
Զարուհի Փոստանջյանն առաջարկում է կազմակերպել Սյունիքի մարզպետի կեղծ թաղումը
Լիլիթ Թադևոսյան
«Քաղաքացի՛, դու քվեարկեցիր ռեժիմին անհնազանդություն հայտնելու քո դիրքորոշումը: Հիմա հասունացել է պահը` ապացուցելու, որ դու նաև զորեղ ես»,- ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Դու ես Հայաստանի Հանրապետության իշխանության աղբյուրը, դու ես իշխանություն կրողը և իշխանություն բանեցնողը: Հանցավոր ռեժիմը տապալելու` նրան մահ պատճառելու համար դու կարող ես դրսևորել խաղաղ անհնազանդություն, որը ճանապարհ է դեպի քեզ պատկանող իշխանությունը: Գրավի՛ր քեզ պատկանող իշխանությունը: Դու՛րս արի փողոց: Ստեղծի՛ր Ազատության հրապարակներ քո բնակավայրում և այդտեղ արտահայտիր քո վերաբերմունքը առկա հանցավոր ռեժիմին: Ընդվզի՛ր ապօրինի գործողությունների դեմ: Ծաղրի՛ր քո վրա փաթաթված hանցավոր օրենքները և դրանք կիրառող անձանց: Բեմադրի՛ր թատրոններ` ծաղրիր քեզ ցավ պատճառողին: Բազմամարդ հանրային վայրերում անցկացրու՛ փոքր բողոքի երթեր` ցուցադրիր քո վերաբերմունքը ռեժիմին: Անցկացրու՛ քաղաքական սուգ` հոգեհանգիստ, թաղում: Այդ ծեսի միջոցով ազատվիր հանցավոր ռեժիմի անցանկալի անձանցից: Կազմակերպի՛ր բանկերին բոյկոտ` պայմանագրերի խզում, պահանջի պարտքի սառեցում, պայմանագրային պարտավորությունների վերակազմում: Հրաժարվի՛ր կարմիր գծերի և արագաչափերի տուգանքների վճարումից: Վերցրու՛ քո գյուղի, քաղաքի և համայնքի վերահսկողությունը` ստեղծի՛ր ինքնակառավարման օղակներ: Երիտասարդ աղջիկներ և տղաներ, ձեր ստեղծագործ մտքով առաջնորդե՛ք ձեր համայնքները` գրավե՛ք հարթակները, դարձե՛ք առաջնորդներ: Կանայք` ստանձնե՛ք քաղաքական պատասխանատվությունը, ձեր ձեռքը վերցրեք քաղաքական գործընթացների ուղղորդումը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Վերջինս նշեց, որ ոչ ոք չի կարող անմասն մնալ հանցավոր ռեժիմի տապալման հարցում, և իրենցից յուրաքանչյուրն ունի իր պարտականությունը կատարելու բաժինը:
Նա ասաց, որ ինքը չի սպասում, և չի պատրաստվում սպասել ևս մեկ համապետական ընտրության, որովհետև ցանկացած համապետական ընտրություն այս պայմաններում կեղծվելու է, և որևիցե մեկը չունի հնարավորություն՝ ընտրության միջոցով տապալել ապօրինի իշխանություններին:
«Հետևաբար, կարող եք սկսել: Օրինակ՝ կազմակերպեք կեղծ թաղում, սկսեք Լիսկայից, Սյունիքի մարզը առաջին հերթին սկսենք ազատագրել՝ սկսելով կեղծ թաղումների, հոգեհանգիստների միջոցով, բեմադրությունների միջոցով ծաղրել այս իշխանություններին: Դա մեզ հնարավորություն է տալու համախմբվելու: Ես ասացի ընդամենը մի քանի քայլեր»,- ասաց Փոստանջյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել