Արհեստական խոչընդոտներ Հակոբ Հակոբյանի թեկնածությունը գրանցելու համար
Թիվ 19 (Էջմիածին) ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանին քիչ էր մնում դուրս թողնեին խորհրդարանական ընտրությունների պայքարից. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ( ԸԸՀ ) ապրիլի 4-ին պատրաստվում էր մերժել Հակոբյանի գրանցումը որպես պատգամավորության թեկնածուի:
ԸԸՀ-ն ուզում էր դա անել թեկնածուների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը` արհեստականորեն զրկելով թեկնածուին ի հայտ եկած անճշտությունը շտկելու` օրենքով իրեն ընձեռված հնարավորությունից:
Հակոբյանի թեկնածությունն առաջադրող նախաձեռնող խմբի անդամներից երկուսը դիմել են թիվ 19 ԸԸՀ` ասելով, թե իրենք նախաձեռնող խմբի անդամներ չեն, եւ որ իրենց ստորագրությունները կեղծված են: Այս դիմումը հաշվի առնելով` ԸԸՀ-ն մերժելու էր գրանցել Հակոբյանին որպես պատգամավորության թեկնածու: Սակայն, համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի ( ԸՕ ) 105 հոդվածի 3-րդ կետի, նախաձեռնող խմբի ցուցակների օրինականությունը ստուգվում է գրանցող ընտրական հանձնաժողովի կողմից 2-օրյա ժամկետում ( Հակոբյանն առաջադրվել է փետրվարի 26-ին ): Թիվ 19 ԸԸՀ-ն խախտել է նաեւ ՀՀ ԸՕ-ի 108 հոդվածի պահանջը, ըստ որի անճշտության դեպքում այդ մասին առաջադրվածին գրավոր տեղյակ է պահվում 48 ժամվա ընթացքում` անճշտությունը վերացնելու նպատակով:
Իր թեկնածության գրանցման հետ կապված խնդիրները պարզաբանելու համար ԸԸՀ եկած Հակոբ Հակոբյանը թիվ 19 ԸԸՀ-ի նախագահ, ՀՀԿ Էջմիածնի տարածքային կառույցի ղեկավար Մեսրոպ Քարտաշյանին գրասենյակում չի գտել: «ԸԸՀ-ի նախագահ Մոսոյի` Զվարթնոցի տան բակում մի ամբողջ գիշեր պահակ ենք կանգնել, որ գա ու բացատրի իր ստորության դրդապատճառը: Բայց տուն չեկավ. ը՛չ այդ գիշեր, ո՛չ էլ հաջորդ առավոտ: Թե ում հետ ինչ ծրագրեր էր կազմում, չիմացանք»,- ասում է Հ. Հակոբյանի թիմակիցներից Կ. Խաչիկյանը: Ըստ նրա` անհետ կորել են նաեւ իրենց ստորագրություններից հրաժարված նախաձեռնող խմբի երկու անդամները` Վանիկ Ղազարյանն ու Հմայակ Վարդանյանը: «Նրանց հետ Հակոբյանը ոչ միայն խնդիրներ չուներ, այլեւ լիովին վստահում էր: Այնպես որ, նրանք չէին կարող ինքնակամ հրաժարվել իրենց ստորագրություններից: Երբ հասկացանք, որ տղաներին փնտրելն իզուր է, գրավոր դիմեցինք Էջմիածնի ոստիկանապետին` նրանց որոնելու խնդրանքով»,-ասում է Խաչիկյանը:
Թիվ 19 ԸԸՀ նախագահին երկար ժամանակ թաքնվել չհաջողվեց: Հանձնաժողովի կենտրոնական գրասենյակի առջեւ հավաքված բազմության պահանջով նա հայտնվեց ու անմիջապես հանձնաժողովի նիստ հրավիրեց, որին լրագրողներից բացի նաեւ դիտորդներ էին մասնակցում: Համաձայն Ընտրական օրենսգրքի` նախաձեռնող խմբի անդամների թիվը 50-ից պակաս չպետք է լինի, Հակոբյանի դեպքում նրան առաջադրող խումբը 60 հոգուց էլ շատ է եղել: Դա հնարավորություն է տալիս անգամ երկուսի հրաժարականի դեպքում նրան գրանցել որպես թեկնածու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել