HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիդերլանդների նորանշանակ դեսպանը հանձնել է հավատարմագրերը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաուման (նստավայրը` Թբիլիսի): Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հայ-նիդերլանդական քաղաքական երկխոսության առավել ամրապնդման տեսանկյունից, Սերժ Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի հաճախակի փոխայցերն ու հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, նոր հնարավորություններ կբացեն նաև տնտեսական համագործակցության զարգացման համար:

Համակարծիք լինելով, որ առևտրատնտեսական փոխգործակցությունը երկկողմ օրակարգի կարևոր մաս է կազմում, և Նիդերլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում, ՀՀ նախագահը և Նիդերլանդների դեսպանն ընդգծել են այդ ոլորտում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների կառավարությանը՝ ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխշահավետ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման գործում ԵՄ հիմնադիր անդամ Նիդերլանդների դերակատարությանը:

Սերժ Սարգսյանը և դեսպան Դաուման մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter