HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

900 Արեւորդիներ խնամում են բնությունը

Ապրիլի 1-ից սկսվել է «Արեւորդի» առաջին տարածաշրջանային բնապահպանական փառատոնը, որի նպատակն է փոխել մարդկանց սպառողական վերաբերմունքը բնության նկատմամբ եւ սովորել խնամել բնությունը:

Փառատոնի ապրիլյան հատվածում նախատեսվում են միայն աղբահավաքներ, քարահավաքներ եւ ծառատունկեր: Փառատոնի հիմնական մասը տեղի կունենա հոկտեմբերին Դիլիջանում, եւ կլինեն բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն, ֆոտոցուցահանդեսներ, սեմինարներ, արշավներ:

900 արեւորդիներ, որոնց շարքերում են դպրոցականները, ուսանողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ սկաուտները, ապրիլի 1-12-ը լինելու են Ուրցաձորում, Դիլիջանում, Գյումրիում եւ Գողթում: Յուրաքանչյուր վայրում տեղական ինքնակառավարման մարմինների եւ մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում որոշվել են աղբահավաքի համար առավել կարեւոր տեղանքները, օրինակ` Գյումրիում կմաքրվեն ապակեբամբակով աղտոտված բնակելի տարածքները, Ուրցաձորում` Վեդի գետի տարածքը, Գառնիում` ձորի աղբակույտերը:

«Ես նախկինում մտածում էի, որ այս աղբը ես չեմ թափել, ինչո՞ւ ես պետք է հավաքեմ, բայց հիմա էլ այդպես չեմ մտածում, որովհետեւ արդեն մեծ եմ եւ հասկանում եմ, որ եթե այդպես մտածենք, ապա բնությունը կնեղանա մեզանից ու կզրկի մեզ իր բարիքներից»,- ասում է ուսանողուհի Մարինեն, ով «Արեւորդի» ծրագրի շրջանակներում Գառնիի ձորում մասնակցում էր աղբահավաք աշխատանքներին: Գառնիի ձորը լիքն էր կենցաղային թափոններով, շշերով, հանգստից հետո թողած տարբեր արտադրության ապրանքների մնացորդներով: Աղբահավաք աշխատանքներին մասնակցող ուսանողներն ու դպրոցականները վստահ էին, որ դա զբոսաշրջիկը չի արել, այլ Գառնիի բնակիչը կամ էլ Երեւանից եկած հանգստացողները:

«Ես ճշգրիտ չգիտեմ, թե որ տիպի աղբը ինչպիսի վնաս է հասցնում բնությանը, բայց ենթադրում եմ, օրինակ, որ այս պոլիէթիլենե տոպրակները, կազմելով շերտ հողի վրա, խոչընդոտում են նոր ծիլերի առաջացմանը: Հստակ չգիտեմ, բայց այդպես եմ մտածում: Ու շատ վիրավորական է, որ հենց հիմա` նոր մի անցնող մեքենայից աղբը դուրս գցեցին` անգամ տեսնելով, որ մենք մաքրում ենք»,- ասում է Մարինեն:

«Որքան մաքուր լինի, այնքան մենք առողջ կլինենք: Մենք հիմա չենք կարող ասել` ով է այստեղ թափել, բայց թափած է եւ պետք է մաքրել: Ես համաձայն չեմ իմ որոշ համակուրսեցիների հետ, ովքեր իրենց մի կողմ են պահում այս միջոցառումներից, կարծես օտար երկրում են»,- ասում է ուսանողուհի Անին:

«Արեւորդի» փառատոնի վերաբերյալ այլ տեղեկություններ կարող եք գտնել www.sunchild.am կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter