ՌԴ մաքսային ծառայության նվերը Հայաստանին` 141 տրանսպորտային միջոց
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագրով ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը Հայաստանի մաքսային համակարգին տրամադրել է տեխնիկական օժանդակություն` 141 տրանսպորտային միջոց, մասնավորապես «Լադա», «Ուազ», «Գազ» մակնիշի ավտոմեքենաներ:
Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարությունը: Տրանսպորտային միջոցների կիրառումը, ըստ ֆիննախի պաշտոնական հաղորդագրության, կնպաստեն մաքսային վարչարարության, հսկողական մեխանիզմների, իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՌԴ պատվիրակության հանդիպման ժամանակ քննարկվել են փոխգործակցության առկա հարցերն ու հեռանկարները: ՌԴ պատվիրակությունը ղեկավարել է դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կոմլիչենկոն:
Գագիկ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունների միջև միշտ եղել է ակտիվ համագործակցություն և սա հերթական դրսևորումն է` արդեն ԵԱՏՄ շրջանակում»: Շնորհակալություն հայտնելով ՌԴ պավիրակությանը, Գագիկ Խաչատարյանն ընդգծել է, որ սերտացվելու է համագործակցությունը մաքսային ծառայությունների միջև:
Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է նաև տրանսպորտային միջոցների հանձնման և ընդունման վերաբերյալ ակտ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել