
Հատուկ բլանկ՝ նշումներ չանելու համար
Լոռու մարզպետարանի «lori.region.am» կայքէջում նշված է, որ մարզպետ Արամ Քոչարյանը 2011 թ. անցած 2 ամիսների ընթացքում որպես աջակցություն մարզի առանձին բնակիչների արդեն մոտ 2 մլն դրամ է հատկացրել:
Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչությունից հայտնեցին, որ մարզի սոցիալապես անապահով բնակչությանը սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով պետբյուջեից 2011 թ. Լոռու մարզպետի ֆոնդին փոխանցվել է 20 մլն դրամ:
Իր կարգադրություններում մարզպետը նշել է, որ գումարները հատկացրել է համաձայն 2011 թ. «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի եւ ՀՀ նախագահի 1997 թ. մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին թիվ ՆՀ 728 հրամանագրի 1.6 կետի` նաեւ հաշվի առնելով զեկուցագիրը: Զեկուցագրերը կարգադրություններին կից տեղադրված չեն մարզպետարանի կայքում, կարգադրություններն էլ տեղեկություն չեն տալիս, թե ով է մարզպետի կողմից կանխիկ գումար ստացող անձը եւ ինչ նպատակով են գումարներ հատկացվել նրանց: Մինչդեռ այդ հատկացումները երբեմն պատկառելի գումարներ են եւ կատարվում են օրենքների խախտումներով:
Արամ Քոչարյանի այս տարվա հունվարի 27-ի թիվ 35` գումար հատկացնելու մասին կարգադրությամբ` միանվագ կարգով, որպես աջակցություն 608.000 դրամ կանխիկ գումար է տրամադրվել Սամվել Օդաբաշյանին: Մի քանի օր անց նրա մեկ այլ` 2011 թ. փետրվարի 2-ի թիվ 47 կարգադրությամբ 150.000 դրամ է հատկացվել նույն Սամվել Օդաբաշյանին` որպես աջակցություն:
Արամ Քոչարյանի փետրվարի 2-ի թիվ 43 կարգադրությամբ 80 հազար դրամ է հատկացվել Տիգրան Էվինյանին, թիվ 46 կարգադրությամբ` 50 հազար դրամ` Գայանե Խաչատրյանին, փետրվարի 4-ի թիվ 61 կարգադրությամբ 100.000 դրամ է հատկացվել Արամ Անանյանին եւ այսպես շարունակ:
Ովքեր են այս մարդիկ եւ ինչու է մարզպետը կանխիկ գումարներով աջակցել նրանց` կարգադրություններում չի նշվում: Մարզպետի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը աննպատակահարմար է համարում կարգադրությունների մեջ մարզպետից կանխիկ գումար ստացող անձանց ինքնության եւ գումարը հատկացնելու նպատակի մասին նշելը:
«Բլանկը հատուկ է, բլանկի վրա տեղ չկա անձի ինքնության եւ գումարը հատկացնելու նպատակի մասին նշելու համար»,- զավեշտական պատճառաբանությամբ փորձում է հիմնավորել նա:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը անտեղյակ էր պետբյուջեից բնակչությանը սոցիալական աջակցության նպատակով հատկացված գումարները նպատակային ծախսելու մասին օրենքի պահանջին: Կարգադրությունները կայքէջում տեղադրելու նպատակը պետական միջոցների ծախսման թափանցիկությունն ապահովելն է եւ հանրությանը իրազեկելը:
«Դա մարզպետի ֆոնդն է, բայց չգիտես ինչու` գրվում է սոցիալական, բայց դե ամեն ինչի համար էլ ծախսվում է»,- ասաց աշխատակազմի ղեկավարը:
Աշոտ Մանուկյանից նաեւ տեղեկացանք, որ Սամվել Օդաբաշյանը Լոռու մարզպետարանի տնտեսական բաժնի ղեկավարն է: Նրան հատկացված 758.000 դրամն էլ տրամադրվել է մարզպետարանի կոլեկտիվի համար Նոր տարվա տոնակատարություն կազմակերպելու եւ Սոս Սարգսյանի ծննդյան տոնակատարության հետ կապված հյուրանոցային ծախսերի համար:
Մարզպետի աշխատակազմի ղեկավարը մեզ ցույց տվեց 2 քաղաքացիների այլ դիմումներ` կցված զեկուցագրերով: Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղի բնակիչ Արտուշ Մակինյանը, ում բնակարանը մեկ ամիս առաջ հրդեհվել է, ֆինանսական աջակցություն էր խնդրել մարզպետից:
Երկրորդ դիմումով Վանաձորի Խորենացի 2/1 շենքի 29 բնակարանի բնակչուհի Վիկտորյա Բալայանը մարզպետին հայտնել էր. «Երեխաս բուժման կարիք ունի, խնդրում եմ հնարավորության սահմաններում հատկացնել օգնություն»:
Վիկտորյա Բալայանի դեպքում սոցիալական օգնության համար մարզպետի հնարավորությունը եղել է 15 հազար դրամ: Իսկ հրդեհված բնակարանի սեփականատեր Արտուշ Մակինյանին մարզպետը նպատակահարմար էր գտել օգնել 25 հազար դրամով, այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերից ձեւավորված պետական բյուջեի միջոցներից հատկացված 20 մլն դրամը հենց մարզի սոցիալապես անապահով բնակիչներին հավուր պատշաճի աջակցելու համար է հատկացված, ոչ թե խնջույքների եւ հյուրանոցային ծախսերի համար:
Պետբյուջեից հատկացված գումարը մարզպետի սեփականությունը չէ, ինչպես կարծում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը:
Մեկնաբանել