HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է 3 քրեական գործ՝ թիվ 10 ընտրատարածքի 3 տարբեր տեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացված ահազանգերի ստուգման արդյունքում դեկտեմբերի 8-ին հարուցվել է 3 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։

Դրանք են՝
1. Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայքում դեկտեմբերի 6-ին հրապարակվել էր ահազանգ, որ Երևան քաղաքի թիվ 10/15 ընտրատարածքում ընտրողը ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ իր եղբոր և նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է, սակայն հանձնաժողովը հրաժարվել է արձանագրել խախտումը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են թիվ 10/15 ընտրատեղամասի ընտրացուցակներում ընդգրված այն ընտրողների տվյալներ, որոնց փոխարեն, ըստ ահազանգի հեղինակի, մեկ ուրիշը քվեարկել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
2. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին գրություն է ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՀՀ գլխավոր դատախազություն ահազանգել է՝ թիվ 10/20 ընտրատեղամասում մի ընտանիքի փոխարեն կատարված քվեարկության մասին։ Քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ահազանգում մատնանշված անձանց ինքնությունը՝ Երևան քաղաքի թիվ 10/20 ընտրատեղամասի ընտրողներ Լուսինե Վաչագանի Ասլանյան, Մարիամ Գրիգորի Դեմիրճյան և Անահիտ Սերոժի Հարությունյան, որոնց անվան դիմաց ընտրացուցակներում առկա են եղել ստորագրություններ և, ըստ ահազանգի, նրանց փոխարեն քվեարկել են այլ անձինք։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։
3. 2015 թվականի դեկտեմբերի 06-ին «newsbook» լրատվական կայքում հրապարակվել է «Ընտրախախտում 10/14 ընտրատեղամասում տարեց կնոջ անվան դիմաց նախապես ստորագրված է եղել» վերտառությամբ հրապարակումը, որտեղ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվել են համապատասխան միջոցառումներ։
Պարզվել է հոդվածում նշված ընտրողի ինքնությունը, ով թիվ 10/14 ընտրական տեղամասի ընտրող Ժենյա Վաղարշակի Ղասաբօղլյանն է. վերջինս, այցելելով ընտրատեղամաս, պարզել է, որ իր անվան դիմաց ընտրացուցակում առկա է այլ անձի ստորագրություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։
Նշված բոլոր երեք քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտություն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտում դեկտեմբերի 8-ի դրությամբ հարուցվել է 5 քրեական գործ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ընտրախախտումների կապակցությամբ։
ՀՀ Քննչական կոմիտեում ստացված մյուս ահազանգերն ստուգելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter