HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փոքր գյուղի փոքր մարդիկ եւ նրանց մեծ խնդիրները

Արմավիրի մարզի Բաղրամյանի նախկին շրջանը կազմավորվել է 1983-ին՝ Թալինի եւ Հոկտեմբերյանի շրջանների տարածքներից մի մասի հաշվին: 16 բնակավայր ունեցող շրջանի գյուղերից 7-ը հիմնադրվել են 1980-90-ական թթ.:

Այս վերջին գյուղերից են Կողբավանը, Վանանդը, Տալվորիկը, Արեւադաշտը եւ Արտամետը:

Նախկինում այս գյուղերի չոր եւ ամայի տարածքներն օգտագործվել են որպես կրակադաշտ: Հետո, երբ կրակադաշտը տեղափոխվել է այլ վայր, այստեղ գյուղեր են հիմնվել:

Տալվորիկ գյուղը գտնվում է բլուրներով եզերված տափարակի կենտրոնում: Գյուղի առաջին բնակիչները եկել են 1983-84-ին: 45-ամյա Ալվարդ Մանուկյանը նրանցից մեկն է: Նա հիշում է, թե ինչպես են իրենք՝ հարեւան Նալբանդյանից եկողները, եւ Նոր Կեսարիայից մի քանի ընտանիք հիմնադրել գյուղը:

«Հիմա փաստացի 45 տնտեսություն է ապրում, մի 4-5 ընտանիք էլ կան, որ գնում են արտագնա աշխատանքի: Հիմնականում երիտասարդ տնտեսություններ են»,- ասում է Տալվորիկի գյուղապետի տեղակալ Իսրայել Թամոյան ը:

Գյուղի բնակիչները հայեր եւ եզդիներ են: Առաջինները զբաղվում են հողագործությամբ, երկրորդները՝ անասնապահությամբ: «Առաջ եզդի չկար, բայց հիմա շատ են»,- նշում է Ալվարդ Մանուկյանը, բայց նաեւ հավելում, որ հիմա հատկապես եզդիների արտահոսք կա: Չնայած եզդիների արտահոսքին՝ գյուղի ութամյա դպրոցի տնօրեն Հակոբ Սաֆարյանն ասում է, որ աշակերտների գրեթե կեսը եզդի երեխաներ են:

38 աշակերտ ունեցող դպրոցը բաղկացած է յոթ դասարանից. երկրորդ եւ երրորդ դասարանները համատեղված են: «1993-94 թթ. դպրոց կառուցելու անհրաժեշտություն եղավ: Սկզբում փայտե տնակների մեջ էինք դաս անում, գույք չունեինք: Հետո տեղափոխվեցինք այս շենքը, որտեղ գտնվում է նաեւ գյուղապետարանը: Այսինքն՝ դպրոցական տիպային շենք չունենք,- պատմում է տնօրեն Սաֆարյանն ու ավելացնում, որ մի քանի տարվա ընթացքում իրենց քիչ թե շատ հաջողվել է լուծել դպրոցի խնդիրները:- Սկզբում մասնագետներ չունեինք: Իսկ այսօր գրեթե բոլոր ուսուցիչներն անցել են մանկավարժական դասընթացներ: Բայց այսօր էլ տրանսպորտի հետ կապված խնդիր ունենք: Ուսուցիչներից տեղացի են 8-ը, մյուս 6-ը գալիս են Հուշակերտից: Ինքս էլ Հուշակերտից եմ եւ ամեն օր 15 կմ հեռավորությունից 6 դասատուի հետ գալիս եմ աշխատանքի»: Այնուամենայնիվ, Հ. Սաֆարյանը չի դժգոհում իր եւ հուշակերտցի մյուս մանկավարժների վիճակից:

Հարեւան գյուղերում ուսումը շարունակող 9-10-րդ դասարանցիների եւ Արմավիրում սովորող ուսանողների համար այս տարի գյուղապետարանը մեքենա է գնել, որից հիմա օգտվում է մոտ 20 հոգի: Իսկ դրանից առաջ ճանապարհածախսը հոգացել են ծնողները, կամ էլ երեխաները դպրոց են գնացել ոտքով ու հեծանվով:

«Տղաս երկու տարի հեծանվով 9-10-րդ դասարան դասի է գնացել Հուշակերտ: Հիմա էլ սովորում է Արմավիրի համալսարանում»,- ասում է պատմության ուսուցչուհի Դուստրիկ Ստեփանյանը:

Մոտ մեկ ամիս առաջ գյուղապետարանը գրեթե 1,5 մլն դրամի գույք է հատկացրել դպրոցին՝ սեղաններ, պահարաններ, համակարգիչ, հեռուստացույց: Կրթության տեսչության կողմից էլ վերջերս անցկացվել են ստուգումներ: Տեսչությունը խոստացել է մեթոդական օգնություն ցուցաբերել դպրոցին:

Տալվորիկն ունի բուժկետ, որը գյուղապետարանի եւ դպրոցի հետ նույն շենքում է գտնվում, սակայն բժիշկն ու բուժքույրը գալիս են Հուշակերտից ամսական երկու անգամ: Հիվանդներին տանում են Հուշակերտ կամ Արմավիր: Գյուղը մանկապարտեզ չունի: Միակ հեռախոսն էլ գյուղապետարանում է: Բնակիչների հույսը բջջայիններն են:

Սակայն, այս բոլոր խնդիրների կողքին գյուղացիներն առանձնացնում են հատկապես ջրի հարցը: Բաղրամյանի շրջանը Հայաստանի ամենասակավաջուր տարածքներից է: Այստեղի գյուղերը ոռոգման ջուր ստանում են հիմնականում պոմպակայանների շնորհիվ, որոնք արտեզյան ջուր են մատակարարում դաշտերին: Սակայն, կա նաեւ ինքնահոս տարբերակը. ջուրը Թալինի մայր ջրանցքով գալիս է Ախուրյան գետից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով մոտ 10 տարի առաջ կառուցվել է 13 կմ-ոց ջրատար, որը Թալինի ջրանցքի ջրերը հասցնում է Կողբավան, Վանանդ, Տալվորիկ, Արտամետ եւ Արեւադաշտ գյուղերին:

1,818 հա վարչական տարածք ունեցող Տալվորիկն ունի 1400 հա մշակովի հողեր, որտեղ հիմնական մշակաբույսերն են առվույտն ու ցորենը. այգիներում աճեցվում են բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, վարունգ, ձմերուկ, ինչպես նաեւ խաղող ու ծիրան:

«Ոռոգման ջրի վիճակը, որ ասենք այդքան վատ է, չէ, ուղղակի ժողովուրդն այնքան էլ վճարունակ չէ»,- ասում է Տալվորիկի փոխգյուղապետ Ի. Թամոյանը , ով նաեւ «Շենիկ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի անդամ է: Նրա հավաստմամբ՝ խնդիրը պոմպակայանների էլեկտրաէներգիայի վարձի հավաքագրումն է: «Մեր հողատարածքները հիմնականում պոմպակայաններից են սնվում: Սակայն ՋՕԸ-ն էլեկտրավարձը չի կարողանում ժողովրդից հավաքագրել, եւ փաստի առջեւ ենք կանգնում: Այսինքն՝ մեխանիկականը թանկ միջոց է: Ախուրյանից քիչ քանակությամբ ենք ջուր ստանում: Սակայն այս տարի ծրագիր կա, որ հիմնականում ինքնահոսից օգտվենք»,-մեկնաբանում է փոխգյուղապետը:

Ոռոգման ինքնահոս տարբերակի հիմնական դառնալը, ըստ Թամոյանի, կթեթեւացնի գյուղացու բեռը, քանի որ ջրի սակագինը կիջնի:

Պատահում է, որ ջրի սակավության պատճառով բերքը չորանում է, իսկ գյուղացին ջրի եւ մյուս վարձերը մուծում է հենց իրացված բերքից ստացած շահույթով: «Երբեմն ջուրը շոգ օրերին չի բավականացնում, բերքը չորանում է, երբեմն էլ ընդհատումներ են լինում»,- նշում է Դ. Ստեփանյանը:

«Ոռոգման ջուրը նորմալ է, ուղղակի որ մի քիչ թանկ է, ժողովուրդը վճարելու այդքան մեծ հնարավորություն չունի»,- ասում է երկրաշարժից հետո Տալվորիկ տեղափոխված գյումրեցի Թամար Ղազարյանն ու բազմանշանակ ավելացնում:- Հողերը հիմնականում դրսի մարդկանց ձեռքին են: էս մեր փոքր գյուղի փոքր մարդիկ չեն կարող նորմալ գործ անել»:

Եթե կարելի է ասել, որ ոռոգման ջուրը քիչ թե շատ բավարարում է գյուղացիներին, ապա խմելու ջուրը նրանց համար գլխացավանք է դարձել բառիս բուն իմաստով: Արտեզյան ջրի մեջ աղի մեծ քանակությունը փորացավ է առաջացնում ու ոմանց ստիպել է այլ տեղից բերել խմելաջուրը: «Խմելու ջուրը շատ վատն է: Միշտ էլ այդպես է եղել. խմելաջուր չէ: Իմ ընտանիքը չի խմում: Մենք մեքենայով Նալբանդյանից ենք բերում մեր խմելու ջուրը»,- ասում է Ալվարդ Մանուկյանը: Իսկ ով մեքենա չունի, ստիպված օգտագործում է վնասակար ջուրը:

Փոխգյուղապետ Թամոյանն ասում է, որ ջուրն ուղարկել են լաբորատոր հետազոտության, բայց պատասխանը դեռ չեն ստացել. «Ջուրը միացնում ենք օրական երկու ժամ, բայց որակական հատկանիշներն այն չեն, աղայնությունը շատ է: Բաղրամյանի շրջանում ջրի պրոբլեմ ունեցող գյուղեր շատ կան, մանավանդ խմելաջրի, որովհետեւ որակ չկա»:

Բաղրամյանի շրջանում հսկայական անմշակ հողատարածություններ կան, որոնք գնել են բարձրաստիճան պաշտոնյաները կամ էլ գործարարները: Տալվորիկում, օրինակ, «ՄԱՊ» ընկերությունը ընդարձակ մշակահողեր ունի, որտեղ աճեցվում են բանջարաբոստանային կուլտուրաներ եւ խաղող: Այս եւ իրենց սեփական հողերի վրա են աշխատում գյուղի երիտասարդները:

Սակայն ոչ բոլորն են մնում գյուղում: «Ով կարողանում է դուրս գալ, փախչում է,- ասում է Ալվարդ Մանուկյանը,- Գյուղինստիտուտում սովորող տղաս, որ Երեւանից գյուղ է գալիս, ասում է. «Մամ, ոնց որ վիզս պարան գցած են բերում էստեղ»»:

Գյուղի կյանքից դժգոհ տիկին Ալվարդն առանձնապես հույս չունի գալիք խորհրդարանական ընտրություններից: Նրա տեղեկացմամբ՝ մի քանի օր առաջ գյուղ է այցելել Արմավիրի նորանշանակ մարզպետ, ՀՀԿ անդամ Աշոտ Ղահրամանյանը: «Դպրոցի հարցերով էր ոնց որ,- ասում է Ա. Մանուկյանն ու քմծիծաղով նշում այցի իրական նպատակը:-Գյուղում եւ՛ ՀՀԿ-ից կան, եւ՛ «Բարգավաճ Հայաստանից», բայց մեր ընտանիքն անկուսակցական է, ընտրությունների նկատմամբ էլ հետաքրքրություն չունենք: Ես որ չեմ մասնակցելու»:

Լուս. Նելլի Շիշմանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter