաեւ աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի դրանք հնարավորինս չխոչընդոտեն ուսումնական գործընթացին: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել