HY RU EN

Ավագանու անդամ․ «Այսօր Ախթալայի բնակիչների կեսը կուրացել էր»

Քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին ժամը 16:30-ին հանդիպեցինք Ախթալայի թիվ 31/53 ընտրական տեղամասի դռանը հարող պատին փակցված ընտրացուցակների մոտ:  Հայկազ Խաչիկյանն ուղղորդում էր  ընտրողներին։ «Օգնում եմ մարդկանց, որ ճիշտ կողմնորոշվեն»,- բացատրեց  քաղաքապետը:

Տեղամասային հանձնաժողովում ՀԱԿ-ի վստահված  անձ , Ախթալա համայնքի ավագնու անդամ Սասուն Վարդումյանի ասելով, Հայկազ Խաչիկյանը  առավոտյան ժամը 8:00-ից է ընտրացուցակների մոտ կանգնած ուղղորդում ընտրողներին․ «Ես անձամբ մի 7-8 անգամ քաղաքապետին խնդրել եմ հեռանալ տեղամասային  հանձնաժողովի ցուցակներից:

Ասում է՝ հեռախոսս վերցնեմ հետո դուրս գամ, շորս վերցնեմ: Նման պատճառաբանություններով մինչև հիմա աշխատում է ընտրողների հետ: Հետո եկան քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները՝ հարկահավաքը, աուդիտը, քաղաքապետի բարեկամները: Նրանք էլ ազատ մտան քվեախցիկ և տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների փոխարեն ընտրեցին: Այսօր Ախթալայի բնակիչների կեսը կուրացել էր»,-հայտնեց ավագանու անդամ՝ ՀԱԿ-ի վստահված անձը:

Հանձաժողովի նախագահ Դավիթ Ճիճլյանի ասելով տեղամասում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընտրությունները մինչև ժամը 17:00-ն նորմալ է անցել, ընտրատեղամասում որևէ խնդիր չի եղել:  Հանձնաժողովի նախագահը նորմալ էր համարում  քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի  ընտրական տեղամասի տարածքում գտնվելը․«Ես չէի ասի, որ ուղղորդել են, որովհետև, եթե քաղաքացին, ասենք, խնդրում է մի այլ քաղաքացու, որ ընտրացուցակում իր անունը գտնի, դա օրենքի խախտում չէ»,-արդարացավ հանձնաժողովի նախագահը: Դավիթ Ճիճիլյանի ասելով Սասուն Վարդումյանը իրեն տեղյակ է պահել ընտրացուցակների մոտ կուտակումների և մասնավորապես քաղաքապետ Խաչիկյանի և նրա աշխատակազմի  կողմից ընտրողներին ուղղորդելու մասին.«Ես դուրս եմ հրավիրել քաղաքապետին, քաղաքապետարանի աշխատակազմի անդամներին և բոլորին: Հերթապահ ոստիկաններին էլ եմ ասել»,-բացատրեց Դավիթ Ճիճիլյանը:

«Երբ մեզ դիմել են, իսկ դա այսօր կեսօրին էր, մենք  քաղաքապետ Հ. Խաչիկյանին և  քաղաքապետարանի աշխատողներին դուրս ենք հրավիրել տեղամասի տարածքից»,- հայտնեցին Թիվ 31/53 ընտրատեղամասային հանձնաժողովում հերթապահությունը իրականացնող ոստիկանության Թումանյանի բաժնի ոստիկաններ Կարեն Սարյանը  և Ա․Ուլուխանյանը: Այսուհանդերձ Հ. Խաչիկյանը ժամը16:30-ին ընտրացուցակների մոտ դեռ շարունակում էր ընտրողներին ուղղորդել: Մեր ուսումնասիրությունից պարզվեց, որ հանձնաժողովի գրանցման մատյանում տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների փոխարեն ընտրել էին քաղաքապետարանի հարկահավաք Լիլյա  Բաղդասարյանը, վերջինիս ամուսինը՝ Մայիս Վերմիշյանը, քաղաքապետարանի մանկապարտեզի աշխատող Լարիսա Մաթոսյանը, քաղաքապետարանի աուդիտ Իշխան Սոխիկյանը, ԼՀԿ-ի ջարդման արտադրամասի պետ Լևոն Մոսինյանը, ԼՀԿ-ի աշխատակից Ալբերտ Դալլաքյանը և քաղաքապետի բարեկամները: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Ճիճիլյանը մեզ հայտնեց, որ ժամը 17:00-ի դրությամբ  թիվ 31/53  տեղամասի 1258 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 460-ը: