Ինչպես «այո»-ի քվեաթերթիկներն ավելացան ընտրատեղամասի հոսանքազրկումից հետո
Անժելա Պողոսյան, Հերմինե Վիրաբյան
Հաղթանակ թաղամասի 7/14 տեղամասում քվեատուփը բացելուց հետո հեռախոսազանգերը չէին դադարում: Դրանց հաջորդում էին «Դե մի թիվ ասեք, սիրտս ճաքավ արդեն», «Ստեղ ոնց ուզում ենք, տենց ա լինում, հանկարծ խաղեր չտաք» և նման արտահայտությունները հանձնաժողովի անդամների, ՀՅԴ և ՀՀԿ վստահված անձանց կողմից:
Մոտ 2 ժամ անց, երբ «ոչ»-ի քվեաթերթիկները չէին զիջում «այո»-ների թվին, էլեկտրաէներգիան անջատվեց:
Տեսագրության մեջ երևում է, որ մինչև հոսանքազրկումը «ոչ»-ի քվեաթերթիկները ավելի շատ էին, մինչդեռ էլեկտրաէներգիայի՝ անջատվել-միանալուց հետո դրանց թիվը նվազում է:
Մոտ 20 րոպե տևած հոսանքազրկման ժամանակ փորձեցինք ճշտել՝ արդո՞ք որևէ տեղեկություն կա, թե երբ է լուսավորության հարցը լուծվելու: ՀՀԿ վստահված անձ Արսեն Հակոբյանը և «բարևող մարդ», իսկ ավելի ուշ` ՀՅԴ վստահված անձ ներկայացած Սուրիկ Վարդանյանը բորբոքվեցին, սկսեցին գոռալ, ճնշում գործադրել լրագրողների և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդի վրա՝ պահանջելով հեռու գնալ քվեատուփից, չլուսավորել տարածքը, նկարել նստած տեղից:

Մութ ժամանակ հանձնաժողովի անդամները և վստահված անձինք պարբերաբար ներս ու դուրս էին անում տեղամասում, մինչդեռ երբ դռան ետևում նկատեցինք հավաքված այլ երիտասարդների և դուրս եկանք նկարելու, Սուրիկ Վարդանյանը բորբոքվեց. «Դու ի՞նչ իրավունք ունես դուրս գալու: Ես քեզ չեմ վստահում, կարողա գնացել ես քվեաթերթիկ բերես: էլ չտենամ դուրս գաս»:
Դռան ետևում էին հավաքված այն տղաները, ովքեր օրվա ընթացքում տարբեր ժամերի տեղամասում ելումուտ էին անում: Մեր այն հարցին, թե ո՞վ է նրանց համար դռները բացել, ոստիկանության 3 աշխատակիցները պատասխանեցին. «Մենք տեղյակ չենք, մենք մենակ փակում ենք դռները ու գնում մեր սենյակ, հետո ինչ լինում է` պատասխանատու է հանձնաժողովի նախագահը»:
Ելումուտ անողներից էր նաև հանձնաժողովի անդամ Հայկ Խաչատրյանը, ով մի քանի անգամ դուրս եկավ, վերադարձավ իր տեղը՝ բերելով նոր քվեաթերթիկներ «այո»-ների համար:

7/14 ընտրատեղամասը տեղակայված էր Հաղթանակ թաղամասի թիվ 80 մանկապարտեզում: Մանկապարտեզի տնօրենն է «Հաղթանակ» թաղամասի ՀՀԿ սկզբնական կազմակերպության նախագահ, Երևանի ավագանու անդամ Գևորգ Նորիկի Խաչատրյանի քույրը՝ Հայարփի Խաչատրյանը: Վերջինս իր մոր՝ Սևիլ Պապոյանի հետ, ով ՀՀԿ վստահված անձ էր, ամբողջ ժամանակ ընտրատեղամասում էին, զրուցում էին քաղաքացիների հետ, առանձնանում մանկապարտեզի տարբեր մասերում:
Հիշեցնենք, որ այս տեղամասում հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված էր 1992 և լրացուցիչ ցուցակներում` 2 քաղաքացի, որոնցից ընտրություններին մասնակցել է 795-ը: Արդյունքները հետևյալն էին՝ 572 «Այո», 91 «Ոչ» և 132 «Անվավեր»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել