«Երրորդ մասի տղաներին բան չես կարող ասել»,- հանձնաժողովի նախագահ
Շենգավիթ համայնքի թիվ 134 մանկապարտեզի շենքում տեղակայված են երկու ընտրատեղամասեր:
11/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էմմա Դավթյանը հաղորդեց, որ քվեարկությունն անցել է առանց խախտումների: 1745 ընտրողից հանրաքվեին մասնակցել են 905-ը:
Այստեղ դիտորդներ կային միայն ՀՀԿ կուսակցությունից, որոնց ներկայացուցիչները շրջում էին տեղամասով և ցուցումներ տալիս մարդկանց: Քանի որ իրենց գործառույթը հուշող բեյջեր չէին կրում, նրանց անձը պարզելու համար դիմեցինք հանձնաժողովի նախագահին, ով ասաց. «ՀՀԿ-ի տղաներն են, բոլորն էլ վստահված են: Երրորդ մասի տղաներին բան չես կարող ասել: Դիտորդներ ուղարկելու համար մյուս կուսակցություններին էլ եմ ասել, բայց ոչ մեկ մարդ չուներ, որ ուղարկեր»:
Շենքում գործող մյուս ընտրատեղամասի՝ 11/17-ի գրանցամատյանը նույնպես չուներ խախտումների մասին որևէ արձանագրություն: Այստեղ նույնպես դիտորդական առաքելություն էր իրականացնում միայն ՀՀԿ ներկայացուցիչը: Ըստ հանձաժողովի տվյալների՝ գրանցված 1892 անձից քվեարկության է մասնակցել 714 քաղաքացի:
Քաղաքացիների ակտիվ մասնակցության մասին ՀՀԿ դիտորդն ասաց. «Մարդիկ կարոտել են ընտրություններին, դրա համար էլ գալիս են»:
Մինչ երկու ընտրատեղամասերում էլ հանձնաժողովի նախագահները ժխտում են որևէ խախտման մասին, միջանցքում հավաքվել են մի խումբ երիտասարդներ, ովքեր միմյանց գաղտնի ինչ-որ բաներ էին փոխանցում: Լրագրողի ներկայությունը նկատելով՝ հավաքվածները շփոթվեցին ու անմիջապես միմյանց զգուշացրին այդ մասին:
Ազատուհի Խաչատրյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել