HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաստաբանները ձերբակալված կամ կալանավորված անձանց կկարողանան տեսակցել ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը դեկտեմբերի 8-ին կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով:

Այս փոփոխություններով առաջարկվում է ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնության լիարժեք իրացում՝ վերացնելով առկա խոչընդոտները: Մասնավորապես՝ նախագծով հնարավորություն է ընձեռվում ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցել ոչ միայն իրենց պաշտպանի, այլև պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ: Ընդ որում՝ թե՛ պաշտպանի, թե՛ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ տեսակցությունները կարող են տեղի ունենալ նաեւ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին: Գործող օրենքով ոչ աշխատանքային օրերին պաշտպանները քրեակատարողական հիմնարկում չեն կարող տեսակցել իրենց պաշտպանյալի հետ:

Օրենքի փոփոխությունների համար հիմք է հանդիսացել արդարադատության նախարարին ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը:

Ոչ աշխատանքային օրերին տեսակցությունների արգալքի պատճառն այն է, որ այդ հիմնարկների գործունեությունը կանոնակարգող ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ արգելվում են նշված կատեգորիայի անձանց տեսակցությունն իրենց պաշտպանների հետ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին: Սա, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, խախտում է քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց իրավունքները, ինչպես նաև հակասում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին:

Կառավարությունն այս օրենսդրական նախաձեռնությունը հիմնավորել է ՄԻԵԴ մի շարք որոշումներով ու միջազգային փորձով: Եվրոպական մի շարք երկրների  օրենսդրության վերլուծությունը թույլ է տվել վեր հանել տեսակցությունների իրավունքի իրացման առնչվող մի շարք ընդհանուր պահանջներ, որոնք վերաբերում են տեսակցությունների նվազագույն տևողությանը, այդ իրավունքի սահմանափակման իրավական հիմքերին և այլն:

Օրինակ, Գերմանիայի Բանտային ակտը նախատեսում է տեսակցության իրավունքի սահմանափակում միայն այն դեպքերում, երբ վտանգված է քրեակատարողական հիմնարկի անվտանգությունն ու կարգը կամ քրեական օրենսգրքի իմաստով ազգական չհանդիսացող անձանց հետ տեսակցությունը, եթե մտավախություն կա, որ վերջիններս ազատությունից զրկված անձի վրա կարող են ունենալ վնասակար ազդեցություն կամ խոչընդոտել նրա ինտեգրմանը: Նիդերլանդներում տեսակցությունները կարող են մերժվել միայն քրեակատարողական հիմնարկի անվտանգության, հասարակական կարգի և ազգային անվտանգության պահպանման, հանցագործությունների կանխարգելման կամ հանցագործությունից  տուժողների պաշտպանության նպատակով:

Եվրոպական դատարանի Ջասպերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ը ելնում է պաշտպանության միասնական իրավունքի գաղափարից (Jasper v. the United Kingdom գործով 2000 թվականի փետրվարի 16-ի վճիռը, գանգատ թիվ 27052/95): Ըստ այդմ՝ կախված պաշտպանության բնույթից և գործառույթներից, գործնականում հնարավոր են  իրավիճակներ, երբ պաշտպանության իրականացումը կախվածության մեջ է դրվում պաշտպանյալի հետ թեկուզ մեկ հանդիպումից, օրինակ՝ դիրքորոշման համաձայնեցում, որևէ նյութի կամ ապացույցի քննարկում, միջնորդություն ներկայացնելու կամ բացարկ հայտնելու հնարավորության քննարկում և այլն: Հակառակ դեպքում, ոչ միայն կարող է վնասվել պաշտպանության արդյունավետության, այլև մասնագիտական պարտքի պատշաճ կատարման և պաշտպանյալի շահերը չվնասելու փաստաբանական սկզբունքները, ինչից անխուսափելիորեն կտուժի ոչ միայն արդարադատությունը, այլև փաստաբանության ինստիտուտի նկատմամբ հանրային վերաբերմունքը:

Մեկ այլ՝ Իսանովն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռում Եվրոպական դատարանը արձանագրել է, որ դատական նիստերն անցկացվել էին յուրաքանչյուր աշխատանքային օր և տևել ամբողջ օր, որոնց ընթացքում դիմումատուին և նրա փաստաբանին խորհրդակցելու և հաղորդակցվելու բավարար հնարավորություններ չէին ընձեռվել: Նրանք ստիպված են եղել հաղորդակցվել դատական նիստերի դահլիճում՝ դատավարության բոլոր մասնակիցների ներկայությամբ, քանի որ հանգստյան և ոչ աշխատանքային օրերին փաստաբանի մուտքը  քրեակատարողական հիմնարկ եղել է արգելված: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ նման սահմանափակումներն անխուսափելիորեն հանգեցրել են դիմումատուի կողմից իր փաստաբանների հետ հաղորդակցվելու և նրանց հարցեր հղելու անհրանինությանը, ինչն էական նշանակություն է ունեցել պաշտպանության նախապատրաստման համար:

Նախագծի հեղինակները փաստում են, որ գոծնականում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ ձերբակալված կամ կալանավորված անձին անհրաժեշտ է տեսակցել դեռ պաշտպան չհանդիսացող փաստաբանին՝ վերջինիս կողմից պաշտպանությունն իրականացնելու համաձայնության համար: Գործող կարգավորումներով փաստաբանները հանդիպում են որոշակի բարդությունների: Մասնավորապես, ձերբակալված անձի ազգականի հրավերով փաստաբանը ցանկանում է այցելել ձերբակալվածին՝ վերջինիս պաշտպանությունը ստանձնելու և քրեական գործին՝ որպես պաշտպան ներգրավվելու համար: Փաստաբանը նման դեպքերում ստիպված է սպասել քննիչին և ազատությունից զրկման վայր այցելել քննիչի հետ միասին, հակառակ դեպքում նա չի կարող մուտք գործել այդ վայր:

Պրակտիկայում հաճախ է հանդիպում դեպքեր, երբ փաստաբանը քննիչին սպասել է մեկ ամբողջ օր այն պատճառով, որ վերջինս, ասենք՝ զբաղված է: Սա անշուշտ բացասական է ազդում ձերբակալված անձի պաշտպանության իրավունքի վրա:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում դրական է գնահատում օրենքի առաջարկվող փոփոխությունը: Նա նշեց, որ պրակտիկայում լինում են նաև դեպքեր, երբ որպես պաշտպան փաստաբանի ներգրավելու մասին տեղեկանալով վարույթն իրականացնող մարմինը հատուկ ձգձգում է փաստաբանի մուտքը քրեակատարողական հիմնարկ, այդ ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի հետ իրականացնելով քննչական գործողություններ: Առաջարկվող տարբերակով այդ պրակտիկան այլևս չի շարունակվի:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հետևյալ հիմնական փոփոխությունները.

Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ առանձին, անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի եւ տեւողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից»:

Կալանավորված անձի միջնորդության հիման վրա, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, նրան թույլատրվում են նաև առանձին, անարգել տեսակցություններ քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տեւողության սահմանափակման, եթե դա կապված է կալանավորված անձին քրեական գործի քննության հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտության հետ: Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված միջնորդության քննարկումը և լուծումը, ինչպես նաև կալանավորված անձի կողմից դրա կապակցությամբ կայացված որոշման բողոքարկումն իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը փաստաբանի կամ պաշտպանի հետ տրամադրվում է այն դեպքում, երբ վերջիններիս կողմից ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանական գործունեության արտոնագիր կամ փաստաբանի վկայական՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղղված համապատասխան հավաստագրի հիման վրա:

Եթե առկա է ձերբակալված անձի մասնակցությամբ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ապա պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ նրա տեսակցության տևողությունը կարող է սահմանափակվել պաշտպանի հետ տեսակցության սահմանափակման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով եւ կարգով:

Եթե ձերբակալված կամ կալանավորված նույն անձի հետ տեսակցության համար ներկայացել է մի քանի փաստաբան կամ պաշտպան, ապա ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի գրավոր որոշմամբ, ելնելով այդ վայրի անվտանգության և բնականոն աշխատանքի ապահովման անհրաժեշտությունից, ձերբակալված կամ կալանավորված անձի հետ միաժամանակյա տեսակցության հնարավորություն կարող է տրվել ոչ բոլոր փաստաբաններին կամ պաշտպաններին՝ այդ որոշման պատճենը տրամադրելով ձերբակալված կամ կալանավորված անձին, ինչպես նաև տեսակցության եկած փաստաբաններին կամ պաշտպաններին: Այս դեպքում ձերբակալված կամ կալանավորված անձն ինքն է ընտրում այն փաստաբաններին կամ պաշտպաններին, ում հետ պետք է տեսակցի:

Մի շարք հոդվածներում առաջարկվող փոփոխություններով գործում ներգրավված պաշտպանից բացի նույն լիազորություններով է օժտվում նաև դեռ պաշտպան չհանդիսացող փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter