HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քասախի 26/27 տեղամասում փորձել են քվեարկել օրենքի խախտումներով. կնոջ փոխարեն, հին անձնագրով, իբրեւ իր իսկ երկվորյակ

Մարինե Մարտիրոսյան
Հրանտ Գալստյան

Քասախ գյուղի 26/27 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ (Ժառանգություն) Մարիամ Մեծիկյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ «աչքը շատ բան է տեսել»: Այսօր 60-ին մոտ մի տղամարդ հանձնաժողովի անդամներին ասում էր, որ ցանկանում է քվեարկել իր կնոջ փոխարեն: Հանձնաժողովի նախագահ Աշխեն Հովհաննիսյանը (լուսանկարում) մինչ փորձում էր գտնել կնոջ անունը ցուցակում, «Ժառանգության» ներկայացուցիչը հակադարձում էր, որ այդպես քվեարկել չի կարելի: Ի վերջո, Մ. Մեծիկյանին հաջողվեց կանխել ապօրինի քվեարկության փորձը: «Հետքի» հարցին, թե ինչ էր կատարվում, Ա. Հովհաննիսյանն ասաց, թե իբր «հանաք էինք անում»:

Քիչ առաջ էլ 80-ին մոտ մի տղամարդ առանց նկարի հին անձնագրով փորձել է մասնակցել քվեարկությանը: ՀՀԿ-ական Ա. Հովհաննիսյանը բարձրաձայնում էր, թե տարիքով մարդ է, նոր անձնագիրը տանն է մոռացել, ինչ խնդիր կա որ: Սակայն «Ժառանգության» ներկայացուցչի միջամտությամբ տղամարդը կրկին չկարողացավ քվեարկել՝ ստիպված լինելով մի փոքր ուշ ներկայանալ նույնականացման քարտով:

Օրվա ընթացքում մի անգամ էլ մեկ այլ տղամարդ է փորձել մասնակցել քվեարկությանը, սակայն Մ. Մեծիկյանը միջամտել է՝ ասելով, որ այսօր նրան արդեն տեսել է քվեարկելիս: Երիտասարդը նշել է, թե դա եղել է իր երկվորյակ եղբայրը, սակայն երբ Մեծիկյանը ստուգել է նրա անձնագիրը, պարզվել է, որ տղամարդն արդեն քվեարկած է եղել: Վերջինս ներողություն է խնդրել Մ. Մեծիկյանից ու հեռացել տեղամասից:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter