Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե ու ավագանու ընտրություններ Դդմաշեն գյուղում
Արփինե Մինասյան
Այսօր` դեկտեմբերի 6-ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը նաեւ ՏԻՄ ընտրություններ են Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքի մի քանի համայնքներում: Արեգունի, Գեղամաբակ եւ Զովաբեր գյուղական համայնքներում համայնքի ղեկավարի, իսկ Դդմաշեն ու Նորաբակ համայնքներում` համայնքի ավագանու ընտրություններ են:
Գեղարքունիքի մարզի Դդմաշենի 23/14 ընտրատեղամասը տեղակայված է դպրոցի շենքում` 1-ին փողոց, շենք 36 հասցեում: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարիկ Ներսիսյանի խոսքով` ժամը 5-ի դրությամբ ընտրախախտումներ չեն գրանցվել, ընտրությունը շատ նորմալ մթնոլորտում է անցնում: «Քաղաքացիները նորմալ իրենց քաղաքացիական պարտքը կատարում են: Տեղամասում դիտորդներ չկան: Հանրապետական կուսակցության կողմից կան վստահված անձինք, ինչպես նաեւ ավագանու անդամների կողմից»,-ասաց հանձնաժողովի նախագահ Գ. Ներսիսյանը, ում խոսքով հիմնականում անձնագրերով են ընտրել:
Նրա ասելով՝ այս պահի դրությամբ 700 մարդ է մասնակցել հանրաքվեին:

Ընտրատեղամասում գրանցված են հանրաքվեի ցուցակով 1923 ընտրող եւ լրացուցիչ ցուցակով մեկ ընտրող, իսկ ՏԻՄ ընտրությունների ցուցակով՝ 1946 ընտրող: Երկու ցուցակների թվերի տարբերությունը հանձնաժողովի նախագահը բացատրում է հետեւյալ կերպ. «Օրինակ՝ ոստիկանության աշխատողը նույն հաջողությամբ հաշվառված է համայնքում, բայց այլ տեղ է բնակվել, ցանկացել է իր քաղաքացիական պարտքը կատարել տվյալ գտնվելու վայրում, դրա համար նրանք ընդգրկվում են լրացուցիչ ցուցակում հանրաքվեի, օրինակ՝ ոստիկանության ծառայողները, որտեղ հիմա նրանք ծառայության են այլ ընտրական տեղամասում, իրենք այդ տեղամասում են ընտրում»:
Առաջադրված է ավագանու 9 թեկնածու, որոնցից 6-ը ավագանու գործող անդամներն են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել