Կառավարությունը դեմ է բազմազավակ մայրերի կենսաթոշակի բարձրացմանը
Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը` օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ են ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք նախագիծը: Կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծին, ինչի վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գրություն է ուղարկել Ազգային ժողով:
Պատգամավորները նախագծով առաջարկում էին կենսաթոշակ նշանակելիս չորս զավակ ունեցող կենսաթոշակառու մայրերի համար հաշվարկված կենսաթոշակին ավելացնել նախատեսված կենսաթոշակի 20%-ը, հինգ զավակներ ունեցող մայրերինը` 40%-ը, իսկ վեց և ավելի զավակներ ունեցող մայրերին` 60%-ը: Ըստ նախագծի հեղինակների լրացված օրենքի ընդունումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծնելիության աճի համար:
Կառավարությունը մերժում է նախագիծը` նշելով. «Մեր կարծիքով, 30-40 տարի հետո կենսաթոշակին տրվող հավելման ակնկալիքը չի կարող դիտարկվել որպես ծնելիությունը խթանող ազդակ»:
ԱԺ նախագահ Գալուստ Սայակյանին ուղղված նամակում նշված է, որ որ ժողովրդագրական վիճակի զարգացումը արդեն իսկ գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում:
Որպես ծնելիության խթանմանը միտված ծրագրեր կառավարությունը հիշեցնում է երկու ծրագիր.
- Մասնավորապես, սկսած 2014 թվականի հունվարի 1-ից` 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվեց 1 մլն դրամ, իսկ 5-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1.5 մլն դրամ: Ընդ որում, 500 հազար դրամը վճարվում է առձեռն, իսկ մնացած գումարը (համապատասխանաբար` 500 հազար դրամ և 1 մլն դրամ) փոխանցվում է երեխայի անվամբ բացված պետական աջակցության հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ:
- Սկսած 2016 թվականի հունվարի 1-ից` աշխատող կանանց համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու 140-օրյա ժամանակահատվածի համար մայրության նպաստկ վճարվի նաև չաշխատող կանանց:
Ամենատարբեր ուսումնասիրությունները, ինչպես գրված է կառավարության հիմնավորման մեջ, ցույց են տալիս, որ դրամական վճարներն որպես գործոն ծնելիությունը խթանող առաջնային դիրքերում չեն: Չի մանրասմասնվում, թե ինչ ուսումնասիրությունների մասին է խոսքը:
Բացի այդ նշվում է, որ ներկայացված նախագիծը չի բխում կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականության էությունից:
«Այսպես, վերջին տարիներին իրականացված աշխատանքները միտված են եղել կենսաթոշակի նկատմամբ սահմանված հավելումների ներառմանը կենսաթոշակի չափի մեջ՝ նպատակու նենալով ապահովել կենսաթոշակային ապահովության համակարգի համապատասխանությունը ձևավորված սոցիալտնտեսական իրողություններին և «կենսաթոշակ» եզրույթի բովանդակությանը:
Մասնավորապես, կենսաթոշակային ապահովության համակարգը պետք է եկամտով ապահովի լրակեցության (որոշակի տարիքի հասնելու), հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքերում: Կենսաթոշակը նախ և առաջ անձի աշխատանքային գործունեության արդյունք է, իսկ կենսաթոշակային համակարգի համար լրացուցիչ գործառույթներ սահմանելը (կենսաթոշակային ապահովության համակարգի շրջանակներում այլ խնդիրների լուծմանը միտված արտոնությունների տրամադրումը) էական բացասական ազդեցություն է ունենում համակարգի արդյունավետության և ֆինանսական հավասարակշռվածության վրա:
Ըստ այդմ, 2014 թվականի հունվարի 1-ից սոցիալական կենսաթոշակները վերանվանվեցին ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ»,- տեղեկացնում է կառավարությունը:
Հարկ է նաև նկատի ունենալ, գրված է նամակում, որ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձի կենսաթոշակի չափը ձևավորվելու է կուտակային համակարգում, այն ինչ խնդրո առարկա փոփոխությունն անմիջականորեն ազդելու է կենսաթոշակային տարիքի և դրան մոտ անձանց վրա:
Կառավարությունը նշել նաև, որ նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որը նախատեսված չէ ինչպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծով, այնպես էլ ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:
Օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես կգա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Եթե նախագծի ընդունվի, դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ եռամսյա ժամկետում կկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել