HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նույն բնակարանը գրավադրվել է երկու տարբեր բանկերում. Քաղաքացին դիմել է դատարան` ընդդեմ «Գլենդել Հիլզի»

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ից տուժած քաղաքացիները շարունակում են մամուլի և այլ միջոցներով բարձրաձայնել վճարումների դիմաց իրենց հասանելիք բնակարանները ստացած չլինելու մասին, սակայն պատկան մարմիններն անհաղորդ են և որևէ քայլ չեն ձեռնարկում:

Մհեր Սահակյանը 2008 թ. հոկտեմբերի 23-ին բնակարանի առուվաճառքի մասին նախնական պայմանագիր է կնքել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հետ, որը վավերացվել է նոտարական կարգով: Երևանի գինու գործարանին հարող տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքի 14-րդ հարկում գտնվող 72.5քմ մակերեսով հարդարված բնակարանը ընկերությունը պարտավորվել է որպես սեփականություն գնորդին հանձնել դեռևս 2011թ-ին: Պայմանագրի գինը կազմել է մոտ 33 մլն 604 հազար դրամ: Գնորդ Սահակյանը պարտաճանաչ կատարել է իր բոլոր պարտավորությունները, սակայն մինչ այս պահը բնակարանը չի ստացել:  

2011թ. պայմանագրում կատարվել է փոփոխություն: Ավելացվել է բնակարանի մակերեսը՝ 76.9քմ, ինչպես նաև վճարման ենթակա գումարի չափը՝ 36 մլն 59 հազար դրամ: Իսկ 2012թ-ին Մհեր Սահակյանի և ՎՏԲ-ի միջև կնքվել է 58 հազար 102 ԱՄՆ դոլարի չափով հիպոթեքային պայմանագիր՝ տաս տարի մարման ժամկետով և 12% տարեկան տոկոսադրույքով:

««Գլենդել Հիլզից» խնդրեցին, որ հիպոտեքային վարկ վերցնեմ, որպեսզի նրանք ստանան բնակարանի համար անհրաժեշտ ամբողջ գումարն ու ավարտեն կառուցապատումը: Ընդառաջելով նրանց՝ համաձայնեցի, որ կառուցապատումն ավարտեն 2012թ.-ին, հիփոթեքի պայմանագիր կնքեցի ՎՏԲ-ի հետ, արդյունքում՝ «Գլենդել Հիլզը» ստացավ ամբողջ գումարը, որը պայմանագրով նախատեսված էր բնակարանի համար: Արդեն 2015թ. է, մինչև հիմա փակում եմ հիփոթեքի վարկը, բայց բնակարանի սեփականության վկայական չեմ ստացել»,- ասում է Մհեր Սահակյանը:

Քաղաքացին տեղեկացել է, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը սեփականության իրավունքի վկայականը չի տրամադրում, քանի որ նույն բնակարանը ընկերությունը գրավ է դրել նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում:

«Ասում են, որ հիմա գումար չունեն ու եթե ես ուզում եմ մինչև իրենց սննանկացումը ստանալ վկայականը, ապա պետք է վճարեմ նաև «Ամերիաբանկի» հանդեպ ունեցած ընկերության ֆինանսական պարտքը: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում նույն ընկերությունն այնքան քաջություն ունի, որ նույն բնակարանը 2 անգամ տարբեր բանկերում գրավի տակ է դնում: Իհարկե, դիմել եմ դատարան, բայց խնդիրը նրանում է, որ նույն «Գլենդելից» հայտնել են, որ գնում են սննկացման, ու ես չեմ հասցնի վճիռ ստանալ: Ես չեմ պատրաստվում վճարել ուրիշի խարդախության համար, վճարում եմ ամեն ամիս ՎՏԲ-ից ստացված հիփոթեքի տոկոսներն ու մայր գումարն օրենքի շրջանակներում»,- նշում է Մ. Սահակյանը:

Պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու, գումար բռնագանձելու պահանջով Մհեր Սահակյանի հայցադիմումը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մուտք է արվել դեռևս հուլիս ամսին: Դատավոր Կարինե Պետրոսյանը մերժել է «Գլենդել Հիլզի» գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին Մ. Սահակյանի միջնորդությունը: Այս գործով առաջին նախնական նիստը նշանակվել է դեկտեմբերի 16-ին:

Նշենք, որ այս պահին «Գլենդել Հիլզի» սնանկացման պահանջով ՀՀ դատարաններում քննվում է երկու գործ, որոնցից մեկը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պահանջով: 2015թ-ին նույն պահանջով ևս երկու դիմում է մուտք եղել, որոնցից մեկով դիմումատուն եղել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն: Սակայն վերջինս դիմումը հետ է վերցրել:

Մ. Սահակյանի կարծիքով՝ «Գլենդել Հիլզի» սեփականատերերը կարող են հեշտությամբ փակել «Ամերիաբանկում» ունեցած իրենց 13 հազար դոլար պարտքը և իր հասանելիք բնակարանի սեփականության վկայականը հանձնել իրեն:

Մհերն այժմ աշխատում ու սովորում է Չինաստանում: Ասում է, որ իր չինացի ընկերներին, ովքեր ներկայացնում են, թե՛ տեղի գործարար աշխարհը, թե՛ ընդգրկված են կառավարության օղակներում, պատմում է Հայաստանի մասին, հորդորում է ներդրումներ կատարել: Սակայն վստահ է, որ եթե տեր չկանգնի իր իրավունքներին, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ, իր բնորոշմամբ,  չպատժի «Գլենդել Հիլզին» իր խարդախ գործունեության համար, ապա ոչ մեկի մոտ հետաքրքրություն չի առաջանա ներդրում կատարել Հայաստանում:

«Գործընկերներս ու ընկերներս իմանալով դեպքի մասին, կմտածեն, որ, եթե Հայաստանը տեր չի կանգնում նույնիսկ հային, ինչու՞ պետք է տեր կանգնի օտարին: «Գլենդել Հիլզի» թե՛ երիտասարդ աշխատակիցներին, թե՛ սեփականատերերին հորդորում են զերծ մնալ խարդախություններից, թող համոզված լինեն, որ սննակացումը պատասխանատվությունից չի ազատելու իրենց…Ավելի լավ է արագ հանձնեն բոլոր բնակարաններն ու զերծ մնան հետագա անախորժություններից»,- ասում է Մհեր Սահակյանը:

լուսանկարը` glendalehills.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter