Ուրիխանյանը հայտարարում է, որ ստանձնելու է ՀՀ-ում 1մլն-ից ավելի դժգոհ մարդկանց մոբիլիզացիայի գործը
Լիլիթ Թադևոսյան
«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցավ և ինձ համար անձամբ ապացուցվեց մեկ պարզ բան, որ շուրջ մեկ միլիոն քաղաքացիներ, եթե ոչ ավել, արտահայտեցին իրենց «ոչ»-ը ու մասնակցելով քվեարկելով արտահայտեցին, չմասնակցելով և չքվեարկելով արտահայտեցին, մասնակցելով քվեարկելով, այնուհետև կորցնելով իրենց ձայները»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ սա նշանակում է, որ ճիշտ այդ թվով մարդիկ դժգոհ են առկա իրավիճակից, անարդյունավետ կառավարումից, նրանցից, ովքեր իրականացնում են այդ անարդյունավետ կառավարումը:
«Եվ կորսված ձայների, չմոբիլիզացված ուժի, իմ որակմամբ արդյունքն այն է, որ չկար անհրաժեշտ ռեսուրս, համարժեք ուժ՝ դիմագրավելու այն ուժին, որը մեքենայությունների արդյունքում ապահովեց այն արդյունքները, որոնք արձանագրվեցին: Ունենք այն, ինչ ունենք, ունենք շտկելու հնարավորություն մոտավորապես տասը ամսվա ընթացքում՝ որպես նախապատրաստական շրջան, դրանից հետո ևս մի քանի ամիս գործնական քայլեր կատարելու համար, որպեսզի կարողանանք հակադրել այնպիսի ուժ, որի առկայությունը կվերացնի որոշումների կայացման դաշտից իշխանություններում տեղ զբաղեցրած անարդյունավետ կառավարողներին և նրանց շահերը սպասարկող հնացած ավանտյուրիստներին»,- ասաց Ուրիխանյանը:
Նրա խոսքերով՝ ՀՀ-ում մեկ միլիոնից ավելի պրոբլեմի մեջ թաղված, դժգոհություն արտահայտելու ցանկություն ունեցող, դժգոհություն արտահայտելու հնարավորություն ունեցող և դժգոհություն արտահայտելու հնարավորություն չունեցող մարդկանց մոբիլիզացյիայի գործը ու պարտականությունը այսուհետ ստանձնելու են իրենք:
Ի հավելումն՝ պատգամավորն ասաց, որ այս հայտարարությամբ ինքը դրսևորում է հավակնություն՝ այսուհետ մոբիլիզացնելու ՀՀ-ում սահմանադրական, օրինական փոփոխությունների ճանապարհով որոշումների կայացման դաշտ ազնիվ, արդար, մաքուր աշխատելու ունակ, փորձառություն ունեցող մարդկանց բերելու:
«Կոչ եմ անում իմ հերթին՝ օգտագործել մնացած նվազ, բայց բավարար ժամանակը՝ եկող ընտրություններին ընդառաջ ստեղծելու այն ուժը, այն հնարավորությունը, որ չի տանելու մեզ հերթական անգամ պարտությունների»,- եզրափակեց Ուրիխանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել