HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Այս մարդկանց մասին չգիտեն կամ չեն ուզում իմանալ

Գուրգեն Մահարի 127/2 հասցեում (նախկին խոհարարական ուսումնարան Վարդաշենում) ապրող մարդկանց համար ծայրահեղ աղքատությունը շարունակում է մնալ նրանց ապագայի միակ հեռանկարը:

Էրեբունի համայնքի թաղապետարանի ընդհանուր բաժնի պետ Հարություն Սարգսյանի խոսքերով` այդպիսի մարդիկ համայնքում շատ կան:

76-ամյա Հարություն Հարությունյանն իր կույր կնոջ` տիկին Շուշիկի հետ ապրում է նախկին խոհարարական ուսումնարանի ճաշարանում, որտեղ քնելուց առաջ ծածկվում են պոլիէթիլենե տոպրակներով, որպեսզի չթրջվեն առաստաղից կաթող անձրեւաջրերից:

Տան կենցաղային իրերը բերված են փողոցից, քանի որ մի քանի տարի առաջ ծերունիների տունը կողոպտել են եւ գողացել տանը եղած վերմակներն ու խոհանոցի պարագաները: Ջուր եւ սանհանգույց այստեղ չկա: Ծեր մարդիկ ապրում են բետոնե հատակի վրա, քնում հագուստով:

Ամբողջովին կուրացած կինը չի կարողանում խնամել «տունը», որովհետեւ ամբողջ օրը գամված է անկողնուն: Շաբաթը երկու անգամ` երկուշաբթի եւ չորեքշաբթի օրերին, ծերունին բարեգործական ճաշարանից երկու թթվասեր եւ երկու հատ նրբերշիկ է բերում: Մնացած օրերի ճաշացանկն անփոփոխ է` խաշած կարտոֆիլ եւ հաց: Սակայն ամենից շատ ծերունիներին ճնշում եւ վշտացնում է 35-ամյա որդու` Արթուրի հաշմանդամությունը: Վերջին տարիներին Արթուրի ոտքերը վերջնականապես անշարժացան: Ծերունիներն արդեն մի քանի տարի է սոցիալական նպաստ չեն ստանում: «Ես ի՞նչ իմանամ, մի օր ասացին, որ ինձ չի հասնում ու կտրեցին»,- հուսահատված ասում է Հարություն Հարությունյանը:

Էրեբունի համայնքի սոցիալական ծառայության տարածքային բաժնից տեղեկացանք, որ նրանք չեն էլ կարող համարվել նպաստառու: Պատճառը թոշակների ավելացումն է` ամուսնու թոշակը կազմում է 14.551 դրամ, իսկ կնոջինը` 9. 441 դրամ:

Բաժնի պետ Սիրանույշ Պողոսյանը նշեց, որ այժմ Էրեբունի համայնքում կա 3462 նպաստառու, եւ շատ թոշակառուներ դուրս մնացին այդ ցուցակից միայն այն պատճառով, որ նրանց թոշակներն ավելացան մի քանի հարյուր դրամով: Պետության համար ավելի շահեկան է ներկայացնել բարձր թոշակներ, քան շատ նպաստառուներ:

«Եթե կարիքավոր մարդիկ դուրս են մնում նպաստների ցուցակից, մենք փորձում ենք նրանց օգնել այլ ձեւերով: Օրինակ` շատ դեպքերում համայնքային աջակցության խորհրդի որոշմամբ եռամսյակը մեկ միանվագ օգնություն ենք տրամադրում սննդի կամ գումարի տեսքով: Բայց մենք չենք կարող նրանց մասին իմանալ մինչեւ իրենք չգան այստեղ»,- ասում է Սիրանույշ Պողոսյանը: Մեզ մոտ ընդունված չէ, որ սոցիալական աշխատողն ինքը գտնի այդ մարդկանց: Եթե չեն գալիս, ուրեմն չկան:

Գուրգեն Մահարի 127/2 հասցեում բնակվող մարդկանց համար ամենաառաջին դժվարությունը բնակտարածության պայմանների բարելավման խնդիրն է: Էրեբունի համայնքի թաղապետարանի ընդհանուր բաժնի պետ Հարություն Սարգսյանը նշում է, որ եղածը դա է, ազատ բնակարանային ֆոնդ համայնքը չունի: «Շենքերի պայմանների բարելավման հարցով պետք է զբաղվեն համատիրությունները, բայց շատ դեպքերում դա չի արվում միջոցների սղության պատճառով: Այդ դեպքում թաղապետարանն է աջակցում: Ես չգիտեմ ինչ պայմաններում է այդ շենքը, բայց հավատացնում եմ, որ վթարային շենքեր շատ կան համայնքում»,- ասում է պրն Սարգսյանը:

Հասմիկ Դավեյան Քրիստինե Խաչատրյան 

«Տասնյակ դիմումներ ենք գրել, որ գան տեսնեն, բայց չեն գալիս, որովհետեւ իրենց պետք չէ: Եթե իրականում հետաքրքրվեն, կպարզեն, որ մեր շենքն ամենավթարային վիճակում է: Եվ ընդհանրապես, նրանք չգիտեն մեր մասին կամ չեն ուզում իմանալ»,- ասում է Գուրգեն Մահարի 127/2 հասցեում բնակվող Հասմիկ Դավեյանը:

Հասմիկ Դավեյանի բնակարանի առաստաղը նույնպես փլվում է խոնավությունից: Նրա 9 տարեկան աղջիկը` Անին, նույնպես սովորում է Սովետաշենի թիվ 11 գիշերօթիկում: Անին փոքր ժամանակ վնասել է գլուխը եւ հիմա դժվարանում է կարդալ եւ գրել: «Շաբաթ եւ կիրակի օրերին ստիպված եմ տուն բերել, բայց չգիտեմ ոնց պահեմ: Տանը քնելու տեղ չունեմ»,- ասում է Հասմիկը:

Փողոցից գտնված անկողինը եւ վերմակ ու բարձ ծառայող մաշված հագուստի կտորները Ռուզաննայի միակ ունեցվածքն են: Ռուզաննան Գումի շուկայում հավաքարար է աշխատում: Նրա նախկին տունը հրդեհվել է, եւ նա հայտնվել է Գուրգեն Մահարի 127 հասցեում գտնվող շենքի վերջնահարկի քանդված սենյակում, որն իրենը չէ: Ամենից շատ նրան վշտացնում է այն, որ շուտով երկու տղաները կավարտեն Սովետաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկը եւ կհայտնվեն դրսում ու կդառնան անօթեւան: 5 տարեկան աղջկան արդեն տեղափոխել են Գավառի մանկատուն:

Խաչատրյան Քրիստինեի որդուն` 8-ամյա Մովսեսին, ծնողները ստիպված են ուղարկում Սովետաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոց: Մայրն անհանգստանում է, որ որդին, սովորելով մտավոր թերզարգացած երեխաների համար նախատեսված դպրոցում, մի քանի տարի հետո ետ կմնա իր հասակակիցներից: Բայց այլ ելք չունի: «Գիտեմ, որ դպրոցում գոնե սոված չի մնա ու քնելու տեղ կունենա...»,- ասում է Քրիստինեն:

Այս մարդկանց երեխաները ստիպված են սովորել մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված գիշերօթիկում, որպեսզի քնելու եւ հաց ուտելու տեղ ունենան, ծերունիները սնվում են բարեգործական ճաշարանի տված 100 գրամ թթվասերով եւ երկու բուլկիով, նրանց «բնակարանի» պատերին խոնավությունից սնկեր եւ մամուռներ են աճում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter