Դիտորդն ահազանգում է. ընտրության եկած քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրված է եղել
Գայանե Սարգսյան
Լոռու մարզի թիվ 29/8 ընտրական տեղամասային կենտրոնում ներկա գտնվող դիտորդներից ահազանգ էր ստացվել: Դրանք մի քանի ուղղվածության էին: Դիտորդներն ահազանգել էին, որ տեղամասում գտնվում են անհատներ, ովքեր ազատ հետևում են քվեարկության ընթացքին, քվեարկության սենյակում ու դրանից դուրս առկա են մարդկանց կուտակումներ և այլն:
Ահազանգի հետքերով գնալով` մենք զրուցեցինք տեղամասի դիտորդ Բավական Չատինյանի հետ, ով պատմեց. «Երկու անգամ նկատեցի, որ ուրիշի անվան փոխարեն ստորագրված է, այսինքն՝ անձը, ով եկել էր քվեարկության, տեսել էր, որ իր կամ իր ընտանիքի անդամի դիմաց արդեն ստորագրված է: Առաջին անգամ մոտեցա հանձնաժողովի նախագահին, հարցրի արդյոք արձանագրություն չի կազմվել: Բայց նա ժպտաց, թե նման բան չի եղել, ուղղակի տողերի տեղն են խառնել: Հենց նույն պահին քվեարկության եկած մի ուրիշ քաղաքացի կրկին նկատեց, որ իր անվան դիմաց լրացված է անձնագարային սերիան և ստորագրված է: Այս ժամանակ ևս արձանագրություն չկազմվեց: Դա ես նկարահանել եմ, որպեսզի ապացույց լինի»:
Դիտորդը նաև պատմեց, որ որոշ ժամանակ առաջ տեղամասի դարպասների մոտ շատ մեծ թվով անձանց կուտակումներ կար: «Նույնսիկ պահ եղավ, որ տեղամասում այնքան շատ մարդ կար, որ ստիպված էինք զգուշացրել հանձնաժողովի անդամներին»,- նշեց նա: Քիչ ավելի ուշ մեզ հետ զրույցի ժամանակ 29/8 տեղամասի հանձնաժողովի նախագահ Թամարա Սաղաթելյանը վստահորեն նշեց. «Բացարձակ ոչ մի խախտում, ոչ մի արձանագրություն չունենք: Ընտրողներն էլ են շատ գոհ, դիտորդներն էլ»: Մեր նկատառմանը, որ դիտորդներն ահազանգում են խախտումների մասին, մասնավորապես ընտրության եկած անձանց դիմաց անձնագրային տվյալների լրացման ու ստորագարված լիելու մասով, հանձնաժողովի նախագահը փորձեց բացատրել դիմացը դրված թղթի վրա. «Այսպես է եղել: Ուրիշի անվան դիմաց այստեղ ստորագրվել էր, այստեղ կնիքը դրված, բացատրեցինք, ընտրողը համոզվեց գնաց»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել