HY RU EN

ՀՀԿ վստահված անձը փորձում է ղեկավարել ընտրական հանձնաժողովի աշխատանքը

Ալավերդու թիվ 33/41 ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության վստահված անձ Կամո Բաբայանը չարաշահում է վստահված անձի իր լիազորությունները և փորձում է ղեկավարել ընտրական հանձնաժողովի աշխատանքը: Նա կանգնել էր տեղամասի կենտրոնում՝ քվեատուփերի մոտ, ուղղորդում էր տեղամաս մտնող ընտրողներին, միջամտում էր տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքերին և հանձնարարություններ տալիս տեղամասային հանձնաժողովի նախագահ՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Կարինե Մացակյանին:

«Էս կինը լավ չի տեսնում, հետը մարդ դրեք, օգնի»,- հանձնաժողովի նախագահին կարգադրեց Կ. Բաբայանը: Կ. Մացակյանը կատարեց Կամո Բաբայանի հանձնարարությունը: Վստահված անձը ցուցադրաբար ձեռքով բարևում և բարձրաձայն ողջունում էր ընտրատեղամաս մտող ընտրողներին, քչփչում էր նրանց ականջին ու բարձրաձայն ծիծաղում, որով խանգարում էր տեղամասային հանձնաժողովի աշխատանքներին:

Հանձնաժողովի նախագահ Կարինե Մացակյանը մեր ներկայությամբ երկու անգամ ստիպված եղավ կարգի հրավիրել Կամո Բաբայանին: Հիշեցնենք, որ Կամո Բաբայանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մերձավոր շրջապատից է: Տեղամասում ընդդիմադիր կուսակցությունները չունեին վստահված անձինք: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին տեղամասում հետևում է մեկ դիտորդ Գյումրիի «Ասպարեզ» ակումբից:

Լուսանկարում՝ Կարինե Մացակյանը եը Կամո Բաբայանը