HY RU EN

Հարևաններին տեղափոխող տաքսիստը՝ Լենինգրադյանի ընտրատեղամասում

Երեք ընտրատեղամաս է տեղակայված Աջափնյակի N41 մանկապարտեզում` 9/29, 9/30 և 9/31: Այն գտնվում է Լենինգրադյան 38/5 հասցեում:

Երեք տեղամասերից ամենաակտիվը 9/29 ընտրատարածքն է, որտեղ մինչ այս պահը արդեն 600 ից ավելի ընտրող է մասնակցել քվեարկությանը: Այս ընտրատեղամասում ընդհանուր առմամբ 1745 ընտրող է գրանցված:

Հանձնաժողովի անդամները «Հետքի» հետ զրույցում նշեցին, որ ամեն ինչ բուն ընտրատեղամասում՝ այսինքն՝ ներսում, խաղաղ է ընթանում: Սակայն Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Ավետիք Ծատուրյանը պատմեց, որ շարժը դրսում է: Երկու անձ կա, ովքեր պարբերաբար ընտրողներին ուղեկցում են տեղամաս և հուշում, թե ինչ պետք է նշել:

Լուսանկարում պատկերված երիտասարդը այդ «շարժը» կարգավորողներից մեկն է: Լուսանկարվել, սակայն, չի ցանկանում:

Տեղափոխողներից է նաև լուսանկարի տաքսին: Հակոբ ներկայացող վարորդն ասաց, որ իր շենքի հարևաններին է տեղափոխում ընտրատեղամաս՝ առանց գումարի: Իր շենքը, պարզվեց, Լենինգրադյան 50-ն է, որը ընտրատեղամասից ընդամենը 2 շենք է ներքև: Ընդ որում՝ Հակոբը խոստովանեց, որ բարի գործ է կատարում և անվճար է իր հարևաններին տանում-բերում տեղամաս: Այժմ էլ սպասում է նրանց, որ հետ տանի:

Րոպեներ անց հայտնվեցին տաքսու «շահառուները»: Երկու կանանց հարցրինք, թե որ շենքից են, ասացին՝ Լենինգրադյան 52-ից են, իսկ այդ մեքենան իրենք կանգնեցրել են որպես տաքսի և հասել են ընտրատեղամաս: Տաքսիստին՝ չեն ճանաչում:

Հարևան՝ 9/30 ընտրատեղամասում 1328 ընտրողներից 360-ն է կատարել իր ընտրություն: Հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մանվելյանի հավաստմամբ, մինչ այս պահը իրենց մոտ ոչ մի խախտում չի արձանագրվել:

9/31 ընտրատեղամասում 834 ընտրող է գրանցված, որից 250-ն արդեն մասնակցել է ընտրություններին:

Հանձնաժողովի նախագահ Անահիտ Ղևենյանը նկատեց, որ իր տեղամասին բաժին է ընկել քաղաքի ամենափոքր ընտրատարածքներից մեկը, և ընտրությունները խաղաղ են ընթանում: