HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործող տնօրեններից ոմանք չեն կարողանալու հաղթահարել մրցույթը

 

Հարցազրույց Լոռու մարզպետարանի ԿԳ վարչության պետ Մինաս Սայադյանի հետ

Ըստ ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարության` 2006-2012 թթ. հանրապետությունում պետք է ստեղծվեին ավագ դպրոցներ: Ինչպե՞ս են ընթացել բարեփոխումները Լոռու մարզում:

Այս պահին մենք մարզում ունենք 5 ավագ դպրոց: Դրանք Վանաձորի թիվ 17, թիվ 5, թիվ 10, թիվ 11, ինչպես նաեւ Գուգարքի թիվ 1 դպրոցներն են: Քանի որ 2011-2012 ուս. տարում ավագ դպրոցների կազմավորման գործընթացն ավարտելու ենք, որպես նախագիծ ԿԳ նախարարություն արդեն ներկայացրել ենք Վանաձորի թիվ 13, Ստեփանավանի թիվ 3, Սպիտակի թիվ 3, Տաշիրի թիվ 1, Ալավերդու թիվ 5 եւ թիվ 10 դպրոցները: Բոլոր այն դպրոցները, որոնք նախատեսված ավագ դպրոցներին մոտ են գտնվում, վերակազմակերպվելու են որպես հիմնական դպրոցներ: Ալավերդի քաղաքի համար ես կնշեի, որ Փիրուզյան թաղամասում գտնվող թիվ 9-ը եւ Ակներ գյուղական թաղամասի դպրոցները չեն վերակազմակերպվելու` մնալու են որպես միջնակարգ` քաղաքից իրենց հեռավորության պատճառով: Գյուղական համայնքներում վերակազմակերպման գործընթաց չենք տարել եւ երեւի չենք էլ տանելու: Թումանյանի տարածաշրջանի Օձուն գյուղի 2 դպրոցների կարգավիճակը նույնպես չենք նախատեսում փոխել: Չեն փոխվի նաեւ Վանաձորի թիվ 24 եւ թիվ 18 ներառական կրթությամբ դպրոցները, որոնք իրենց տեղաբաշխվածությամբ առանձնացված են: Նույն կարգավիճակում կմնան Վանաձորի ֆիզմաթ դպրոցը եւ Ստեփանավանի վարժարանը: Միջնակարգ է մնալու Սպիտակի թիվ 8 դպրոցը: Վերջին փուլի համար ԿԳ նախարարություն ներկայացրած մեր նախագծի ընթացքը հայտնի կլինի Կառավարության որոշումից հետո:

Ավագ դպրոցի ձեւավորման ժամանակ հիմնական դպրոցները չեն ունենալու 10-րդ դասարան, իսկ ավագ դպրոցը չի ունենալու առաջին դասարան: Ու աստիճանաբար այդպես գնալու է, մինչեւ ավագ դպրոցում մնան միայն 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարաններ: Ի վերջո, ավագ դպրոցը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով համարվում է 3 դասարան ունեցող դպրոց:

Բարեփոխումներն ի՞նչ են նախատեսում հատուկ դպրոցների եւ այնտեղ սովորող հաշմանդամ երեխաների համար:

Մարզում այս պահին գործող Վանաձորի թիվ 18 եւ Ստեփանավանի թիվ 1 դպրոցներում իրականացվում են ներառական կրթություն` հաշմանդամ երեխաների համար: Այդ դպրոցների կարգավիճակը չի փոխվում:

Քանի՞ հանրակրթական դպրոց կան այս պահին մարզում:

Մեր մարզում 163 հանրակրթական դպրոց է գործում, եւ մեկ մասնագիտական ուսումնարան, աշխատում են 4.117 ուսուցիչներ:

Ավագ դպրոցների ստեղծումը կարծես թե այդքան էլ չի ընդունվում շատ ուսուցիչների եւ ծնողների կողմից: Ինչո՞վ կբացատրեք դա:

Չեմ թաքցնում, այն միարժեք չի ընդունվում: Մտածում եմ, որ նորը միանգամից հեշտ չի ընկալվում: Ավագ դպրոցում ուսուցումը կազմակերպվելու է միայն հոսքային ուսուցման տեսքով եւ մտածում ենք, որ այդ ուսուցումը կտա իր դրական արդյունքը, ինչ-որ տեղ զերծ կպահի մեր աշակերտներին մասնավոր պարապմունքներից: Դա ծնողների համար լուրջ ծախս է: Բացի այդ, 12-ամյա կրթական ծրագիրը նախ ենթադրում է դպրոցների ուսումնական ծանրաբեռնվածության պակասում: Դա նաեւ եվրոպական կրթական համակարգին անցնելու պայմաններից մեկն է: Ասեմ նաեւ, որ մինչ օրս մեր ավարտական փաստաթուղթը եվրոպական երկրներում համարժեք հանրակրթության փաստաթուղթ չի դիտվում: Մենք Բոլոնիայի համաձայնագիր ենք ստորագրել, մեր ցանկությունն է, որ մեր շրջանավարտն իր ավարտական փաստաթղթով հնարավորություն ունենա ոչ միայն մեր հանրապետության բուհերում, այլ նաեւ այն բոլոր երկրների բուհերում սովորելու, որոնք այդ համաձայնագիրը ստորագրել են: Սրանք, կարծում եմ, լուրջ հիմնավորումներ են:

Այդուհանդերձ, չե՞ք մտածում, որ ավագ դպրոցները կարող են եւ չհամալրվել աշակերտներով:

Չի բացառվում: Ես նույնպես այդպիսի մտավախություն ունեմ, որի մասին այս տարի հայտնել եմ մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ: Եվ հիմնավորել եմ, որ ավագ դպրոցների ձեւավորմանը զուգընթաց պետք է վերանայել միջին մասնագիտական հաստատությունների ոչ միայն ցանկը, այլեւ նրանց արտոնությունները ավագ դպրոցի նկատմամբ: Մենք այդ կապակցությամբ առաջարկություն ենք ներկայացրել ԿԳ նախարարությանը: Ավագ դպրոցները լինելու են ԿԳ նախարարության ենթակայության դպրոցներ: Կառավարության որոշման պահից 6 ամսվա ընթացքում մենք ավագ դպրոցները հանձնելու ենք ԿԳ նախարարությանը: Ուսուցիչ կադրերի ընտրությունը կազմակերպելու է դպրոցը, յուրաքանչյուր տարի նախապես 20 տոկոսի չափով վերապատրաստում անցնելու միջոցով: Միայն դասընթացներն ավարտած ուսուցիչները կարող են աշխատել ավագ դպրոցում: Վերջին երկու տարիներին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում որոշ թվով ուսուցիչներ անցել են այդ դասընթացները:

Ի՞նչ սկզբունքով եք ավագ դպրոցի տնօրեններ ընտրել:

Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ: Ուզում եմ «Հետքին» տեղյակ պահել, որ համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի` մինչեւ օգոստոսի 1-ը բոլոր դպրոցների տնօրենները, անկախ նրանց պայմանագրային ժամկետից, պետք է հավաստագրման գործընթաց անցնեն: Պետք է ասեմ, որ հավաստագրման մրցույթը բավականին թափանցիկ է, միայն հարցաշարը մոտ 800 հարց է: Այդ մրցույթները բացարձակ օբյեկտիվ են անցնում: Դա են փաստում նաեւ առ այսօր ունեցած արդյունքները:

Ես տեղեկացված եմ, որ մի մրցույթի ժամանակ 25 մասնակցից 11-ը չի անցել: Ուզում եմ վերադառնալ Ալավերդի քաղաքի դպրոցների տնօրեններին: Ես մի վայրկյան չեմ կասկածում, որ գործող տնօրեններից ովքեր ցանկանում են տնօրեն աշխատել, սակայն անցած տարիներին չեն աշխատել իրենց կառավարչական հմտությունների վրա, ակնհայտորեն չեն կարողանալու հաղթահարել մրցույթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter