HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Դեկտեմբերի 8-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  արտաքին գործերի նախարարԿարեն Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման և ընդարձակման, ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող  օգնության, ինչպես նաև շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող խախտումների և սադրանքների աճի հետ կապված հարցեր: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել նրանց գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը:

Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ հանդիպումից հետո ԼՂՀ արտաքին գործերի նախարարը մասնակցել է ի նպաստ Արցախի քարոզարշավի մասնակիցների համար կազմակերպված ընդունելությանը, որոնք Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ժամանել էին Վաշինգտոն՝ ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումներ ունենալու և Արցախին առնչվող հարցերը կոնգրեսականների հետ քննարկելու համար: Ընդունելության ընթացքում Կարեն Միրզոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:

Նույն օրն արտաքին գործերի նախարարը հանդիպել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացում առկա իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, երկուստեք ընդգծվել է հրադադարի խախտումները բացառելու և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Հանդիպումներին ԼՂՀ ԱԳՆ ղեկավարին ուղեկցել է ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter