
Նահապետավանում մասնակցում են հանրաքվեին, զուգահեռ ընտրում համայնքի ղեկավար եւ ավագանի
Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Նահապետավան համայնքում այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ ընթանում են նաեւ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություն: 842 բնակիչ ունեցող գյուղում համայնքապետի պաշտոնի համար մրցակցում էին 3 թեկնածու՝ գործող համայնքապետ ՀՀԿ-ական Գոռ Պետրոսյան, անկուսակցականներ Լեռնիկ Հարությունյանն ու Թորոս Թորոսյանը: Հետագայում Լեռնիկ Հարությունյանն ինքնաբացարկ էր հայտնել եւ այժմ բավական թեժ մրցակցություն է ընթանում Գոռ Պետրոսյանի ու Թորոս Թորոսյանի միջեւ:
Նահապետավանի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 36/11 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Պետրոսյանը նշեց, որ իրենք աշխատում են անձնագրային բաժնից ստացած երկու ցուցակներով: Ըստ այդ ցուցակների հանրաքվեին քվեարկությանը մասնակցելու են 626, իսկ ՏԻՄ ընտրություններին՝ 630 քվեարկող: Թվերի տարբերությունը բացատրեցին գրանցման տվյալ անձի գրանցման եւ փաստացի բնակության վայրերի միջեւ եղած տարբերությամբ:
Գայանե Պետրոսյանն, ով ԲՀԿ կուսակցությւնից է, հանձնաժողովներում երբեւէ չի աշխատել, առաջին անգամ ընտրվել է թիվ 36/11 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողվի նախագահ:
Ժամը 17-ի դրությամբ Նահապետավանում ընտրություններին մասնակցել է 357 ընտրող: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ ընտրողների մասնակցության ակտիվություն նկատվել է արդեն ժամը 8:30-ից:
Ժամը 16-ից սկսած ընտրատարածքի դիմաց կուտակումներ են: Քվեարկության եկած նահապետավանցիները բացատրեցին, որ շտապում են իրենց պարտքը կատարել, քանի որ անասունի կերակրման ժամերն են մոտենում:
«Իսկ անասունը մարդ չէ, օր հասկնա, թե ընտրություն է, քիչմ սպասե, ըդուր համար էլ ըսպես կուտակումներ են»,-բացատրեց նահապետավանցիներից մեկը:
Նահապետավանում դիտորդական առաքելությամբ որեւէ կազմակերպության ներկայացուցիչ չի այցելել:
Մեկնաբանել