HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սրբազան» ավանդույթների խախտումը

Այս մարդը Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի բնակիչ Վազգեն Ասատուրյանն է։

Այս տարվա մարտի չորսին որպես համայնքի ղեկավարի թեկնածու նա մասնակցել է գյուղապետի արտահերթ ընտրությանը։ Մինչեւ ընտրությունը եւ ընտրության օրը տեղի ունեցած բազմաթիվ խախտումների հետեւանքով պարտվել է։ Իր իրավունքը պաշտպանելու համար դիմել է դատարան։ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ա. Պետրոսյան) 2007 թվականի մարտի 14-ի վճռով Վազգեն Ասատուրյանին ճանաչել է ընտրված գյուղապետ՝ լսելով բոլոր կողմերին եւ մանրամասնորեն ուսումնասիրելով N23 ԸԸՀ-ից առգրավված 23/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը եւ քվեաթերթիկների կնքված պարկը։

Դատարանի վճռի տեքստն ավարտվում է հետեւյալ նախադասությամբ. «Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ»։

Մարտի 15-ին Գեղարքունիքի մարզի N 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը N179 գրությամբ դիմել է Գեղարքունիքի մարզպետ պարոն Ա. Գրիգորյանին։ Գրությունը մեջ ենք բերում ամբողջությամբ. «Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 14.03.2007 թ. վճռով Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ղեկավարի հաղթող թեկնածու է ճանաչվել Վազգեն Հրաչիկի Ասատուրյանը։»։Գրությունը ստորագրել է N23 ԸԸՀ նախագահ Ս. Բադալյանը։

Մարտի 23-ին նույն հանձնաժողովը հաղթող ճանաչված թեեկնածու Վազգեն Ասատուրյանին է հանձնել համայնքի ղեկավարի վկայականը։

Ամեն ինչ կարծես թե ընթացել է օրենքով, եթե չհաշվենք, որ մարտի 15-ի գրությունը ստանալուց հետո Գեղարքունիքի մարզպետարանը մինչ օրս Վազգեն Ասատուրյանին չի ներկայացրել Նորաբակի համայնքին եւ պատշաճ ձեւով չի կատարել հանձնում-ընդունում։

Վազգեն Ասատուրյանի ընտրությունը, որ նույնն է թե ժողովրդի արդար քվեն, դուր չի գալիս Գեղարքունիքի մարզպետին կամ նրանից վեր կանգնած այլ պաշտոնյաների, բայց նորաբակցիների ընտրությունն այլեւս անշրջելի է։ Սա հասկանալով՝ տարբեր կարգի պաշտոնյաներ սկսել են համոզել Վազգեն Ասատուրյանին հրաժարվել համագյուղացիների քվեով ստացած պաշտոնից եւ մասնակցել նոր ընտրության։

Վազգեն Ասատուրյանն ու նրա կողմնակիցները, ում հետ բազմիցս հանդիպել եւ զրուցել եմ, հրաժարվելու մտադրություն չունեն։ «Գյուղը կատարել է իր ընտրությունը, հրաժարվելու դեպքում ստիպված կլինենք հեռանալ Նորաբակից». ասում են նրանք։

Վստահաբար կարելի է ասել, որ երկարատեւ ու համառ պայքարից հետո Վազգեն Ասատուրյանն ի վերջո կստանձնի Նորաբակի համայնքի ղեկավարի պաշտոնը։ Նրա հակառակորդների պայքարն այս պահին անձի դեմ չէ, այլ խախտված ավանդույթի։

Նորաբակի բնակիչները խախտել են ընտրության անվան տակ գյուղապետեր, քաղաքապետեր եւ ավելի բարձր պաշտոնյաներ նշանակելու «սրբազան» ավանդույթը։

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը խախտել է գործադիր իշխանության հլու-հնազանդ կամակատարը լինելու «սրբազան» ավանդույթը։

Այսքանից հետո մարզի դատախազությունը, կարծում եմ, չի կարող չխախտել ջրելու «սրբազան» ավանդույթն ու գործ չհարուցել տեղամասային հանձնաժողովի դեմ։ Չէ՞ որ դատական քննության ընթացքում հայտնաբերվել է տասնութ անվավեր թերթիկ (216 ընտրողի 1/12-րդը), որոնք ապահովել էին մրցակից թեկնածուի առավելությունը։

«Սրբազան» ավանդույթների խախտման այս շարքը թերեւս այսքան չմտահոգեր իշխանությանը, եթե դեպքերը տեղի ունեցած չլինեին խորհրդարանական ընտրությունից ընդամենը երկու ամիս առաջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter